Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Ինչպես հաղորդում է «ԱզերԹաջ» պետական գործակալությունը, նախատեսված են նրա հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:
Բանակցություններից զատ Բելառուսի վարչապետն ադրբեջանցի գործընկերոջ հետ կայցելի Ֆիզուլի և Աղդամ, կմասնակցի Քենգերլի գյուղում ագրոհամալիրի հիմնարկեքի արարողությանը: Կողմերը կքննարկեն համատեղ այլ ծրագրեր, Բելառուսի վարչապետը Ֆիզուլիի շրջանին կնվիրի «ԿամԱզ» մակնիշի աղբահավաք մեքենա:
Մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանի լրատվամիջոցները հայտնել են, որ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ձեռք է բերվել մայիսի 8-ին Մոսկվայում Տաջիկստանի նախագահ Ռահմոնի մասնակցությամբ քառակողմ հանդիպում ունենալու պայմանավորվածություն: Բելառուսի վարչապետը Բաքու է այցելել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից մեկ օր հետո: Ըստ երևույթին` դա պատահական չէ:
«Միութենական պետության» բարձրաստիճան ներկայացուցիչների Բաքու այցելություններy, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի վերոնշյալ հանդիպմանն Իլհամ Ալիևին նախապատրաստելու նպատակ են հետապնդում:
Բաքու-Գրոզնի մարդատար օդանավի կործանման հետ կապված՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հարաբերություններում ակնհայտ սառնություն կա: Այս ֆոնին Բաքվի իշխանական լրատվամիջոցն ակնարկել է, որ քննարկվում է «Ռուսական տան» և «Սպուտնիկ Ազերբայջանի» գործունեությունը վերսկսելու հնարավորությունը:
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում մայիսի 5-ին կայացած՝ ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի մասին Դոնալդ Թրամփի սոցանցային գրառման այն ընդգծումը, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Գազայի, Սիրիայի իրավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաև անհամբերությամբ սպասում է ռուս-ուկրաինական «աբսուրդային և մահաբեր պատերազմին վերջ տալու համար նախագահ Էրդողանի հետ աշխատելու հնարավորությանը:
Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը կայացել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի Բաքու այցի չեղարկման հաջորդ օրը: Նախորդիվ կարծիք էինք հայտնել, որ Նաթանյահու-Ալիև մակարդակով Սիրիայի և Գազայի խնդիրների քննարկումը և հնարավոր համաձայնությունը ոչ մի առումով ձեռնտու չէ Էրդողանին, նրան անհրաժեշտ է ուղղակիորեն պայմանավորվել Միացյալ Նահանգների նախագահի և Պարսից ծոցի միապետների, գուցե նաև Ռուսաստանի և Իրանի հետ:
Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցի մասին կողմերի պաշտոնական հաղորդագրությունները, կարծես, ամրապնդում են այդ տպավորությունը: Ավելին՝ ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդությունից «հիասթափության եզրին հասած» Դոնալդ Թրամփը փաստացի Էրդողանին ներգրավում է այդ գործընթացի մեջ:
Թուրքիայի նախագահի համար սա չափազանց կարևոր ձեռքբերում է, որը, անկասկած, նյարդայնացնելու է Վլադիմիր Պուտինին, որն իր հերթին, բացի Վաշինգտոնից որևէ այլ միջնորդություն ոչ արդյունավետ է համարում:
ԱՄՆ նախագահն Էրդողանի համար ի՞նչ դերակատարություն է նախատեսում կամ ի՞նչ արդյունք կտա ուկրաինական կարգավորմանն Անկարայի ուղղակի ներգրավվածությունը, դժվար է ոչ միայն կանխատեսել, այլև այդ մասին ենթադրություն անել: Վլադիմիր Պուտինը բացահայտ հասկանալ է տվել, որ որևէ տարածքից հրաժարվելու մտադրություն չունի:
Այս իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր է, որ առկախվել է Ադրբեջանի նախագահի աշխարհաքաղաքական դերակատարությունը: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել նրա մերձավորագույն դաշնակից Թուրքիայի նախաձեռնությամբ:
Շատ որոշակի առումով Էրդողանի այդ քայլը համապատասխանում է Ռուսաստանի շահերին, Ալիևին գոնե այս փուլում այլ բան չի մնում, քան բավարարվել Պուտին-Լուկաշենկո տանդեմի հետ «արևելյան առևտրով»:
Բայց եթե նա «միութենական պետության» հանդեպ ընկալունակ գտնվի, դա Հայաստանին լուրջ մարտահրավեր կլինի: Ըստ երևույթին՝ ալիևյան քարոզչամիջոցի ապրիլի 28-ի հրապարակումը, որ 1920 թվականի այդ օրն Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը բոլշեւիկների առջև կապիտուլացվել է Մուստաֆա Քեմալի ցուցումով, ենթատեքստով ակնարկում էր, որ նույն կերպ Էրդողանը կարող է Ադրբեջանը «հանձնել Ռուսաստանին»:
Բաքվում բոլշևիկյան իշխանության հաստատմամբ Ռուսաստանն սկսել է Անդրկովկասի վերանվաճումը, որից մի քանի օր հետո Ալեքսանդրապոլում ապստամբություն է բռնկվել:
Բաց մի թողեք
Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում եւ անշարժ գույք ձեռք բերել
2026-ին էլ երկրորդ և երրորդ նախագահները ընտրություններին կգնան միմյանցից անջա՞տ, թե՞ դաշինք կկազմեն
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու