22/05/2025

Ռուբեն Մխիթարյանը Վարդան Ղուկասյանին վերագրվող «թալանի» գործը փորձում է կասկածի տակ չդնել «էս պահին»

Գյումրիի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստն ավարտվեց Սարիկ Մինասյանի և Վարդան Ղուկասյանի քաղաքավարական ձեռքսեղմումով։ Երբեմնի քաղաքական մրցակիցները հարգանքի, համերաշխության այս ժեստով թերևս ազդարարեցին՝ տրամադրված են ավագանու կազմում կառուցողական աշխատանքի։

Ձեռքերը վեր պարզելու միջոցով էլ ավագանու Կոմունիստական կուսակցության խմբակցությունը կողմ քվեարկեց ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածուներին։ Իսկ այ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» խմբակցությունն իր վեր պարզած ձեռքերով «դեմ» արտահայտվեց հիշյալ հանձնաժողովների նախագահների պաշտոններում ՔՊ-ական թեկնածուների ընտրությանը։

Մխիթարյանն էր, չէ՞, նախընտրական շրջանում հայտարարել իր ու ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերի պլան «մաքսիմում»-ի մասին՝ զրկել ՔՊ-ին իշխանությունից։ Բայց ստացվեց այնպես, որ ընտրությունների արդյունքում գյումրեցիների մաքսիմալ ձայներն ստացավ ՔՊ-ն և իշխանություն կդառնար, եթե ընդդիմադիր ուժերը գործի չդնեին «պլան b»-ն կամ «с»-ն՝ Ղուկասյանին դարձնելով քաղաքապետ։ Ինչևէ, համայնքի կառավարման մարմնում ՔՊ-ն ունի մաքսիմալ ներկայություն՝ 14 մանդատ, բայց մինիմալ պաշտոններ՝ մշտական գործող երկու հանձնաժողովների նախագահ և երկու նախագահի տեղակալ։

ՔՊ-ական բոլոր թեկնածուներին միաձայն «դեմ» քվեարկելու որոշումը տեղավորվում է Գյումրին ՔՊ-ից մաքրելու, ՔՊ-ին իշխանազրկելու տրամաբանության մե՞ջ, որի մասին ինքը՝ Մխիթարյանը, հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ ավագանու նիստից հետո հարցրինք Մխիթարյանին։ «Նաև»,- ասաց ավագանու նորաթուխ անդամն ու հավելեց՝ տեսել է, թե իրենից ինչ է ներկայացնում ՔՊ-ի կադրային քաղաքականությունը, որից, նրա հիշեցմամբ, բողոքում է անձամբ երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ հզոր համայնք»-ը, այսուհանդերձ, պատրաստ է աշխատել ՔՊ-ի հետ ավագանու կազմում՝ «կողմ» քվեարկել բոլոր այն ծրագրերին, որոնք լինելու են ի շահ քաղաքի։ «Հիմա եթե նույնիսկ ՔՊ-ն միամիտ երկնի այնպիսի մի օրինագիծ, որն ի նպաստ քաղաքի է լինելու, իհա՛րկե, հո մենք հոգեկան հիվանդ չե՞նք՝ դեմ քվեարկենք»։

«Դեմ» չքվեարկելը դեռ կտեսնենք, բայց Ռուբեն Մխիթարյանը «դեմ» չէ, նույնիսկ «կողմ» է, որ ավագանիում ձևավորվի ժամանակավոր հանձնաժողով, որը ձեռնամուխ կլինի դեռ 2020 թվականին արած իր առաջարկի իրագործմանը։ Հիշեցնենք՝ Մխիթարյանն առաջարկել էր մի հանձնաժողով ձևավորել և մեկընդմիշտ վերջ դնել տարիներ շարունակ շրջանառվող «օդից կախված» լուրերին, թե՝ Գյումրին թալանել են երկու հոգի՝ Վարդան Ղուկասյանն ու Անդրանիկ Քոչարյանը։ «Դուք տեղյակ եք, որ պարոն Ղուկասյանը մի քանի քրեական գործով անցնում է, ես չեմ կարծում, որ Գյումրու քաղաքապետարանի ձևավորած հանձնաժողովը շատ ավելի արդյունավետ է լինելու, քան ՀՀ քննչական մարմինները։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, այո, չեմ բացառում նման բան։ Էս պահին փորձում եմ կասկածի տակ չդնել ՀՀ քննչական մարմինների աշխատանքը»:

Ի դեպ, Մխիթարյանը ավագանիում քաղաքական ճգնաժամի նախադրյալներ չի տեսնում՝ Ղուկասյանին քաղաքապետ ընտրած ընդդիմադիր երեք խմբակցությունները նախորդ երեք նիստերի ժամանակ քվորում ապահովել են։ Թե ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամանակը, չի բացառվում, որ երեք մանդատ ունեցող «Իմ հզոր համայնք»-ն էլ ինչ-որ պահի բոյկոտի «ժանրն» ընտրի։ Խմբակցությունը, սակայն, նախատրամադրված է ոչ թե նման գործելաոճին, այլ մտադիր է աշխատել ի շահ քաղաքի և լուծում տալ անցած երեք ամիսներին կուտակված խնդիրներին։ Մխիթարյանին հարցրինք՝ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալու համար վճռական ձայներն ապահոված Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպե՞լ է՝ պարզաբանում ստանալու նրա այն հայտարարության վերաբերյալ, թե ավագանու ընդդիմադիր թեկնածուները շտապեցին հայտարարել, որ սատարում են Վարդան Ղուկասյանին, գուցե համատեղ որոշվեր, որ ընդդիմության քաղաքապետի թեկնածուն այլ անձ լինի։ Ավագանու նախորդ նիստի ժամանակ Մխիթարյանն անթաքույց կշտամբել էր Գրիգորյանին՝ նշելով, որ նրա ձևակերպումների հետ համաձայն չէ, բայց՝ հարգում է վերջինիս։ Գրիգորյանին հարգող Մխիթարյանը երկու օր առաջ մեզ հետ զրույցում ասաց. «Ինձ համար դա սպառված օրակարգ է, որովհետև Գյումրիում արդեն ավագանու երրորդ նիստն է, չեմ կարծում, թե այդ հարցին պետք է անդրադառնամ»։

Նկատենք՝ պրոդյուսերն ու նրա մյուս երկու կոլեգաները, ի համերաշխություն Գրիգորյանի, ձեռքները վեր պարզեցին ու այս անգամ «կողմ» քվեարկեցին ավագանու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի և քաղաքաշինության ու հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոններում «Մեր քաղաքը» խմբակցության անդամների ընտրությանը։

Հեղինե Մանուկյան