Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարան: Այս մասին հայտնել է Մատենադարանի տնօրենությունը՝ կատարվածի համար խոր մտահոգություն հայտնելով։
«Այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների կացարաններում և համայնքի եկեղեցական հաստատություններում առանց անվտանգային պատշաճ համակարգի և պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը: Մատենադարանի տնօրենությունը հնարավոր բոլոր առիթներով հայտարարել է իր պատրաստակամությունը՝ եթե ոչ իբրև նվիրատվություն ընդունելու, ապա այդ մատյանները ժամանակավոր պահպանության առնելու վերաբերյալ:
Սույնով վերահաստատում ենք մեր հանձնառությունը և պատրաստ ենք մասնավոր կամ համայնքային պատկանելության ձեռագիր մատյանների պատշաճ պահպանության համար ի սպաս դնելու Մատենադարանի նյութական և մասնագիտական կարողությունները: Երաշխավորում ենք, որ բոլոր մատյանները մուտք կգործեն Մատենադարանի պահոց՝ ըստ ժամանակավոր պահպանության նախապես ստորագրված պայմանագրի, որում կամրագրվեն սեփականատիրոջ իրավունքները և Մատենադարանի պարտավորությունները:
Ցավալի է, որ Մատենադարանի «Մատյանների տունդարձն» արշավին զուգահեռ, որի շնորհիվ աշխարհի տարբեր աճուրդներից և մասնավոր հավաքածուներից Հայաստան են վերադառնում մեր հոգևոր արժեքները, մեր իսկ երկրում կողոպտվում են և անհետանում հոգևոր պատմության նմուշները: Այս ոլորտում Մատենադարանի հետ համագործակցությունը քաղաքացիական հասունության և պատասխանատվության ցուցիչ է»:


Բաց մի թողեք
Առեղծվածային մահվան դեպք` Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը
Օտարերկրացին հայտնել է, որ «Շառլոտ» ակումբի տնօրենն առաջարկել է գումարի դիմաց uեռական հարաբերություններ ունենալ
Արմավիրում բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել․ նաև կին է ձերբակալվել