08/09/2025

Նման խոսույթների հեղինակները կորցրել են աշխարհի՝ իրենց ողջամիտ տեսլականը

ՀՀ տարածքի Մեղրիի հատվածում ապագա հաղորդակցությունների կառավարման իրավունքները Միացյալ Նահանգներին փոխանցելու որոշման ռիսկայնության մասին թեմայով իմ ֆեյաբուքյան վերջին գրառումներից մեկը զգալի հետաքրքրություն էր առաջացրել ընթերցողների շրջանում:

Իհարկե, կային նաեւ կարծիքներ, որոնք կասկածի տակ էին դնում ԱՄՆ-ի հետ այս գործարքին իմ տված գնահատականը՝ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Հետեւաբար՝ իմաստ ունի զարգացնել թեմայի շուրջ իմ նկատառումները՝ մանրամասնելով խնդրի հետ կապված որոշ ասպեկտներ:

Չի կարելի հերքել, որ ԱՄՆ-ի դերը առաջին Հայկական Հանրապետության ձեւավորման գործում նշանակալի էր: Բայց կարծում եմ, որ այժմ ամենամեծ սխալը կլինի ներկայիս իրավիճակը վերլուծել 20-րդ դարի սկզբի իրադարձությունների հետ համեմատության մեջ:

Այն ժամանակ մենք գործ ունեինք Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով ձեւավորված ժամանակաշրջանի հետ, երբ Միացյալ Նահանգները վերելքի մեջ էր եւ դառնում էր 20-րդ դարի առաջատար տերություն: Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների արդյունքում ձեւավորված աշխարհակարգը պարտական է հենց Միացյալ Նահանգներին:

Դրա հիմնական բնութագիրը ինքնիշխան ազգային պետությունների ձեւավորման ընթացքի առաջնահերթությունն էր, որոնց հարաբերությունները ձեւավորվում էին միջազգայնորեն ընդունված ընդհանուր սկզբունքներով եւ հավաքական անվտանգության ու համագործակցության միջազգային ինստիտուտներով:

Առանց Միացյալ Նահանգների հետագա երկարատեւ գերիշխանության նման կարգը չէր կարողանա կայուն գործել։ Խնդիրն այն է, որ այժմ մենք գործ ունենք այս կարգի (կոչվում է Սառը պատերազմ) քանդման եւ Միացյալ Նահանգների գերիշխան կարգավիճակի կորստի հետ:

ԱՄՆ առաջնորդներն իրենք վերջերս ընդունել են այս փաստը: Մարդկության խնդիրներն այժմ արմատապես տարբերվում են 20-րդ դարի սկզբի խնդիրներից:

Մենք գտնվում ենք ոչ թե պատերազմի արդյունքների ժամանակաշրջանում, այլ հին կարգի քանդման մեջտեղում: Ցանկացած գործողություն եւ համաձայնագիր չի կարող ունենալ նույն ուժը, ինչ սովորաբար ունենում են կայուն ժամանակահատվածներում:

Մասնավորապես՝ Միացյալ Նահանգների առաջնահերթությունները շատ տարբեր են, որոնք փորձում են վերականգնել առաջատարի՝ իրենց կարգավիճակը՝ ամբողջությամբ վերանայելով գոյություն ունեցող աշխարհակարգի սկզբունքներն ու մեխանիզմները:

Միացյալ Նահանգները չի հետեւում որեւէ արժեքային հիմքի եւ համաձայնեցված սկզբունքի: Ազգային պետությունների դերը նրանց համար կտրուկ փոխվել է: Կարելի է ասել, որ նոր միջազգային քաղաքականությունն անտեսում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ մարդու համընդհանուր իրավունքների սկզբունքները։

Քչերը կարող են բացատրել ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի խնդիրների անթաքույց անտեսումը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ նրա «տարօրինակ» համագործակցությունը։ Այս անզորությունը ծնում է տարբեր առասպելներ՝ փորձելով տրամաբանություն գտնել ԱՄՆ-ի գործողություններում եւ այնպիսի անհարկի խոսույթներում, ինչպիսիք են, օրինակ, «Թրամփը Պուտինի պատանդն է» կամ «Թրամփը խելագար է» եւ այլն։

Իրականում նման խոսույթների հեղինակները կորցրել են աշխարհի՝ իրենց ողջամիտ տեսլականը։ Նրանք փորձում են ճանաչել միայն անցյալից ծանոթ ինչ-որ բան այն ամենում, ինչ տեղի է ունենում։

Հին աշխարհն անցել-գնացել է, եւ համաշխարհային տերությունների սովորությունները համաշխարհային կարգի բացակայության դեպքում դժվար է ճանաչել։ Կապիտալիզմ-սոցիալիզմ, ժողովրդավարություն-բռնատիրություն հասկացությունները, որոնք կազմում են միջազգային կարգի սխեմաները, կորցրել են իրենց իմաստը։

Ընթացիկ գլոբալացման քաղաքական մարմնավորումները սկսում են թելադրել կյանքում։ Պատահական չէ, որ Թրամփի քաղաքականության կենտրոնում են «գործարք» եւ «նպատակահարմարություն» հասկացությունները՝ համաձայնագիր առանց սկզբունքների ու արժեքների, միայն սուբյեկտների գռեհիկ շահերը։

Հետեւաբար՝ մենք չպետք է հույս դնենք որոշակի պետությունների քաղաքական ուղեգծերի, որոնք մեզ ծանոթ են անցյալից, եւ այսօրվա միջազգային քաղաքականության տրամաբանության վրա։ Հայաստանը, ինչպես բոլոր փոքր պետությունները, պետք է հեռու մնա համաշխարհային առաջնորդների գործողություններից եւ լուծի իր խնդիրներն այնպիսի սխեմաների շրջանակներում, որտեղ նրանք կարող են ինչ-որ կերպ ազդել գործընթացների վրա։

Ցավոք, 1991 թվականին ՀՀ-ում իշխանության եկածների քաղաքական գիտակցությունը մեծապես ազդեցություն է կրել 20-րդ դարի սկզբի գաղափարներից եւ, նույնիսկ, ավելի շատ՝ Սառը պատերազմի շրջանի քաղաքական տրամաբանությունից։

Բոլոր կայացված որոշումներն արտացոլում էին աշխարհի մասին նմանատիպ պատկերացումներ, որոնք, ըստ էության, արդեն հնացած լինելով՝ կորցնում էին իրենց ազդեցությունը միջազգային կյանքի վրա։ Սակայն հայ առաջնորդները նախընտրեցին ոչ թե ինքնորոշումը, այլ որոշակի արտաքին ուժերի քաղաքական օրակարգերին մասնակցելու մեթոդը։

Հայաստանում Արցախի վերամիավորման շարժման հետեւանքով ստեղծված իրավիճակն այնպիսին էր, որ զատվելով իրեն պարտադրված քաղաքական սխեմաներից՝ Հայաստանը կարողացավ ձեւավորել նոր իրողություններ տարածաշրջանում եւ ստանալ բավարար միջազգային աջակցություն։

Սակայն Հայաստանի ղեկավարները, որոնք չկարողացան հասկանալ այս նոր իրողությունների իմաստը, իրենց ողջ եռանդն ուղղեցին ազգային պետությունների տարածքային կազմակերպման նախկին սխեմաներին վերադառնալուն՝ դրանում տեսնելով մեր ազգային խնդիրներին միջազգային հանրության հավատարմության ուղին։

Նման ընթացքի իրական արդյունքը մեր իրավունքներից մշտական հրաժարումն ու այդ իրավունքները մեր հակառակորդներին փոխանցումն էր։ Բնականաբար, այդկերպ հակառակորդներին իրավունք տրվեց ուժ կիրառել մեր դեմ՝ պաշտպանելու այն նույն իրավունքները, որոնք մենք էինք նրանց տվել:

Մանվել Սարգսյան