Նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 16:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ լիցքավորելիս պայթել է «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկին շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Մյուս վիրավորին բժիշկները հետազոտել են, օգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Պայթյունի հետևանքով վնասվել է նաև 3 ավտոմեքենա:
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության, Արմավիր ԳԳՄ-ի և քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի ծառայողները:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գազալցակայանի սեփականատիրոջ, վնասված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունները:
Պայթյունի հետևանքով գազաբալոնի մասը պոկվել ու մոտ 200 մետր շպրտվել է, իսկ վնասված ավտոմեքենաներն են «BMW», «Mercedes Vito», «Lada» և բեռնատար 2 «Գազել»-ներ:







Բաց մի թողեք
Ստեփանավանի համայնքապետի կնոջ ընկերությունները հաղթել են համայնքային և պետական գնումներում. Լուսանկարներ
Արդեն երգում է՝ բանտում
Նիկոլ Փաշինյանն իրեն գժի տեղ դնելու հայտնի ձայնագրության մասին