Պետական համակարգի մարդկանց «ավտոբուսներով բերելն» ու մեծ քաղաքական շոուի ձևով վարչապետի առաջ կանգնեցնելը ունի մի հոգեբանական առանցք, որը հաճախ ավելի խոսուն է, քան ցանկացած պաշտոնական հայտարարություն։
Հրապարակ թերթը գրել է․ Համակարգի կենտրոնացման աստիճանը ուղիղ ցուցիչ է առաջնորդի ներքին վստահության պակասի։ Եթե քաղաքական առաջնորդն իրական վստահություն ունենար իր թիմի, կառավարման և հանրային աջակցման հանդեպ, նա չէր ստիպի ամբողջ պետական ապարատին՝ հավաքվել մեկ դահլիճում։
Վստահ ղեկավարը սովորաբար աշխատում է բաց համակարգով՝ առանց զանգվածային ցուցադրական հավաստիացումների։
Վարչապետի թիմն աշխատում է հանրության վրա հոգեբանական ներազդման գործիքներով։ Ինչո՞ւ է բոլորին հավաքել-բերել։ Սա կոչվում է խմբային ներկայության հոգեբանական ազդեցություն։ Փաշինյանը հավաքել է այդ մարդկանց, որպեսզի նրանք իրենց ներկայությամբ հաստատեն նրա դիրքը։ Այլ կերպ ասած՝ ինքը իր շուրջը ծես է կատարում, որ մարդիկ տեսնեն, թե իբր որքան վստահ ու կայուն է։
Փաշինյանը ունի «ընդունված լինելու» խորքային պահանջ, որովհետև իր մաշկի վրա զգում է հանրության պաղ հոսանքը։ Եթե այդ պահանջն իրականում բավարարված լիներ, նա չէր ստեղծի նման տեսարաններ, որտեղ իրենից կախված մարդիկ պետք է առերևույթ համաձայնեն իր հետ։
Նրա նպատակը պարզ է՝ վերահսկել ենթակայության տակ գտնվող աշխատողներին, որոնք չհնազանդվելու դեպքում կարող են աշխատանքից հեռացվել նույնիսկ SMS-ով։ Սա ուժից եկող ինքնավստահություն չէ, այլ ուժի մեխանիկական կիրառմամբ կառուցված վերահսկում։
Ձևականորեն նա խաղում է ինքնավստահություն, բայց հոգեբանական շերտում ունի խոր ճեղք, որն ապաքինվում է միայն իրեն մեծարող արարողություններով։
Այստեղ տեղին է հիշել Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը։ Երբ տերը այլևս ելք չի գտնում ծառայից ազատվելու, կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ու երբ կինը «Կուկո՛ւ, կուկո՛ւ» է կանչում, տերն ասում է․
— Ահա՜, աչքդ լուս։ Կկուն կանչեց, ժամանակդ լրացավ։
Բայց տղան գլխի է ընկնում խորամանկությանը։
— Չէ՛, — ասում է, — ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի։ Սա կկու չի, սա ձեն չի կարող այսպես հանել։ Ես պիտի էս կկվին սպանեմ…
Ու հրացանը ուղղում է ծառին։
Տերը գոռալով ընկնում է նրա առաջ…
Հիմա Փաշինյանը այդ վիճակում է։ Նա փորձում է 2018-ի կկվի դերը խաղալ։
Ցույց է տալիս՝ կկուն եկել է, կանչում է։
Բայց մնում է, որ ժողովուրդը հասկանա այն, ինչ հասկացավ Թումանյանի ծառան՝
կկու կանչելու ժամանակը չէ։






Բաց մի թողեք
Մեկ էլ տեսար՝ խաղաղությունն իրո՛ք իջել, Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան
Ժաննա Անդրեասյանի մուրազը փորում է մնացել
Ինչ կապ ունի ՔՊ-ական Դիանա Գասպարյանի ամուսինը սպանության հետ․ Լուսանկար