28/08/2025

Հայաստանի դեմ ինչ նոր թալակ է մոգոնում Պուտինը Փեզեշքիանի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի հետ: Չակերտներում առնված ձևակերպումը մեջբերում է ՌԻԱ Նովոստի պետական գործակալության հաղորդագրությունից, որ իր հերթին կառուցված է Կրեմլի մամուլի ծառայության տեղեկատվության վրա:

Մոսկվայում գերազանց գիտեն, որ Փեզեշքիանը ոչ թե Իրանի առաջնորդն է, այլ գործադիր իշխանության ղեկավարը, ուստի նրան նման «պատվի արժանացնելն» արդեն իսկ ինտրիգային է:

Ըստ հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը Մասուդ Փեզեշքիանին տեղեկացրել է Անքորիջում ռուս-ամերկյան գագաթաժողովի «հիմնական արդյունքների մասին»: Իրանի նախագահն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:

Նախագահները նաև քննարկել են երկկողմ օրակարգի ակտուալ հարցերը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը և Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը:

Պուտինը և Փեզեշքիանը պայմանավորվել են անձնական հանդիպման մասին: Հանդիպումը կկայանա Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում: Փեզեշքիանն, ընդսմին, հավաստիացրել է, որ Իրանը «միջուկային զենքի չի ձգտում»:

Բավական ընդարձակ տեղեկատվությունից աչքի է զարնում «-Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման» քննարկումը: Կասկածից դուրս է, որ խոսքը վերաբերում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրումից և ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան քաղաքական Հռչակագրի ընդունումից հետո «իրադարձությունների զարգացմանը»:

Ի՞նչ «իրադարձությունների» և, մանավանդ, «զարգացումների» մասին է խոսքը, եթե հրապարակային տիրույթում այդ մասին տեղեկություն չկա: Իրանի նախագահը բոլորովին վերջերս է Երևան այցելել, բայց, որքանով հասկացվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունից, նա Պուտինի հետ «տպավորթյուններով չի կիսվել»:

Խիստ ուշագրավ է նաև, որ հինգ օր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, բայց Հարավային Կովկասում «զարգացող իրադարձություններին» անդրադարձ չի կատարվել: Այդ «զարգացումները» սկսվել են Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո՞, թե Ռուսաստանի նախագահը թուրք պաշտոնակցի հետ «ընդհանուր անհանգստություններ չունի՞»:

Կարծես թե հստակվում է, որ ՇՀԿ գագաթաժողովի «կողասրահներում» Սյունիքի հարավում հաղորդուղիների գործարկման հարցը քննարկվելու է: Մնում է ենթադրել, թե ի՞նչ ձևաչափում դա տեղի կունենա կամ ծրագրվում է Պուտինի կողմից:

Պուտինը վաշինգտոնյան պայմանավորվածություններին այլընտրա՞նք է «մոգոնում», թե՞ միայն ներգրվելու նպատակ ունի: