11/12/2025

Ամերիկյան նոր «խաղաղության պլանը». ի՞նչ տարածքներ կանցնեն Ուկրաինայից՝ ՌԴ-ին. Axios

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման պլանի մասին, որը Թրամփի վարչակազմը մշակել է ռուսաստանյան ներկայացուցիչների հետ:

Axios հրատարակության տվյալներով՝ պլանը բաղկացած է 28 կետերից, որոնք ընդգրկում են չորս կատեգորիաներ՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգության Եվրոպայում և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ապագա հարաբերություններ։

Մինչդեռ այսօր Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա՝ «հաղորդակցությունների ակտիվացման» նպատակով։ Axios-ի տվյալներով՝ այնտեղ պետք է ժամաներ նաև Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆֆը, սակայն նա հետաձգել է իր այցը։

Ավելի ուշ CNN ևս հաստատեց նոր խաղաղ պլանի մշակման մասին տեղեկությունները։

CNN-ի զրուցակիցը, ինչպես նաև Axios-ի աղբյուրները չորեքշաբթի ավելի վաղ հայտնել էին, որ նոր պատերազմի ավարտի պլանի վրա աշխատանքը ղեկավարում է նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆֆը։

«Այս շաբաթ բանակցությունները ինտենսիվացել են, քանի որ, ըստ [Թրամփի] վարչակազմի զգացողությունների, Կրեմլը ազդանշաններ է տալիս, որ կրկին բաց է համաձայնագրի համար», — փոխանցում է CNN-ը՝ իր աղբյուրի խոսքերը։

Ամերիկյան նոր խաղաղության պլանը պարունակում է Ուկրաինային ներկայացվող պահանջներ, որոնք առաջադրում է Մոսկվան. այդ մասին հայտնում են նաև Financial Times թերթի և Reuters գործակալության լրագրողները։

FT-ի Կիևի թղթակից Քրիստոֆեր Միլլերը, հղում անելով տեղեկացված անանուն աղբյուրներին, գրել է X ցանցում, որ ամերիկյան պլանը ներառում է, մասնավորապես, Ուկրաինայի բանակի կրճատում երկու անգամ և Ուկրաինայի հրաժարում ամբողջ Դոնբասից։

«Սա հավասարազոր է Ուկրաինայի կապիտուլյացիային, տեղեկացված մարդիկ ասում են ինձ, որ սա պարզապես Կրեմլի առավելագույն պահանջներն են», — գրել է Միլլերը։

Reuters գործակալությունը նույնպես հայտնել է չորեքշաբթի երեկոյան, որ ամերիկյան պլանը ներառում է, բացի այլ բաներից, Ուկրաինայի բանակի կրճատումը։

Գործակալության երկու աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ն Վլադիմիր Զելենսկուն հասկացրել է, որ նա պետք է համաձայնվի այս առաջարկներին։

Այսպիսով, Axios-ի տվյալներով՝ պլանը նախատեսում է Ռուսաստանին հանձնել Դոնեցկի ամբողջ շրջանը, ԱՄՆ-ի կողմից Ղրիմի և Դոնբասի ճանաչումը որպես ռուսական, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ճակատային գծի սառեցումը։

«Սպիտակ տան տեսանկյունից, ըստ ամերիկյան պաշտոնյայի, եթե պատերազմը շարունակվի, ապա Ուկրաինան ամեն դեպքում կկորցնի այդ տարածքը», — գրում է Axios-ը։

Ըստ հրատարակության, Թրամփի վարչակազմը առաջարկում է, որ Դոնբասի տարածքը, որտեղից Ուկրաինան հեռանալու է, անցնի Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց դառնա նիտրալ գոտի։

Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ճակատային գիծը առաջարկվում է սառեցնել՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինային դեռևս չորոշված որոշ տարածքներ փոխանցելու հեռանկարով։

ԱՄՆ-ը խոստանում է իր և եվրոպական դաշնակիցների անունից պաշտոնապես ճանաչել Ղրիմն ու Դոնբասը որպես ռուսական, բայց, ըստ Axios-ի, Ուկրաինային ստիպել դա անել չեն փորձի։

Այս բոլոր զիջումների դիմաց ԱՄՆ-ը առաջարկում է անվտանգության երաշխիքներ Ուկրաինային և Եվրոպային, բայց թե ինչպիսիք՝ անհայտ է։

Նշենք, որ որևէ պաշտոնական հաստատում կամ հերքում դեռ չի եղել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ կարող է լուծել ուկրաինական հակամարտությունը, քանի որ արդեն իսկ ցուցադրել է իր բանակցային հմտությունները ութ այլ ճգնաժամերի լուծման գործում։

«Ես մեկ օրում լուծեցի մեկ պատերազմ, որը տևեց 36 տարի։ Մեկ այլ պատերազմ տևեց 132 տարի։ Ես լուծեցի դա։ Ես լուծեցի ութ պատերազմ։ Մնացել է ևս մեկը», – ասել է Թրամփը ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային ֆորումում։

ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ ուկրաինական հակամարտությունը նույնպես կլուծվի։

Մոսկվան պատրաստ է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների, սակայն բանակցային գործընթացի դադարը Կիևի մեղքն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բանակցությունների դադարը, ըստ էության, առաջացել է Կիևի ռեժիմի կողմից այս երկխոսությունը շարունակելու դժկամության պատճառով։ Մոսկվան բաց է բանակցությունների համար», – լրագրողներին ասել է Պեսկովը։