Նոյեմբերի 1-ից կգործարկվի Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։
«Այն նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով։ Ավարտական փուլում է Ոստիկանության գվարդիայի կառուցվածքային մոդելը։ Հստակեցված է Գվարդիայի գործառույթների շրջանակը․ այն կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Այս փուլում ակտիվորեն ընթանում է Գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը: Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ են մտնելու ուժային միջոցների միջազգայնորեն ընդունված ստանդարտները։ Առանց համապատասխան հատուկ պատրաստության՝ Գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։
Գվարդիայի ստորաբաժանումների կառուցվածքի մշակումը, նյութատեխնիկական բազայի ձեռք բերումը վերջնական փուլում են»,-ասված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։






Բաց մի թողեք
Հայկ Կոստանյանը նոր պաշտոն ունի
Նոր նշանակումներ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում. Լուսանկար
Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար. Լուսանկար