Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Մեհրիբան Ալիևային և խնդրել, որ նա Իլհամ Հեյդարովիչին ջերմ բարևներ փոխանցի:
Նույն օրը հայտնի է դարձել, որ կրթության և գիտության նախարարի հրամանով նոր ուսումնական տարուց սկսված ռուսական դպրոցներում «Ադրբեջանի պատմություն» առարկան կդասավանդվի միայն ադրբեջաներեն լեզվով:
Մի խումբ ծնողներ ԿԳ նախարարի այդ որոշումը բողոքարկել են, բայց դատարանը նրանց հայցը չի բավարարել:
Օգոստոսի 22-ին Թուրքմենբաշի (նախկին Կրասնովոդսկ) քաղաքում Թուրքմենստանի փաստացի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հյուրընկալել է Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևին և Շևքեթ Միրզիեևին, կայացել է եռակողմ գագաթաժողով:
Խիստ ուշագրավ է, որ Ուզբեկստանի նախագահը Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական Հռչակագիրը համարել է տարածաշրջանում կայունության և որակապես նոր աստիճանի համագործակցության հնարավորություն։
Նախօրեին Իլհամ Ալիևը գտնվել է Քելբաջարում, որտեղ ասել է, որ հայ-ադրբեջանական նախաստորագրված Համաձայնագիրը «վերջ է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությանը»:
Ալիեւը միաժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը «պետք է ամեն վայրկյան պատերազմի պատրաստ լինի»: Հայաստանի փորձագիտական և քաղաքական որոշակի շրջանակներ եզրակացնում են, որ Ալիևը «Հայաստանի հետ խաղաղության հասնելու մտադրություն չունի»:
Այդ մտահոգությունը հիմնազուրկ չէ, բայց պետք է նկատի ունենալ, որ Ալիևը խոսել է բոլորովին այլ պատերազմի պատրաստ լինելու մասին: Նրա խոսքում հատկապես ուշադրության արժանի է ռազմածովային ուժերի հզորացման և արդիականացման նպատակի հրապարակայնացումը:
Կասպյան տարածաշրջանի էներգակիրների արդյունահանման և տարանցման, ինչպես նաև ռուս-իրանական նավագնացության շուրջ իրավիճակը լարվում է: Վերջերս Իրանը և Ռուսաստանը ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացրել:
Մի քանի օր անց Ադրբեջանը թուրքական արտադրության հեռակառավարվող մոտորանավակներ է փորձարկել:
Ի՞նչ հայտարարի են եկել Թուրքմենստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը՝ մանրամասնություններ հայտնի չեն և հազիվ թե հրապարակայնացվեն: Ակնհայտ է, որ թուրքախոս երեք պետությունները ոչ միայն տնտեսական և կոմունիկացիոն, այլև անվտանգային ինտեգրացիա են ստեղծում:
Անցյալ տարի Վլադիմիր Պուտինը Մեհրիբան Ալիևային անվանել է «Ադրբեջանում Ռուսաստանի ամենահավատարիմ մարդ»: Այս անգամ նա խնդրում է, որ նա իր և Ալիևի երկխոսության միջնո՞րդ լինի:
Ալիև- Բերդիմուհամեդով- Միրզիեև «տրիոն» փոխում է Կասպյան ավազանի ուժերի հարաբերակցությունը: Ոչ հօգուտ Ռուսաստանի:
Բաց մի թողեք
Իլհամ Ալիևն է եռակողմ համաձայնագրի հեղինակը, մենք՝ կատարողը
Փաշինյանը խաբվել է ու ապակողմնորոշում է ողջ ժողովրդին
Փեզեշքիանի մտահոգությունները՝ ԱՄՆ-ին երկխոսության լրացուցիչ օրակարգ առաջարկելու ենթատեքստ