25/10/2025

Մանր քարիկներ կհպվեն եկեղեցու պատերին ու կթափվեն պատերի տակ՝ իբրև աղբ

2005 թ. սահմանադրական փոփոխությամբ նախատեսվել է, որ պետություն-եկեղեցի հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Ի կատարումն այդ նորմի, 2007թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը:

Օրենքի հոդվածներից մեկը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, «Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխ ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»:

Օրենքի իմաստով, ըստ այդմ, Կաթողիկոսը Վեհ է, Վեհափառ է, համայն հայության հոգևոր Առաջնորդն է ՀԱԵ տիրույթում, բայց ոչ՝ պետական հիերարխիայում և հանրային-քաղաքական կյանքում:

Օրենքը ՀԱԵ-ի համար որոշակի լիազորություններ սահմանում է ոչ միայն կրթության ոլորտում. Եկեղեցին «իրավունք ունի հիմնելու կամ հովանավորելու ուսումնական հաստատություններ, մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, պետական կրթական հաստատություններում կազմակերպելու կամավոր դասընթացներ և այլն:

Օրենքը նաև ճանաչում է եկեղեցական ամուսնությունների գրանցումը: Պետությունը պարտավորվում է միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում պաշտպանել ՀԱԵ գործունեությունն արտերկրում:

Հայաստանի գործող իշխանությունը սույն օրենքի դրույթները խախտո՞ւմ է յուրաքանչյուր Աստծո օր: Կաթողիկոսն կարող է դիմել դատարան, որպեսզի դատական կարգով վերականգնի Եկեղեցու «ոտնահարված իրավունքները»:

Իսկ եթե պետությունը Եկեղեցու հետ հարաբերություններում սահմանադրությունը, սույն, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը խախտում է ամեն օր, ապա ինչ արդյունք կտա «Եկեղեցու դեմ իշխանության պայքարը», թերևս՝ ոչինչ, մանր քարիկներ կհպվեն եկեղեցու պատերին ու կթափվեն պատերի տակ՝ իբրև աղբ:

Պետությունը Եկեղեցու ներքին գործերին միջամտելու իրավունք չունի: