Մայր Աթոռում ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը քննարկել է հոգևոր իշխանության հանդեպ քաղաքական իշխանության նախաձեռնած «գրոհն» ու ստեղծված իրավիճակը՝ այդ առնչությամբ անելով հայտարարություն:
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դատապարտել է վարչապետ Փաշինյանի հռետորաբանությունն ու եկեղեցու գործերին միջամտելու փորձերը՝ դրանք համարելով անօրինական:
Ինչպես հայտնի է, այդ ժողովից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը գործնականում բաց տեքստով գրառում էր արել այն մասին, որ եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոսն ունի զավակ, ապա նա պետք է թողնի կաթողիկոսական աթոռը, քանի որ խախտված է կուսակրոնության սկզբունքը:
Նիկոլ Փաշինյանի այդ բաց հարցադրմանն ուղիղ արձագանք Մայր Աթոռի հայտարարությունը չունի, փոխարենը ունի կոչ, ուղղված «իրավասու մարմիններին»:
«Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների»: Սա բավականին բազմիմաստ արձագանք է:
Նախ, իրավասու ի՞նչ մարմինների է ուղղված կոչը: Իրավապահների՞ն, թե՞ օրինակ խորհրդարանին, կամ կառավարությանը: Թե՞ տողատակում կա ակնարկ, որ իրավասու մարմինները ձեռնպահ մնան Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տրրամադրումից կամ «բացահայտումից»:
Չէ՞ որ Փաշինյանի՝ «եթե պարզվի» արտահայտությունն էլ ակնարկ էր, թերևս, այն մասին, որ պետք է պարզի ինչ-որ կառույց, եթե, իհարկե, արդեն իսկ դա պարզված և վարչապետի գզրոցում չէ: Ավելին, հնարավոր է, որ հենց այդ պատճառով նախընտրելի է դիտվել բարձրաձայնել սուր անկյուններից հնարավորինս զերծ հայտարարություն:
Բոլոր դեպքերում, Հայաստանի քաղաքական իշխանությունը հաղորդում է հոգևոր իշխանության հանդեպ դիմակայության բավականին սուր աստիճան, միևնույն ժամանակ դատելով Գերագույն հոգևոր խորհրդի արձագանքից՝ եկեղեցին ձգտում է գոնե առայժմ իր հերթին չսրել դիմակայությունը, այլ հանդարտեցնել իրավիճակը:
Թերևս, այդ մասին է ձևակերպումը, թե՝ «հարկ չկա եկեղեցին ներքաշել արհեստական օրակարգերի մեջ»: Հնարավոր է, որ այդ արտահայտության տողատակում միտքն է, թե իզուր են Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները, որ եկեղեցին կարող է առաջիկա քաղաքական ընտրապայքարում լինել ընդդիմադիր ուժերի աջակից:
Բայց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը «գրոհը» նախաձեռնել է այդ մտահոգությունից ելնելով, թե՞ խաղասեղանին ավելի ընդգրկուն «խաղադրույք» է, ավելի լայն օրակարգով:
Բաց մի թողեք
Ալիևին իրանա – իսրայելական հարաբերություններում առաջին հերթին հետաքրքրում է Զանգեզուրի միջանցքը
Ի՞նչ «նոր Մերձավոր Արևելք» է կանխածրագրվում, որքանո՞վ և ինչպե՞ս է Հարավային Կովկասը «ներգրվում» դրան
Հայաստանին մնում է միայն սպասել թնջուկի ելքին, իսկ Էրդողանի սիրտը միջանցք է ուզում