Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ ադրբեջանական լրատվամիջոցները կցկտուր տեղեկություններ են հայտնում եվրոպական մի քանի երկրների կողմից ադրբեջանական նավթի գնումները դադարեցնելու մասին:
Ամենախոշոր սկանդալը տեղի է ունեցել Ռումինիայում, որտեղ նավթավերամշակման ձեռնարկությունները դադարեցրել են ադրբեջանական հումքի մշակումը:
Ռումինիայի էներգետիկ նախարարությունն այդ կապակցությամբ արտակարգ իրավիճակ է հայտարարել: Կառավարությունը որոշել է պահուստներից 80 տոննա հում նավթ և 30 հազար տոննա դիզվառելիք հատկացնել նավթավերամշակման գործարաններին, որպեսզի բենզինի արտադրությունը չտուժի:
Համանման իրավիճակ է նաև Իտալիայի և Չեխիայի միանգամից մի քանի նավթավերամշակման գործարաններում:
Պատճառն այն է, որ Ջեյհանից ներկրված ադրբեջանական նավթի բաղադրության մեջ հայտնաբերվել են «վտանգավոր քլորիդներ»: Այդ նյութեր պարունակող նավթի վերամշակումը վտանգավոր է շրջակա միջավայրի համար, քանի որ արտանետումներում առկա կլինեն թունավոր նյութեր: Միաժամանակ մասնագետները տագնապ են հնչեցրել, որ քլորիդները «քայքայում են նավթի մետաղական պահեստարանները»:
Դրանց վերանորոգումը գործնականում հնարավոր չէ, հարկ կլինի փոխարինել նորերով, իսկ դա լրացուցիչ ծախսեր և ժամանակ է պահանջում:
Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը, հղելով ռումինական անանուն աղբյուրներին, գրում է, որ ռումինացի փորձագետները լուրջ կասկածներ ունեն, որ Ռուսաստանը «միտումնավոր աղտոտել է Բաքու-Ջեյհան նավթամուղը»:
Նման գործողության համար, նրանց կարծիքով, բավական է «մոտ մեկ տասնյակ ցիստեռն քլոր»:
Ոչ ոք չի մանրամասնում, թե նման «դիվերսիա իրականացնելու» ի՞նչ հնարավորություն ունի Ռուսաստանը: Բաքու-Ջեյհան նավթամուղն անցնում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով:
Ավելի քան տասը ցիստեռն քլորով նավթամուղն աղտոտելու համար 1 700 կիլոմետր երկարության նավթամուղի ո՞ր հատվածն է ռուսական հատուկ ծառայություններին հասանելի: Այս հարցին դժվար է պատասխան գտնել:
Ամեն դեպքում մամուլ է սպրդել, ընդ որում՝ ադրբեջանական կողմի ակնհայտ մասնակցությամբ, քաղաքական վտանգավոր ենթատեքստ ունեցող կասկածամտություն, որ վկայում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորքային հակասությունների մասին:
Բաց մի թողեք
Թրամփը խոստացել է․ ՀՀ կստանա դաշնակից Վաշինգտոնում և հզոր պաշտպան՝ Ադրբեջանի կողմից հնարավոր ապագա հարձակումներից
«Զանգեզուրի միջանցքի» փոխարեն Թրամփի՝ բարգավաճման և խաղաղության խաչմերո՞ւկ
Վաշինգտոնյան հանդիպման իրական շահառուները՝ վճռվում է Հայաստանի պետականության ապագան