Քանի, որ շատերն են հարցնում, թե ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումն, ապա ասեմ, որ այն թարգմանաբար պարզապես նշանակում է «Կապտավուն»՝ կազմված լինելով թյուրք. gök «երկինք; կապույտ» բառից և -çä «-ավուն» ածանցից։
Ժամանակակից ադրբեջաներենում թյուրք. gök բառի բառավերջի -k-ն քմայնացման արդյունքում ամբողջապես փոխվել է -y-ի, ուստի ունենք ադրբ. Göyçə տարբերակը։
Բավականին ուշ՝ հավանաբար Երևանի խանության ժամանակաշրջանում կամ միգուցե դրանից փոքր-ինչ առաջ հայտնված այս անվանումը մտնել է նաև այդ կազմավորման պաշտոնական փաստաթղթեր, իսկ հետագայում՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրությանն անցնելիս սպրդել նաև ցարական վարչակազմի պաշտոնական գրագրություն և քարտեզներ։
Ուշագրավ է, սակայն, որ նույն այդ 19-20-րդ դարասկզբի քարտեզներում զուգահեռաբար կիրառվում է լճի անվան Севангъ տարբերակը, որը հայերեն Սևան (սկզբնապես միայն կղզու անվանումը, քանի որ լիճն առավելապես հայտնի էր հինավուրց հայկական Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անվանումով) անվանման պարսկերենի և թուրքերենի հիմքի վրա ժողովրդական ստուգաբանության արդյունքում աղճատման հետևանք է՝ բաղկացած պրսկ. سه [se] «երեք» և թյուրք. vəng «վանք, եկեղեցի» բառերից, որտեղ վերջինը փոխառված է հայերենից և մինչև հիմա էլ՝ կենդանի ադրբեջաներենում։
Բանն այն է, որ Սևանի՝ այն ժամանակ կղզում ներկայիս երկու եկեղեցուց բացի, կանգուն է եղել ևս մեկը՝ Սբ. Աստվածածինը, որը 19-րդ դարավերջին փլուզվել է, ուստի պատահական չէ, որ հինավուրց հայկական Սևան տեղանունը պարսկերենի և թուրքերենի հիման վրա «ստուգաբանվել է»՝ որպես «Երեք վանք, Եռավանք»։
Ի դեպ, երբ 874թ. Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամը Սևանա կղզում կառուցում էր երկու եկեղեցիները, ներկայիս ադրբեջանցիների նախնիները Կենտրոնական Ասիայի արևելյան հատվածի ինչ-որ տափաստաններում սեփական հոտերն էին արածեցնում։
#հավերժականՀայաստանը
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
«Մենք Ղարաբաղը չենք տա, բայց ուրախ կլինենք եթե իրենք վերցնեն»
Ակնհայտ է, որ իրական եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այդ «հաղթանակի» դառնահամը