Հունիսի 30-ին Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածը կրկին ակտիվացրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է թեմայի վերաբերյալ վերջին զարգացումներն ու պաշտոնական հայտարարությունները։
Ի՞նչ էր նշվում Քարնեգիի հոդվածում
Այսպես, հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի վերաբերյալ․ նախատեսվում է ճանապարհի կառավարումը արտապատվիրակել օտարերկրյա, մասնավոր ընկերության․ որպես աղբյուր հղում էր արվում օտարերկրյա երկու դիվանագետի։
«Միաժամանակ, Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի, համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես որ արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում», — նշվում էր հոդվածում։
ԱԳՆ-ի՝ զգուշավոր, Պետդեպի՝ անորոշ արձագանքը
Օրեր անց արձագանքելով հրապարակմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը նշել էր, որ «միջազգային տարբեր գործընկերներ պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ»։
«Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով», — ասել էր նա:
Հուլիսի 10-ին՝ այն նույն օրը, երբ Աբու Դաբիում ընթանում էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղարությունն «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան արձագանքեց Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված վերոհիշյալ լուրերին։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք կիսելու որևէ տեղեկատվություն չունենք մամուլի hրապարակումների վերաբերյալ»,- նշել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
Փոխարտոգործնախարարի խոսքն աղճատվեց մամուլում
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մի քանի անգամ ընդգծել էր, որ միայն երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին համապատասխանելու դեպքում ՀՀ-ն դեմ չի լինի ճանապարհի արտապատվիրակմանը երրորդ ընկերության։
Մասնավորապես, հարցին, թե կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն, Սաֆարյանը նշել էր՝ «վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում»։
«Կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին՝ այո, կարող է իրականացվել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի», — նշել էր ՍաՖարյանը:
Հրապարակումից հետո մամուլում թեմայի լուսաբանմանն անդրադարձավ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ նկատելով, որ փոխնախարարի խոսքն աղճատվել է (1,2,3 և այլն), կտրվել համատեքստից և մանիպուլյատիվ եզրահանգումներով ներկայացվել:
«Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը, չնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը», — նշել է Բադալյանը։
Արդյո՞ք արտապատվիրակման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը նոր է
2024 թվականի օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսում խոսելով ճանապարհների ապաշրջափակման թեմայից, նշել է՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի համար՝ «առանց նսեմացնելու, որևէ ձևով կասկածի տակ դնելու ՀՀ ինքնիշխանությունը, ՀՀ սահմանների անխախտելիությունը, տարածքների ամբողջականությունը, իրավազորությունը և, իմիջիայլոց, մեր երկրի տարածքում անվտանգությունն ապահովելու մեր պարտականությունը»։
Այս համատեքստում Փաշինյանը նշել էր, որ «անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացնել նաև էստեղ՝ ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող ասենք օրինակ պահնորդական կազմակերպություններ»։
Օրեր անց՝ սեպտեմբերի 9-ին, թեմային անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան լրագրողի՝ Նախիջևան–Սյունիք–Ադրբեջան ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերություններին հնարավոր փոխանցման մասին հարցին։
«Մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է»,– ասէլ էր ԱԳ նախարարը։
Միևնույն ժամանակ, նա շեշտել էր, որ որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի՝ չի քննարկվում։
«Մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է։ Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի` տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող երրորդ կողմի ո՛չ պետական, ո՛չ մասնավոր ներկայությունը մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չի»,– հավելել էր Միզրոյանը։
Հատկանշական է, որ այդ օրերին Բաքուն արձագանքելով Երևանից հնչող պաշտոնական հայտարարություններին՝ նշել էր, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքի գործընթացներին երրորդ կողմի մասնակցությունը։
«Ինչ վերաբերում է երկու երկրների տարածքում իրականացվող գործընթացին, մասնավոր պահնորդական ընկերություն ներգրավելու վերաբերյալ գաղափարին, ապա Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում իրականացվող գործընթացին երրորդ կողմի ներգրավումը»,– ասել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Այսպիսով, նախքան Քարնեգի հիմնադրամի հոդվածում ճանապարհի արտապատվիրակման ամերիկյան ենթադրյալ առաջարկի մասին լուրերի հայտնվելը, ՀՀ իշխանությունները չէին բացառել ՀՀ-ում գրանցված մասնավոր ընկերության որոշակի գործառույթների արտապատվիրակումը։
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Հերթը, ինչպես հասկացվում է, հասել է հայ-իրանական գժտություն հրահրելուն
Թրամփը նորություններ ունի Հարավային Կովկասի համար, ինչ սպասել
Երկրի ներսում դիմադրության օջախները չեզոքացնելու՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը պարզ է