Հայաստանի ԱԳՆ-ն հիասթափություն է հայտնել Ստամբուլում Իսլամական գործակցության կազմակերպության արտգործնախարարական հավաքի ընդունած հռչակագրի և բանաձևերի կապակցությամբ, որոնցում Ադրբեջանի նախաձեռնությամբ տեղ են գտել այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» մասին ձևակերպումներ, Հայաստանին հասցեագրվել են նրանց «վերադարձի իրավունքը» չոտնահարելու ձևակերպումներ:
«ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում», հայտարարում է Հայաստանի ԱԳՆ-ն, միաժամանակ նաև փաստարկելով, որ չկա ադրբեջանցիների «վերադարձի» խնդիր:
«Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։
Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման», արձանագրում է Հայաստանի ԱԳՆ:
Միաժամանակ արձանագրվում է, որ ԻՀԿ ձևակերպումները հակասության մեջ են ռեգիոնալ կայունության վերաբերյալ կազմակերպության արձանագրումների հետ: Պաշտոնական Երևանի արձագանքն ու գնահատականները անշուշտ իրավացի են ու անհրաժեշտ:
Սակայն, ԻՀԿ-ին հղված այդ դիտողություններից զատ, առաջանում է հարց, թե արդյո՞ք Երևանը իրազեկ էր Ստամբուլում կայանալիք միջոցառմանը Ադրբեջանի ու նախագահող Թուրքիայի մտադրությունների մասին:
Մեկ օր առաջ Ստամբուլում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցում էր նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Լավ է, որ ԱԳՆ արձագանքում է տեղի ունեցածին, բայց առավել կարևոր հարց է, թե արդյո՞ք արվել է այն կանխելու փորձ:
Առավել ևս, որ Իրանի դեմ Իսրայելի սաննձազերծած պատերազմի պայմաններում անցկացվելիք այդ նախարարական հավաքի ընթացքում ուշադրությունը կենտրոնանալու էր Իրանի խնդրի վրա, և հնարավոր է Ադրբեջանն ու Թուրքիան փորձեին օգտագործել պահն ու այլ հարցերի վերաբերյալ «անուշադրության» քողի տակ անցկացնել անցանկալի ձևակերպումներ ու բանաձևեր:
Հայաստանի ԱԳՆ կանխատեսե՞լ էր այդօրինակ ռիսկեր, թե՞ հակառակը՝ մտածել, որ Իրանի խնդրի պայմաններում այլ հարցեր չեն լինի: Սա էական հարցադրում է, հատկապես նկատի ունենալով այն, որ ԻՀԿ անդամների շարքում են նաև երկրներ, որոնց հետ Հայաստանն ունի ավանդական լավ հարաբերություն, և թերևս համարժեք ու կանխավ դիվանագիտական աշխատանքի պայմաններում հնարավոր կլիներ կանխարգելել ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունները:
Բաց մի թողեք
Աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակի հանդիպումներում ո՞րն է լինելու առաջնայինը
Միթե հնարավոր է համաշխարհային պատերազմի պայմաններում հայ – ադրբեջանական խաղաղություն
Ալիևը հանձնեց Նախիջևանը, Հայաստանը կարո՞ղ է այդ հանգամանքը նպատակային օգտագործել