21/05/2025

Ինչպես է Բաքուն աշխարհով մեկ օգտագործում Հեյդար Ալիևի արձանները

Աշխարհի բազմաթիվ այլ մայրաքաղաքների հետքերով և օրինակով Մոսկվայում շուտով կհայտնվի Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը, որի հիմքի առաջին քարը դրվել է 2 երկրի բարդ հարաբերությունների ֆոնին՝ այս տարվա մարտին:

Ադրբեջանի ներկայիս առաջնորդ Իլհամ Ալիևի հոր՝ նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի կերպարը Բաքուն արդեն ավելի քան 2 տասնամյակ օգտագործում է սեփական երկրում որպես պաշտամունքի առարկա, իսկ աշխարհով մեկ՝ որպես դիվանագիտական գործիք, որի մասին քիչ է խոսվում:

Հիրավի, ուշագրավ է կանգնեցնել սեփական հոր արձանը, փառաբանել վերջինիս տարին մի քանի անգամ, նրա հիշատակության օր սահմանել օրացույցում, արձանի քարն ու գրանիտը կուռք ու երկրպագության առարկա սարքել սեփական ժողովրդի համար և զենք՝ դիվանագիտական հարաբերություններում:

Սկզբում՝ Մոսկվայում տեղադրվող արձանի մասին

Նախ նշենք, որ Հեյդար Ալիևի արձանը ՌԴ-ում կանգնեցվել է վաղուց, ընդ որում՝ ոչ մեկ օրինակից, սակայն մայրաքաղաք Մոսկվայում այն չկար:

Մոսկվայի Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններին Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձան կանգնեցնելու խնդրանքով դիմել է  Բայկալ-Ամուր մայրուղու շինարարների համայնքը (ԲԱՄ):

«Հեյդար Ալիևը վերահսկում էր այս շինարարական նախագիծը, կարծես դա իր սեփական երեխան լիներ», – ասել է Ռուսաստանի վետերանների միության փոխնախագահ Ալեքսանդր Բիչկովը Առաջին ալիքի ռեպորտաժում:

Սոբյանինի խոսքով՝ ԲԱՄ-ի աշխատակիցների խնդրանքը ստացվել է անցյալ տարի՝ Բայկալ-Ամուր մայրուղու շինարարության 50-ամյակի տարում։ Արձանը կտեղադրվի Ադրբեջանի դեսպանատան հարակից այգում, առաջին հիմնաքարը դրվել է մարտի 4-ին։

Սա հենց այն շրջանն էր, երբ Մոսկվան փորձում էր հարթել հարաբերությունները Բաքվի հետ անցյալ տարեվերջին Ակտաուի մոտ կործանված Գրոզնի թռչող AZAL ինքնաթիռի դեպքից հետո:

Ադրբեջանը, հիշեցնենք, վստահ է և պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Իլհամ Ալիևից «ողբերգական միջադեպի» համար, սակայն չի ընդունել Ռուսաստանի պատասխանատվությունը։

Այդ ժամանակից ի վեր Բաքվում փակվեց ռուսական մշակութային «Ռուսական տունը» և ռուսական պետական Sputnik գործակալության ներկայացուցչությունը, իսկ ադրբեջանական տեղեկատվական դաշտում կրկին բորբոքվեց ռուսական դպրոցների փակման մասին քննարկումը։

Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնաքարի տեղադրումը «կարևոր մշակութային և հումանիտար իրադարձություն» կլինի երկու երկրների համար, ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փառաբանելով Ադրբեջանի նախկին նախագահին ու նշելով. «Մեր երկրում մենք պահպանում ենք հիշողությունը և մեծ ջերմությամբ ու հարգանքով ենք վերաբերվում այս պայծառ, արտասովոր, տաղանդավոր մարդուն ու պետական գործչին»։

Ալիև ավագի արձաններն աշխարհում ամենուր են

Ադրբեջանի հանգուցյալ նախագահի «հիշատակը պահպանվում է» ոչ միայն Ռուսաստանում. նա հուշարձանները սկսել են հայտնվել ամբողջ աշխարհում Ալիևի մահից անմիջապես հետո՝ 2003 թվականից սկսած։

Հուշարձաններ են տեղադրվել սերբական Բելգրադում և Նովի Սադում, Բուխարեստում, Անկարայում, Կիևում, վրացական Թբիլիսիում և Ռուսթավիում, Կանադայում, Եգիպտոսում և Մեքսիկայում, ՌԴ Աստրախան և Ուլյանովսկ քաղաքներում, Գրոզնիում:

Ինչու՞ են դրանք կանգնեցվում

BBC-ն գրում է, որ 2007 թվականի վերջին Բաքվի արվարձանում հայտնվեց Եգիպտոսի այն ժամանակվա նախագահ Հոսնի Մուբարաքի հուշարձանը, իսկ մի քանի ամիս անց, հայելային կերպով Կահիրեի մոտ բացվեց Հեյդար Ալիևի հուշարձանը։

Մեկ տարի անց Մուբարաքի կինը՝ Սյուզաննան, այցելեց արձանի կողքին գտնվող դպրոց և ասաց, որ այն առաջարկում է հատուկ դասընթաց երկու առաջնորդների «ժառանգությունների ուսումնասիրության» վերաբերյալ։

Հեյդար Ալիևի՝ հնարավորինս շատ արձանների տեղադրումը դարձել է ժամանակակից ադրբեջանական պետության արտաքին քաղաքական նպատակներից մեկը՝ ընդգծել Ադրբեջանի ներկայությունը այլ երկրներում նոր հուշարձաններով:

Այն երկրները, որոնք ցանկանում են որոշակի տնտեսական նախապատվություններ ունենալ Ադրբեջանի հետ հարաբերություններում, պատրաստ են դա անել, իսկ Բաքուն շատ դեպքերում արձանի տեղադրումն օգտագործում է որպես խայծ:

Ուշագրավ է, որ 2011 թվականին Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո Կահիրեում ապամոնտաժվել է Ալիևի հուշարձանը, Բաքում պատասխանել է նույնկերպ՝ ապամոնտաժելով Մուբարաքի հուշարձանը։

2004 թվականին էլ Թբիլիսիում է հայտնվել Հեյդար Ալիևի հուշարձանը։ Նրա պատվին վերանվանվել է նաև Քուռի ամբարտակի մի մեծ հատված։

Այն ժամանակ Վրաստանը ղեկավարում էր Միխեիլ Սաակաշվիլին, ով ջերմ հարաբերություններ ուներ Իլհամ Ալիևի հետ։ Բացի այդ, Վրաստանն ու Ադրբեջանը ամուր հարաբերություններ ունեն նավթի, գազի և միջազգային հաղորդակցության ոլորտներում։

Բոլորը չէ, որ գոհ են

«Պարոն Ալիևի արձանը կասկածելի և անհասկանալի բարձր պատիվ է Մեխիկոյի համար, երբ Մեխիկոն ոչինչ պարտք չէ Ալիևին». այսպիսի սահմանում է տվել 2013 թվականին Մեքսիկայի մայրաքաղաքի միջազգային հարաբերությունների համակարգող Կուաուտեմոկ Կարդենասին։

Դրան նախորդել էր հուշարձանի դեմ հասարակական արշավը։ Քննադատներից մեկն ասել էր, որ կարդացել է  New York Times-ում Ալիևի մահախոսականը, որում նա նկարագրվում է որպես «խորհրդային հետախուզության նախկին գեներալ, որը երկաթե բռունցքով պահել է Ադրբեջանը 30 տարի՝ սկզբում որպես խորհրդային առաջնորդ, իսկ հետո՝ որպես ընտրված նախագահ»:

Ադրբեջանի դեսպանատունը բողոքել է Մեխիկոյի դժգոհություններից: Փաստն այն է, որ Բաքուն ֆինանսավորել է ոչ միայն Ռեֆորմի պողոտայում արձանի կառուցումը, այլև մոտակա այգու բարեկարգումը, որի վրա, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, ծախսվել է մոտ 5 միլիոն դոլար։

Ինչպես այն ժամանակ BBC-ին տված հարցազրույցում ասել է Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը, հուշարձանի կառուցումը և այգու վերակառուցման աշխատանքները երախտագիտության նշան էին Մեքսիկային Ադրբեջանի անկախությունն առաջիններից մեկը ճանաչելու համար:

Հուշարձանն ապամոնտաժմվել է, իսկ դրան ի պատասխան՝ հաղորդվել, որ Բաքուն սառեցրել է Մեքսիկայում ծրագրված ներդրումները գրեթե 4 միլիոն դոլար արժողությամբ նախագծերում:

Արձանները կանգնեցվում են Բաքվի ֆինանսավորմամբ՝ միլիոնների ներդրումներին զուգահեռ

Երկրները պատրաստ են ընդունել Ալիևի հուշարձանները ոչ միայն դիվանագիտական փոխադարձության շրջանակներում, այլև, հավանաբար, այն պատճառով, որ հուշարձանը հաճախ տեղադրվում է մի քանի միլիոն դոլար արժողությամբ ներդրումներով՝ շրջակա տարածքի բարեկարգում, այգու հիմնում կամ պողոտայի բարեկարգում:

Աստրախանի թմբի վրա, օրինակ, հուշարձանի կողքին, ադրբեջանական փողերով կառուցվել է Բարեկամության հետիոտնային կամուրջ և Հեյդար Ալիևի անվան հրապարակը։ Կամուրջն Ադրբեջանին արժեցել է մոտ 1,3 մլն դոլար։

Կիևում արձանի կողքին արևելյան ոճի որմնանկարով, շքեղ աստիճաններով և շատրվանով այգի է բացվել ։ Շինարարությունը ֆինանսավորել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, բացմանը ներկա է եղել նրա նախագահը։

Բելգրադում Ալիևի հուշարձանը գտնվում է Թաշմաջդան զբոսայգում, որը ևս վերակառուցվել և ռեստավրացվել է Ադրբեջանի միջոցներով։

Կուռք դարձած առաջնորդը

Ադրբեջանցի ընդդիմադիրները, ովքեր փախել են բռնաճնշումներից, պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում Եվրոպայում՝ պահանջելով քանդել Ալիևի հուշարձանները աշխարհով մեկ:

Սեփական հայրենիքում, առանց բացառության բոլոր քաղաքներում կան Հեյդար Ալիևի հուշարձանները։ Ադրբեջանօ օդանավակայանները, այգիները, մզկիթները, սպորտային համալիրները, գործարանները, դպրոցները և շատ ավելին անվանակոչվել են նրա պատվին։

Հեյդար Ալիևը երկրի անցյալի միակ առաջնորդն է, ում հիշատակը թույլատրվում է հարգել հրապարակայնորեն։ Իր կենդանության օրոք 1918 թվականին Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեն ևս մեծ հեղինակություն է վայելել, բայց Իլհամ Ալիևի օրոք նրա հուշարձանները քանդվում են՝ միակ առաջնորդ թողնելով Ալիև ավագին:

Ոչ բոլոր ադրբեջանցիներն են սիրում Ալիևի անձի պաշտամունքը, սակայն դրա դեմ բողոքելը երկրում խիստ վտանգավոր է:

Մայիսի 10-ը՝ Հեյդարի ծննդյան օրը, երկրում ազգային տոն է, որը կոչվում է «Ծաղկի տոն»։ 2016 թվականին՝ տոնակատարություններին նախորդող գիշերը, երկու տեղացի հուշարձանի վրա գրել էին «Շնորհավոր ստրուկների օրը»։

Հենց հաջորդ առավոտյան ոստիկանները հետաքրքիր զուգադիպությամբ նրանցից մեկի մոտ երկու կիլոգրամ հերոին են հայտնաբերել, մեղադրվել է նաև մյուսը և «հերոինի գործի» անվան տակ, իսկ իրականում՝ արձանի վրա գրության պատճառով այդ 2 տեղացին՝ Մամեդովն ու Իբրահիմը, բանտում անցկացրել են 3 տարի։

Զավեշտ է նաև, որ Հեյդար Ալիևի ոչ պաշտոնական տիտղոսներից մեկը Ադրբեջանում «ժողովրդական առաջնորդ»-ն է, բայց Բաքվում այս «ժողովրդական» առաջնորդի յուրաքանչյուր հուշարձանի մոտ 24-ժամյա հսկողություն է իրականացվում:

Ալիևը՝ դրամատուրգների, երաժիշտների և բանաստեղծների փոխարեն

Որոշ վրացիներ Հեյդար Ալիևի փոխարեն կնախընտրեն տեսնել երկու երկրում հայտնի ադրբեջանցի ջազ երաժիշտ Վագիֆ Մուստաֆա-զադեի հուշարձանը, ով բազմաթիվ կապեր ուներ Թբիլիսիի հետ:

2011 թվականին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության խմբագիր Չինգիզ Սուլթանսոյը բաց նամակ է ուղարկել ԱԳՆ՝ հարցնելով, թե ինչո՞ւ է երկիրը ադրբեջանական մշակույթը, օրինակ՝ բանաստեղծներին քարոզելու փոխարեն, ամբողջ աշխարհում Ալիևի հուշարձաններ կանգնեցնում։

Նա պատասխան չի ստացել, և 2015 թվականին՝ «Ազատության» բյուրոյի փակումից անմիջապես հետո, ճնշումների ներքո Սուլթանսոյը փախել է Եվրոպա։

«Այս կառավարության նպատակը ոչ թե Ադրբեջանի առաջխաղացումն էր, այլ ռեժիմը լեգիտիմացնել: Բռնապետերի հուշարձանները վաղ թե ուշ հակված են տապալվելու, նույնիսկ նրանք, որոնց համար միլիոններ եք տվել և վարկեր եք խոստացել։ Եթե նպատակն այլ լիներ, Մեխիկոյում կլիներ միջնադարյան բանաստեղծ Նասիմիի հուշարձանը»,- ավելի ուշ ասել է Սուլթանսոյը։

Ուկրաինան, օրինակ, ավանդաբար աջակցում է բանաստեղծ Տարաս Շևչենկոյի հուշարձանների տեղադրումը, ինչպես օրինակ Բաքվում 2008 թվականին տեղադրվածը:

Իսկ Սերբիան ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի հուշարձանն է կանգնեցրել Ադրբեջանի մայրաքաղաքում 2012 թվականին՝ Հեյդար Ալիևի արձանի՝ Բելգրադում հայտնվելուց մի քանի ամիս անց։

Նկատենք՝ սեփական անձասիրության փառաբանման և բռնատիրության քարոզի նմանվող արձանների տեղադրման այլ օրինակներ էլ կան:

Օրինակ՝ արտասահմանում կան նաև Հեյդար Ալիևի Կոմկուսի Կենտկոմի գործընկերոջ և Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանները։ Նրա հուշարձանը կանգնեցվել է 2005 թվականին Ուկրաինայի Կամենսկոյե քաղաքում, որտեղ Նազարբաևը սովորել է տեղի արհեստագործական ուսումնարանում, երբ 17 տարեկան էր։ Իսկ 2012 թվականին նրա բրոնզե կիսանդրին հայտնվել է Մոլդովայի Կոմրատ քաղաքում։

Ադրբեջանի եղբայրական երկրում՝ Թուրքիայում, նույնպես գոյություն ունի մահացած առաջնորդի անձի պաշտամունք։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը համարվում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը, նրա արձաններն ամենուր են, երկրում Աթաթուրքի անվանական օր և տոն կա։ Նրա հուշարձանները կան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Կուբայում։

Ինքը՝ Կուբան, նույնպես գովազդում է իր հանգուցյալ առաջնորդի հուշարձանները այլ երկրներում: Ֆիդել Կաստրոյի հուշարձաններ կան Մեխիկոյում և Մոսկվայում։

Վլադիմիր Պուտինի հուշարձաններ ևս կան արտասահմանում։ 2019 թվականին Ղրղզստանի իշխանություններն իրենք են կանգնեցրել նրա հուշարձանը, իսկ մինչ այդ լեռնագագաթն անվանակոչել են նրա անունով։ Հարավային Օսիայում ՌԴ նախագահի հուշարձանը կանգնեցրել է ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Ջամբոլատ Թեդեևը։

Այս տվյալներին զուգահեռ, որևէ պետություն և առաջնորդ, սակայն, չունի այնքան անձային պաշտամունք և անձի փառավորում, որքան Ադրբեջանն է և Հեյդար Ալիևի որդի Իլհամը: