15/10/2025

Չպետք է «միամիտ լինել» և տպավորություն ստեղծել, թե Կոնգրեսում շրջանառված բանաձևը «Հայաստանի կամ Արցախի մասին է»

ANCA-ն դեմ է ԱՄՆ Կոնգրեսում «լռելյայն համաձայնությամբ» շրջանառված մի բանաձևի, որ պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ, եթե Բաքուն հրաժարվի կատարել վաշինգտոնյան պայմանավորվածությունները և Հայաստանի դեմ ագրեսիվ քայլերի դիմի:

ՀՅԴ ամերիկյան կառույցների առարկություններն այն մասին են, որ բանաձևը «լիարժեք չէ», «չի պահանջում հայ ռազմագերիների հայրենադարձություն, արցախցիների վերադարձի ապահովում, Արցախի կարգավիճակի որոշում»:

Բայց չպետք է «միամիտ լինել» և տպավորություն ստեղծել, թե Կոնգրեսում շրջանառված բանաձևը «Հայաստանի կամ Արցախի մասին է», ուստի պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել, որ այն «ավելի հայանպաստ լինի»: Այլապես հայտարարությունը չէր տարածվի Շարմ էլ Շեյխի «Խաղաղության գագաթնաժողովին» զուգահեռ:

Կոնգրեսի բանաձևի նախագիծը Միացյալ Նահանգների միջազգային հեղինակության մասին է: Շարմ էլ Շեյխի գագաթաժողովին Հայաստանը և Ադրբեջանը հրավիրվել են, որպեսզի միջազգային հանրության համար մի բան վերջնականապես պարզ լինի, մերձավորարևելյան և հարավ-կովկասյան կարգավորումները «մի փաթեթ են»:

Բաքվի լրատվամիջոցները փոխանցում են Շարմ էլ Շեյխում ԱՄՆ նախագահի ելույթի այն հատվածը, որտեղ նա Իլհամ Ալիևին անվանել է «ուժեղ առաջնորդ» և ասել, որ ինքը «պատերազմը կարգավորել է հանուն Ադրբեջանի»:

Ավելի բարձր նոտաներով Թրամփը «գովել է» Իսրայելի վարչապետ Նաթանյահուին: Իսկ իրականում նա Քնեսեթում նա ասել է, որ Իսրայելի համար պաղեստինյան տարածքների օկուպացիայի և հրեա վերաբնակիչների ավանների կառուցման փուլն այլեւս անցյալ է:

Հայտարարել, որ «պատերազմը կարգավորվել է հանուն Ադրբեջանի»,-նշանակում է դիվանագիտական լեզվով հասկացնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում Ալիևի նկրտումների տեղ այլևս չկա, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններին աջակցում են բոլոր նրանք, ովքեր Շարմ էլ Շեյխում են:

ANCA-ն դե՞մ է Վաշինգտոնի հովանու ներքո Մերձավոր Արևելք – Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա հիպերտարածաշրջանում կայունության և համագործակցության հաստատմանը, որի ընթացքում միայն, ի դեպ, կարող են լուծում ստանալ հայ ռազմագերիների հայրենադարձության և արցախցիների վերադարձի հետ կապված հարցերը:

Այդ դեպքում նա Հայաստանի համար աշխարհաքաղաքական և քաղաքակրթական ի՞նչ «արեալ է գծել»: