Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը:
Այն ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ներկայացված փաթեթը հանրակրթության ոլորտում միասնական ստանդարտների սահմանման, նաև դրանց կիրառման ուղղությամբ․ «Այս օրենսդրական փաթեթով մենք առաջարկում ենք դպրոցների համար սահմանել մեկ լիազոր մարմին, որը կրթության ոլորտի լիազոր մարմինն է, այլ խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը»:
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ դպրոցների բովանդակային կառավարումը՝ որպես լիազոր մարմին, կիրականացվի ԿԳՄՍՆ-ի կողմից, իսկ ինչ վերաբերում է վարչատնտեսական գործառույթներին, կշարունակեն համագործակցել մարզպետների աշխատակազմերի, իսկ Երևանում՝ քաղաքապետարանի հետ: Հիմա դպրոցների մեծ մասը, ըստ նախարարի, չի գործում նախարարության լիազորությամբ:
«Մենք տեսնում ենք, որ սա նաև քաղաքականության միասնական իրականացման տեսանկյունից առաջ է բերում մի շարք խնդիրներ, և կարծում եմ՝ մեկ լիազոր մարմնի առկայությունը հնարավորություն կտա, որպեսզի այս անհարթությունները և իրացման գործընթացում առաջացող հարցերը շատ ավելի պակաս լինեն»,- ասել է Անդրեասյանն ու հավելել, որ կառավարությունը նախատեսում է, որ ոչ թե գործառույթները մեխանիկորեն կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարությանը, այլ կիրականացվի ամբողջական բարեփոխում, որը հատկապես ունենալու է թվայնացում․ «Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ սկսված են: Նախատեսում ենք, որ այս մոտեցմամբ կկարողանանք լրացուցիչ ջանքեր ներդնել այն ուղղությամբ, որ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն տեղում, համայնքները դրա համար լավագույն միջավայրն են, իսկ այն բոլոր հարցերը, որոնք ունեն համակարգման և կենտրոնացման խնդիր, լինեն միասնական մեկ խողովակով և առաջ չբերեն որևէ այլ տարընթերցում»:






Բաց մի թողեք
ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից․ Լուսանկար
Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նորակոչիկն իմանար, որ 2 տարի ծառայություն անցնելուց հետո երաշխավորվում է իր անվճար կրթությունը
Հնար ունենան՝ հայերեն գրից էլ կհրաժարվեն