Վրաստանի՝ Եվրամիության անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել 2024 թվականից ի վեր. երկիրը միայն ֆորմալ առումով է ԵՄ անդամակցության թեկնածու։ Այս մասին ասվում է ԵՄ ընդլայնման տարեկան զեկույցում։
«Եվրահանձնաժողովը եզրակացրել է, որ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել 2024 թվականից ի վեր։ Եվրոպական խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի որոշումից և Վրաստանի հետընթացից հետո Եվրոպական հանձնաժողովը Վրաստանը թեկնածու երկիր է համարում միայն անվանապես», – նշվում է փաստաթղթում։
Թբիլիսիի արձագանքը չի ուշացցել: Վրաստանը կշարունակի իր ուղին դեպի Եվրամիություն, չնայած Բրյուսելի ներկայիս վերաբերմունքին Թբիլիսիի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ճեպազրույցի ժամանակ։
«Վրաստանին շանտաժի ենթարկելը և ճնշում գործադրելը չի աշխատի։ Մենք չենք հանձնվելու։ Վրաստանը կշարունակի պատրաստվել ԵՄ անդամակցությանը, բայց ոչ թե Բրյուսելի բյուրոկրատիայի կողմից իմաստազրկված միության մեջ, այլ ԵՄ-ում, որի նպատակը եվրոպական արժեքներին վերադառնալն է», – ասել է նա։
Եվրահանձնաժողովի ընդլայնման զեկույցով, որը Վրաստանը ներկայացնում է բացասական լույսի ներքո, ԵՄ-ն փորձում է հանրապետությունը ենթարկեցնել իր քաղաքական թելադրանքին, հայտարարել է Պապուաշվիլին։
Հիշեցնենք՝ Վրաստանի իշխանությունները պաշտոնապես որոշում են ընդունել մինչև 2028 թ. սառեցնել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացը:
Պաշտոնական Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունները վատթարացել են անցյալ տարի Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից, հետընտրական զանգվածային ցույցերից, ձերբակալություններից, օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի ընդունումից հետո:






Բաց մի թողեք
ՄԻՏՔ.am-ի հարցման արդյունքները․ Էջմիածնում ում են ընտրելու նոյեմբերի 16-ին
Եվրոպան նախապատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ Ալեքսանդր Վուչիչ
Կենտրոնական Ասիայի համար Ադրբեջանը Կասպյան տարածաշրջան մուտքի «շամպայնի խցան է»