«…ես իմ գրականութեամբ աշխարհին ցոյց եմ տալիս Հայաստանի տեղը»: – ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հրեական արմատներով ռուս այլախոհ գրող Յուրի Կարաբչիևսկու անունն այսօր Հայաստանում քչերին է հայտնի, սակայն նրա «Կարոտ առ Հայաստան» վիպակն անցյալ դարի 80-ականների վերջերին մեծ արձագանք է ունեցել Հայաստանում և Ռուսաստանում: Նա մեր երկիրը ճանաչել է ոչ միայն Մանդելշտամի և Բիտովի` Հայաստանին նվիրված ստեղծագործություններով, այլև Հրանտ Մաթևոսյանի գրականությամբ:
1976 թվականին ռուս գրողների հետքերով Կարաբչիևսկին եկավ Հայաստան՝ բացահայտելու ի՛ր Հայաստանը, որ է` Հրանտ Մաթևոսյանը. «Ինձ համար Հայաստանն առաջին հերթին նա է՝ Հրանտը…», իսկ հետո՝ «…Մաթևոսյանի սերն ու կարոտը առ Հայաստան. հենց դա է Հայաստանը, և դա ավելի իրական է, քան տներն ու անտառները, որովհետև դա անփոփոխ է ու հավերժական»:
Ռուս գրողների ստեղծագործությունները Հայաստանի հոգևոր արժեքների վերաբերյալ Յուրի Կարաբչիևսկուն հետաքրքրել էին ավելի վաղ, և նա, 1976 թվականին ասես նախախնամությամբ մեկ ամսով գործուղման լինելով Երևանում (մասնագիտությամբ էլեկտրոնային սարքերի ինժեներ էր) և Հրանտ Մաթևոսյանի հարկի տակ մի երեկո անցկացնելով, 1978-ին գրում է «Կարոտ առ Հայաստան» վիպակը, որը, սակայն, տպագրվում է միայն տասը տարի անց «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի 7-8–րդ համարներում: Նրա ստեղծագործությունները Ռուսաստանում լույս չէին տեսնում այլախոհ հայացքների պատճառով: Միայն Հայաստանում տպագրվելուց հետո է Ռուսաստանում գրողի ստեղծագործությունների հրատարակության առջև ճանապարհ բացվում. մեկը մյուսի հետևից լույս են տեսնում բանաստեղծությունները, արձակն ու գեղագիտական խոհագրությունները «Տեատր», «Դրուժբա նարոդով», «Օկտյաբր», «Նովի միր» հանդեսներում:
Յուրի Կարաբչիևսկին ծնվել է 1938 թ. Մոսկվայում: Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1955 թվականին, հետագա տարիներին կարողացել է լույս ընծայել… ընդամենը չորս բանաստեղծություն: 1974-1988 թվականներին հրատարակվել է միայն արևմուտքի (Գերմանիա, Ֆրանսիա) ռուսալեզու մամուլում՝ տարբեր պարբերականներում և հանդեսներում: Արտերկրում տպագրված առաջին ստեղծագործությունը 1974-ին «Մանդելշտամի փողոցը» ակնարկն էր (Ռուսաստանում այն հնարավոր եղավ հրատարակել միայն Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991-ին): Վտարանդի մամուլի հետ ունեցած կապի պատճառով Կարաբչիևսկին միշտ եղել է ձերբակալման վտանգի տակ: 1979 թվականին Անդրեյ Բիտովը նրան հրավիրում է մասնակցելու «Մետրոպոլ» խորագրով անկախ ալմանախի կազմման աշխատանքներին, և «մետրոպոլյան» աղմկահարույց քաղաքական սկանդալից հետո (ալմանախը լույս էր տեսել առանց գրաքննություն անցնելու) ենթարկվելով հետապնդումների և ճնշումների՝ նա՝ որպես այլախոհ գրող, միջազգային ճանաչման է արժանանում, և գրական ազատամիտ շրջանակներում նրա ստեղծագործությունների հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջանում: Սակայն նրան իրական գրական համբավ բերում է 1985-ին Մյունխենում հրատարակված «Մայակովսկու հարությունը» գիրքը, որը նրա հեղինակած մի շարք այլ գրքերի հետ հետագայում լույս է տեսնում նաև Ռուսաստանում: Խորհրդային Միության փլուզումից հետո՝ կյանքի վերջին երկու տարիներին, Իսրայելում որպես վտարանդի բնակություն հաստատելուց հետո Կարաբչիևսկին վերադառնում է Մոսկվա, որտեղ էլ 1992 թվականին վախճանվում է՝ մեծ քանակությամբ քնաբեր ընդունելով:
Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» վիպակը թարգմանվել է հայերեն և տպագրվել 2018 թվականին «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի կողմից: Վիպակի առանցքը հանդիպումն է մեծ գրողի հետ:
Հետաքրքիր են ռուս գրողի խորհրդածությունները ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի, այլև մեր երկրի մշակույթի, անցյալի, ապագայի և ամենօրյա կյանքի մասին, ոչ շաբլոն մտածողություն, ինչ-որ տեղ նաև անսովոր, նոր հայացք. «Ես միշտ սիրել եմ Հայաստանը և միշտ կարոտ եմ զգացել առ Հայաստան: Այն եղել է իմ պատկերացրած երկիրը՝ շռայլ, ուժեղ ու երջանիկ, և ինձ համար այդպես էլ մնացել է և միշտ կլինի այդպիսին՝ անկախ աչքի տեսածից»:
Ռուս գրողի համար Հայաստանը երազելի երկիր էր մի քանի առումներով:
Ռուսաստանում շատերի համար Հայաստանը բացահայտել է Օսիպ Մանդելշտամն իր «Հայաստան» բանաստեղծությունների շարքով և «Ճամփորդություն Հայաստան» խոհագրությամբ: Կարաբչիևսկին պաշտամունքի հասնող սեր ուներ Մանդելշտամի հանդեպ, և Հայաստանը նրան թանկ էր այդ առումով: Ստեղծագործական տևական ճգնաժամ ապրած ռուս մեծ բանաստեղծի համար մեր երկիրը եղել է ներշնչանքի հզոր աղբյուր.««Հայկական բանաստեղծություններ»-ով միանգամայն նոր շրջան սկսվեց նրա կյանքում. երկարատև շնչահեղձությունից ու համրությունից հետո մինչև իր կործանումը հանճարեղ թռիչք՝ առանց որևէ անկման: Հենց այդ միակ բանն էլ բավական է, որ սիրեմ Հայաստանը»: Կարաբչիևսկին, Երևանում փնտրելով ռուս մեծ բանաստեղծի հետքերը, պատահաբար հայտնվում է այն միակ տեղում, որը, «…անկասկած, փնտրում էի ոչ թե օտար սրբությունների նկատմամբ ունեցած հարգանքից, այլ հարգանքի տուրք մատուցելու պահանջից»:
Մյուսը հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկի՝ Անդրեյ Բիտովի հանրահայտ «Հայաստանի դասերը» գրքի անմիջական ազդեցությունն էր: Յուրի Կարաբչիևսկին բարձր էր գնահատում Բիտովի «…դասեր»-ը, որ կարդացել էր մի քանի անգամ «…և բազմաթիվ անգամ՝ հատվածաբար» և այնքան տարված էր դրանով, որ Երևան մեկնող ինքնաթիռում գիրքը ծնկներին էր՝ մտովի հիշելու էջեր, որ Երևանում «…որպես սկիզբ հենվելու բան» ունենա: «Կարոտ առ Հայաստան»-ի ստեղծման իսկական ակունքներում Անդրեյ Բիտովն է: Կարաբչիևսկու ծանոթությունը Հրանտ Մաթևոսյանի գրականությանը նույնպես եղել է նրա միջոցով. նա է ռուս գրողին ընթերցելու տվել Մաթևոսյանի «Հաց և բան» գիրքը, որի մեջ ընդգրկված էին «Նարնջագույն զամբիկը», «Մայրը գնում էր որդուն ամուսնացնելու» և «Գոմեշը» ստեղծագործությունները:
Հետաքրքիր է և զարմանալի, թե որքան նման է եղել Բիտովի և Կարաբչիևսկու՝ առաջին անգամ Հայաստան այցելելու նախապատմությունը. ասես գծված նույն ձեռքով ու սցենարով: Երկուսի այցն էլ եղել է աշնանը, երկուսինն էլ՝ միանգամայն պատահական: 1967-ի աշնանը Անդրեյ Բիտովին երկու շաբաթով Ճապոնիա գործուղման մեկնելն արգելվել է խորհրդային իշխանությունների կողմից, և փոխարենն անսպասելիորեն «առաջարկվել» միութենական որևէ հանրապետություն. նա ընտրել է Հայաստանը: Ճիշտ նույնպես 1976-ի աշնանը Կարաբչիևսկուն Լեհաստան և Հունգարիա գործուղման մեկնելն արգելվել և փոխարենն անսպասելիորեն «առաջարկվել է» մեկ ամսով մեկնել նույնպես միութենական որևէ հանրապետություն՝ «օրինակ՝ Հայաստան»: Իհարկե Հայաստան: Վերջապես «…լինե՜լ որպես գրական փաստ գոյություն ունեցող առեղծվածային ու տենչալի երկրում՝ ռուս գրողների կերտած քաղաքում»:
Հրանտ Մաթևոսյանի մահվանից տարիներ անց իր «Պատահականություն և ճակատագիր» խոհագրության մեջ Անդրեյ Բիտովը գրելու է. «Ես քեզ համար առաջաբան գրեցի 1967-ին և դեռ գիրքը լույս չտեսած՝ իսկույն հայտնվեցի Երևանում քեզ հյուր և ռուսականին ոչ բնորոշ համեղ խորտիկների առատության մեջ՝ «Էլի՞ սուրճ»… որպեսզի հենց դրանով էլ սկսեի «Հայաստանի դասերը», որ պետք է գրեի ու գրեի»…
Իր «երկրի դուռը» ռուս ընկերոջ առջև երկու շաբաթով հյուրընկալորեն բացած Հրանտ Մաթևոսյանը նրան ծանոթացնում է Հայաստանի հոգևոր արժեքներին, պատմությանը….
1969-ին «Դրուժբա նարոդով» ամսագրում տպագրվում է Անդրեյ Բիտովի համար ջրի, խոտի և քամու պես շոշափելի անսովոր «լույսի» երկրի՝ 1960-ականների վերջերի հոգևոր Հայաստանի պատկերով վիպակը. «Արդեն վերադառնալուս ժամանակն է: Որտեղի՞ց եմ ես գտել այդ գեղեցիկ երկիրը և նրա կարոտը, երբ ես միայն իմ հայրենիքն եմ սիրում և ոչ մի այլ տեղ ապրել չեմ կարող:
Ես միանգամայն հնարավոր եմ համարում, որ ինձ համար այդպիսին կարող էր դառնալ նաև որևէ այլ երկիր, ո՛չ Հայաստանը: Բայց Հայաստա՛նը դարձավ իմ ավետյաց երկիրը: Նա դրանում մեղք չունի: Ուստի և այս ակնարկը այնքան նրա մասին չէ, որքան այն մասին, թե Հայաստանը ինչ է դարձել ինձ համար:
Մի քաղաք, մի լիճ, մի լեռ ունեցող երկիր, իմ բարեկամի օրրան»: «Հայաստանի դասերը» և մինչ այդ նաև «Լիտերատուրնայա գազետա»-ում արդեն տպագրված «Հովվերգություն, ХХ դար» խոհագրությունը ծնվեցին մեր երկրի և Հրանտ Մաթևոսյանի հետ ունեցած մեծ բարեկամության, երախտագիտության ու սիրո շաղախից:
Անցյալ դարի 60-ականների վերջերին և 70-ականներին Հրանտ Մաթևոսյանը, չունենալով հայ ընթերցողի մեծ լսարան, ուներ ռուս ընթերցող, որը ծանոթ էր ոչ միայն Ռուսաստանում տպագրված նրա «Մենք ենք, մեր սարերը» (1967), «Օգոստոս» (1972), «Հաց և բան» (1974) գրքերին, այլև նրա մասին մի շարք գրախոսություններին, որ պարբերաբար տպագրվում էին ռուսական գրական մամուլում:
Յուրի Կարաբչիևսկին ազնվորեն գրում է, որ հայ գրողի գիրքը ձեռքն է առել վերապահումով. «Թեև այդ գիրքն ինձ տվել էր ոչ թե պարզապես ինչ-որ մեկը, այլ խելացի մարդ ու մեծ գրող, ես, միևնույնն է, չէի հավատում: Նա Մաթևոսյանի վաղեմի ընկերն էր, իսկ մի՞թե ընկերոջ մասին վատ բան կասեն»: Եվ մինչ գիրքի ընթերցումը ռուս գրողը հայ գրականության շուրջ ունեցած իր խոհերն անկեղծորեն կիսում է ընթերցողի հետ: Բարձր գնահատելով հայ պոեզիան՝ նշում է, որ բացի փառավոր 5-րդ դարից՝ հայ գրականությունը երկար դարեր քիչ թե շատ նշանակալից արձակ չի ունեցել, որ «…մեծ գրականություն կարող է ստեղծել միայն մեծ ժողովուրդը: Տառացիորեն մեծ, ինչպես բնակչության թվով, իհարկե, այնպես էլ պատմական դերով»: Եվ որ նոր սկսող ամեն գրող պետք է սկսի զրոյից, բայց եթե նույնիսկ սկսի, միևնույնն է, «…ինչքան էլ տաղանդավոր լինի գրողը, նրա ճակատագիրը գավառականությունն է, վերապատմելը»: Նա համոզված է, որ արվեստի իսկական գործ ստեղծելու համար գրողը պետք է մշակված լեզու ունենա՝ «…համապատասխան ոճին ու ժամանակի ոգուն», և որ չափազանց կարևոր են ստեղծագործության «…ընդհանուր մասերի հղկվածության աստիճանն ու ընդհանրացվածության բացարձակ մակարդակը»: Կարաբչիևսկին նաև խիստ կարևորում է երկի թարգմանության խնդիրը: Պոեզիայի առումով նույնպես ունենալով առարկություն («…առավելագույնը թարգմանչի բանաստեղծություններն են»), միաժամանակ կարծում է, որ «…արձակն անկասկած թարգմանելի է»:
Եվ ձեռքն առած գրքից ու նրա հեղինակից այնքան էլ սպասելիքներ չունենալով՝ նա խորասուզվում է ընթերցանության մեջ: Ի վերջո, մոռանալով իր բոլոր դատողությունները՝ զարմանքով ու հիացմունքով խոստովանում. «Այդ գրքում կային բարձր արձակի բոլոր տարրերը՝ ոճը, ռիթմը, պատկերների ճշգրտությունը, կերպարների իսկությունը առանց իդեալականացնելու, առանց ոճավորելու, առանց գույները խտացնելու, առանց նրբացնելու. կյանքը, թվում է, ոչ մի մշակման չէր ենթարկվել, մենք այն ստացել էինք առաջին ձեռքից, սակայն դա իսկական վարպետի ու սքանչելի մարդու ձեռք էր»: Ընթերցումից հետո նա ձգտում է հանդիպել Հրանտ Մաթևոսյանին՝ համոզվելու՝ արդյոք հայ գրողը համընկնո՞ւմ է այն կերպարին, որին ինքը «տեսնում էր» նրա գիրքն ընթերցելիս, որովհետև «Զգացումների սրվածությունը, մտքերի մաքրությունը, բարությունը, խելքը և, որ ամենակարևորն է, խիղճը, չեն կարող ծնվել միայն ստեղծագործելիս և ապրել միայն երևակայական աշխարհում: Դրանք մարդու մեջ պետք է լինեն ի սկզբանե, մինչև գրասեղանի առջև նստելը: Ես ուզում եմ այդպես լինի և հավատում եմ դրան»:
Նրա գործուղումն անցնում է երևանյան գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ գործում էր գրական խմբակ: Պարապմունքները վարում էր թարգմանիչ Գեորգի Կուբատյանը՝ «իմ լավագույն գյուտը Հայաստանում», ինչպես գրում է նրա մասին Կարաբչիևսկին: Հավանաբար ինքը՝ գրողը, նույնպես մասնակցել է պարապմունքներին, որովհետև ուզում էր հայերեն սովորել (ըստ վիպակի): Գրականության նկատմամբ ունեցած նույն հայացքն ու ճաշակը մտերմացնում է նրանց. «Մանդելշտամի մասին մեր հոդվածներն էինք փոխանակում. «անգամ այստեղ համընկնում կար»: Նրանք թափառում էին աշնանային քաղաքում, անցյալ դարի 70-ականների երևանյան սրճարաններում վայելում սուրճ ու շամպայն, սակայն երկուսի համար էլ շատ ավելի հաճելի էր խոսքուզրույցի հիմնական թեման՝ Հրանտ Մաթևոսյանի գրականությունը. «Այո՛,-ասում է Սերգեյ Ասոյան-Կուբատյանը,-դու ճիշտ ես: Հրանտը զարմանալի երևույթ է: Նա ստեղծագործում է համարյա դատարկ տեղում: Հրանտը հիանալի է նաև նրանով, որ կարողացավ յուրացնել ռուսական գրական փորձը, այո՛, և ոչ միայն ռուսական, ու ինչ-որ հրաշքով այն արտահայտեց հայերեն: Եվ նա գրում է այնպես, ասես ամենևին էլ առաջինը չէ, ասես նրանից առաջ հայ մեծ արձակ է եղել և ոչ թե հին ժամանակներում, երբ այն իսկապես եղել է, այլ հիմա՛, ա՛յժմ, նաև անցյալ տարի: Մինչդեռ ամեն ինչ, թեկուզ հենց լեզվի առումով, հեռու է հեշտ լինելուց… Այստեղ հարյուրամյակներով մեծ արձակ չունենալը ճակատագրական է եղել… Եվ մեր սքանչելի Հրանտը, հայ նոր արձակ ստեղծելով, միաժամանակ կատարում է գրական ու բանավոր խոսքի մերձեցման վիթխարի աշխատանք: Այստեղ, ինչպես տեսնում ես, պարզ մեխանիկական փոխադրումով չես պրծնի: Իսկ թե ինչպես է դա նրան հաջողվում, պարզապես հրաշք է և գաղտնիք…»:
«Կարոտ առ Հայաստան» վիպակը բազմաշերտ է, և այդ շերտերի քննարկումը թողնելով այլ առիթի կամ ժամանակի՝ անդրադառնանք միայն Հրանտ Մաթևոսյանի հետ ռուս գրողի հանդիպմանը՝ վիպակի «Հրանտը» գլխին:
Վերջապես կայանում է սպասված հանդիպումը: Ընդհանրապես Յուրի Կարաբչիևսկին պատմում է անբռնազբոս ու անկեղծ և ընթերցողին մասնակից է դարձնում ամեն ինչին. մանրուքն անգամ չի վրիպում նրա ուշադրությունից: Փողոցում, ըստ պայմանավորվածության, Հրանտ Մաթևոսյանին հանդիպելիս ռուս գրողի ապրումները՝ հուզմունքից կարկամելը և երկյուղածությունից բառեր չգտնելը, փոխանցվում են ընթերցողին: Կարծում ենք՝ մաթևոսյանասեր ընթերցողին հետաքրքիր է ռուս գրողի շնորհիվ 1976 թվականի աշնանային (հոկտեմբերին) մի երեկո «հյուրընկալվել» 41-ամյա Հրանտ Մաթևոսյանին, «լինել» նրա նոր բնակարանում, «ունկնդրել» նրանց այնքան ուշագրավ, նույնպես բազմաշերտ ու հետաքրքիր զրույցը, մոտիկից «տեսնել» սիրելի գրողին ընտանեկան միջավայրում կնոջ ու երեխաների հետ, որ մասնակցում, լրացնում և գույն են հաղորդում զրույցին, «վայելել» հյուրընկալ տան ջերմությունն ու ներդաշնակությունը, տուն, որտեղ, ի զարմանս Կարաբչիևսկու, «հաց են տալիս անգամ գիշերվա ժամը 11-ին»: Նաև ինչ-որ չափով զգալ այն մթնոլորտը, որ նպաստում է գրողին՝ արարելու, «տեսնել» արդեն տպագրության պատրաստվող նրա «նոր գրքի» (արդյոք «Մեր վազք»-ի՞, թե՞ «Ծառեր»-ի) ձեռագիրը, գրամեքենան, ի վերջո «տեսնել» գրասեղանը, որի առջև ստեղծվել է Հրանտ Մաթևոսյանի մեծ գրականությունը:
«Վերջապես առաջին անգամ հայկական տառերով գրամեքենա եմ տեսնում.
– Իսկ դու… ո՞ր տառատեսակով ես… գրում,– հարցնում եմ ուշքի գալով:
– Ո՛չ, ո՛չ, ո՛չ,–նա տարուբերում է գլուխը:–Միայն ձեռքով, այլ կերպ չեմ կարող: Ուրիշ ռիթմ է, այլ արձակ: Ձեռքը պետք է ինքը…»:
Իրեն հատուկ ոճով ռուս գրողը մանրամասն նկարագրում է այդ երեկոյի բոլոր՝ «սկզբից մինչև վերջ» իրեն պարուրած (նույնպես ընթերցողին սահուն փոխանցվող) «…ուրախության, հարմարավետության և բավարարվածության ու ներդաշնակության զգացողությունները: Ոչ մի վայրկյան անհարմար չզգացի, ոչ մի ակնթարթ՝ օտար»:
Նրանց զրույցում ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի մտքերն ու խոհերն են գրականության մասին, այլև իր երկրի ու ժողովրդի ճակատագրով ապրող Մեծ Մտածողի կերպարը: 1976 թվականի նրա մտահոգություններն ու անհանգստություններն այսօր՝ այդ հանդիպումից համարյա կես դար անց, նույնքան այժմեական են: Նրան տեսնում ենք այնպիսին, ինչպիսին ճանաչում էինք: Ռուս գրողին հաջողվել է կերտել Հրանտ Մաթևոսյանի ճշգրիտ կերպարը՝ սկսած արտաքին նկարագրությունից. «Նա նիհար էր, բարձրահասակ, բայց բավական լայնաթիկունք ու թեպետ ձեռքս սեղմեց թեթևակի, ես նրա մեջ նյարդային կոշտ ուժ զգացի: Նրա խոշոր աչքերը փոքր-ինչ կարմրած էին, ասես թեթևակի բորբոքված լինեին, և դրանից խելացի ու սուր հայացքն ավելի խորաթափանց էր դարձել: Դե նրա ողջ կերպարանքից`պրկված այտոսկրերից, լիքը, բայց նյարդային շրթունքներից, գագաթին դեմ առած բարձր ճակատից զգացվում էր ինչ-որ տենդագին բան: Առաջինը հենց այդ բառը ծագեց իմ գլխում և հետագայում էլ մնաց իբրև էական բնութագիր»: Իսկ հետո՝ «Պիրկ ձգված մաշկով հզոր ճակատ, թավ հոնքեր, ծնոտի վրա նեղացող խոշոր դեմք, ամուր գծով նիհար այտոսկրեր: Ըստ չինական «դեմքերի ընթերցման» կարգի՝ գրական, զգացմունքային, ստեղծագործական հզոր ներուժով լեցուն տեսակ է, սակայն ողբերգականի սրված զգացողությամբ: Նա նման չէ փթթուն կյանքով ապրող գրողի: Դե ինչ, հրաշալի է: Բայց ի՞նչ բեռ է նրա հոգուն ծանրացած»:
Հայ գրողի հոգուն մեկ «բեռ» չէ, որ ծանրացած էր. այդ «բեռ»-ների շուրջ էլ ծավալվում է նրանց զրույցը:
Հենց խոսակցության սկզբից, ի զարմանս ռուս գրողի, սեփական երկրում քիչ ընթերցող ունեցող գրող Մաթևոսյանի մտահոգությունն է. «Իմ վիճակն անհույս է,–ասում է Հրանտը:–Գրող՝ առանց ընթերցողի: Ես համարյա անձամբ, հեռակա կամ լսելով գիտեմ իմ բոլոր ընթերցողներին: Իմ ընթերցողներն իմ ծանոթներն են: Ի՞նչ ես կարծում՝ գրողը կարո՞ղ է գրել իր ծանոթների համար»: Անակնկալի եկած ռուս գրողը հակադարձում է. Հրանտ Մաթևոսյան գրողը բավականաչափ ընթերցող ունի Ռուսաստանում, ոմանց ճանաչում է, ինքն էլ նրանցից մեկն է, և իրեն նրա գրականությունն է բերել Հայաստան: Սակայն հասկանալի է հայ գրողի դառնությունը. չէ՞ որ առաջին հերթին նա գրում է հայ ընթերցողի համար:
70-ական թվականները դժվարին էին Հրանտ Մաթևոսյանի համար: Ի տարբերություն հայ ընթերցողի՝ արտերկրյա ընթերցողն արդեն վաղուց ծանոթ էր նրա գրականությանը: Խորհրդային Միությունում և աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Բեռլինում (1969), Սոֆիայում (1975), Դեբրեցենում (Հունգարիա) (1976), Վարշավայում (1977), Բրատիսլավայում (1977), Պրագայում (1973, 1977), Վառնայում (1978), ինչպես նաև խորհրդային հանրապետություններում՝ Մոլդովայում (1969), Լիտվայում (1969), Վրաստանում (1971, 1977), Կիրգիզիայում (1972), Էստոնիայում (1974), Ուկրաինայում (1975), հրատարակված հայ գրողի առջև հայրենի երկրում տպագրվելու համար դռները փակ էին: 1960-ականներից՝ հենց գրականություն իր մուտքից, հայաստանյան գրական շրջանակներում Հրանտ Մաթևոսյանը շատ հայտնի դեմք էր, սակայն ընթերցող լայն հասարակությունը նրան այնքան էլ չէր ճանաչում: Հավանաբար հայ փոքրաթիվ ընթերցողին, որին գրողն «անձամբ էր ճանաչում», հայտնի էին նրա՝ միայն 1967-ին լույս տեսած միակ գիրքը՝ «Օգոստոս»-ը և 1969-ին նրա սցենարով նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» կինոֆիլմը (թեև չենք բացառում նաև ռուսական գրական մամուլը, որ հասանելի էր Հայաստանում): Ռուս գրողի հետ հանդիպումից միայն երկու տարի անց՝ 1978-ին էին միաժամանակ տպագրվելու Մաթևոսյանի «Մեր վազքը» և «Ծառերը» գրքերը, և հայ ընթերցողի համար գրողի իսկական ճանաչումը դրանից հետո էր լինելու: Իսկ մինչև այդ ինչքա՜ն դժվար ժամանակներ է ապրել գրողը՝ հատկապես կապված «Ծառերը» գրքի տպագրության հետ. «Առաջին գիրքը 67-ից առաջ պիտի լիներ: Շարեցին ու շարվածքը թափեցին… Ովքեր արեցին, երևի պիտի ասեին՝ Կենտկոմը, չգիտեմ: Մի կերպ, շատ դժվար տպագրվեց: Մի խոսքով՝ դարձյալ Մոսկվան լայն դռներ բացեց: «Լիտերատուրնայա Արմենիա»-ում Սուրեն Աղաբաբյանը տպագրել տվեց «Մենք ենք, մեր սարերը» և մոսկովյան գրախոսություններն ինձ էստեղ իմոնց աչքում նկատելի մի բան դարձրին: Դրանից հետո վերաբերմունքը մի քիչ փոխվեց: Ես չէի շտապում երկրորդ գիրքը տալ: Գիրքը ինձ համար սրբություն է, չի կարելի հենց էնպես՝ հարահոս արտադրություն դարձնել… Մի խոսքով, «Ծառերը» ամբողջական մի գիրք չեղավ: «Մեսրոպը» դուրս էին գցել «Օգոստոսից»: «Բեռնաձիեր» շարքի մեջ էր, լավ տղերքը դուրս գցեցին, չնայած որ Մոսկվայում արդեն տպագրվել էր և «Դրուժբա նարոդով»-ի տարեկան մրցանակն էլ ստացել: Հայերեն «Մեսրոպը» առաջին անգամ դրսում է տպագրվել, Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում, 1969-ին: 77-ի գրքում դարձյալ դա և «Խումհար» վիպակը իմ կյանքը կերան: Էդ ժանիքավորները, որ դեռ կան հիմա, որ ետին թվով իրենց երեկվա հրապարակի հերոս են տեսնում, չեն ասում՝ ինչ ենք արել: Գիրքը չորս տարի ուշացումով տպագրեցին: Զզվեցրին ինձ ինձանից, իրենցից, գրից ու գրչից: Դա ուղղակի նողկալի էր: Էդ ինչ արեցին: «Խումհարը» փչացրին…Մի գիշերվա մեջ 50 էջ կրճատել ու էդպես ուղարկել էին տպագրության: Փոխել էին գրքի շապիկը, թուղթը, գինը…Մի 78 կոպեկանոց գիրք հրապարակ բերին մի գիշերվա մեջ: Ես էլ նրանցից չեմ, որ ընկնեմ հետո նորից կցեմ-կցմցեմ: Զզվելի էր էդ ամբողջ աշխատանքը… Մուշեղը՝ սիրելի, սիրելի, սիրելի Մուշեղը, ձեռագրիս անգամ ստորակետին ձեռք չտալով, գիրքը իջեցրեց տպարան՝ ինքը գործից դուրս եկավ: Եվ նրանից հետո նրա գործը սկսեցին քննել: Ահա, նրա գործերի մեջ նաև ես էի: «Գիրքս տպարանից ետ բերեցին ու քրքրեցին, հերն անիծեցին: «Մեծամոր» էսսեն, «Մեսրոպը», «Խումհարը»: Սպանեցին ուղղակի: Ստիպված եղա «Մեսրոպ»-ից հատվածներ կրկնել «Խումհար»-ի մեջ, ամբողջ կտորներ: Եթե դու չես թողնում, որ էստեղ ասեմ, ես մի ուրիշ տեղ այնուամենայնիվ կասեմ: Իհարկե, ազատությունն եմ նախընտրում, իհարկե, ազատությունը, իհարկե, թեկուզ անտարբերությունը, բայց ոչ այդ սրված, այդ թշնամական վերաբերմունքը»:
Հետաքրքիր է Հրանտ Մաթևոսյանի գնահատականը տարբեր ազգերի (զրույցում՝ հայերի և հրեաների) «…մշակույթների և ճակատագրերի նմանության, արմատների, հնամենիության, ողբերգականության ու ազգային ոգու դիմացկունության» մասին, սակայն Կարաբչիևսկու համար ցնցող է հայ գրողի հոգուն ծանրացած մեծ «բեռ»-ը՝ «…համարյա առաջին ձեռքից» քրիստոնեություն ընդունած հայ մարդու վարքին տրված նրա գնահատականը. «Հայերի, ինչպես աշխարհում ոչ մի այլ ազգի համար, կրոնից հրաժարվելը մահացու եղավ: Ոչ շատերի, այլ հայերի համար քրիստոնեությունն ամեն ինչ էր: Չէ՞ որ Հայաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որտեղ քրիստոնեությունը պետական կրոն դարձավ: Եկեղեցին դարձավ և՛ պետություն, և՛ դպրոց, և՛ գիտություն, և՛ գրականություն, և՛ մշակույթ: Հայի համար Աստծո տաճարը հոգևոր և կազմակերպչական կենտրոն մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ եկեղեցին կորցրեց իր այդ առաքելությունը բոլոր քրիստոնյա ժողովուրդների կյանքում: Անգամ լեհերի ազգային կյանքում եկեղեցին այդքան բացառիկ դեր չխաղաց, բայց լեհերը բոլոր կատակլիզմների միջով իրենց կաթոլիկությունը պատվով տարան… Իսկ հայերը հոգևոր առումով ավելի թուլացան, չդիմացան, հրաժարվեցին… և մնացին ձեռնունայն: Ում-ում, բայց նրանց բախտը չի բերի: Ես չգիտեմ, չգիտեմ՝ մենք հիմա որպես ժողովուրդ կպահպանվե՞նք. միայն հրաշքը կփրկի մեզ…»: Զրուցակցի հետ Մաթևոսյանի խոսքը լի է հուզումով. ռուս գրողի դիտողունակ աչքից չի վրիպում հայ գրողի ներքին ինքնայրումը, նրա պատասխանատվությունն իր երկրում կատարվող ամեն ինչի համար. «Այդ թեման ինձ համար նոր չէ, սակայն նա շարադրում է այնքան ոգեշնչված (և այդ ամենն ախր օտա՜ր լեզվով), որ ամբողջովին գերո՜ւմ է ինձ: Ես նայում եմ նրա գեղեցիկ դեմքին և մտածում այն մշտական ներքին կրակի մասին, որ այրում է նրան: Արդյոք ֆիզիկապես առո՞ղջ է… Այդպիսի ինքնազոհությամբ ապրող մարդը չի կարող լիովին առողջ լինել»: Մի՞թե մեծ գրողի վերը նշած «թուլանալու, չդիմանալու, հրաժարվելու» խոսքի ապացույց-կանխատեսումը չէր քրիստոնեության 1700-ամյակին ընդառաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային Ժողովում տեղի ունեցած ոճիրը, որ ցնցեց մեծ գրողին: Մի՞թե մեր ազգային բոլոր ողբերգությունների պատճառը մեր հոգևոր առումով նահանջելը չէ, հեռանալը չէ հայ եկեղեցուց, քրիստոնեաբար ապրելը չէ: Այս օրերին էլ աշխարհաքաղաքական դաժան մարտահրավերների և արհավիրքի առջև կանգնած մեր ժողովրդի համար առավել քան երբևէ մի՞թե օդ ու ջրի պես անհրաժեշտ չէ համախմբումը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու շուրջ՝ դառնալու ուժ և դիմագրավելու մեզ պատուհասած դաժան փորձությունները: Երբ կարդում ենք մեծ գրողի «Ես ես եմ» հարցազրույցների «գերխիտ» (իր սիրած բառով (Կ.Մ.)) ասելիքով բազմաբովանդակ ստվար հատորը, տեսնում ենք, որ գրողի բոլոր պատասխաններում իր երկրի ճակատագրի հանդեպ նույն մտահոգություններն են, ինչ հնչել են աշնանային այն երեկո, սակայն շատ ավելի լեցուն տագնապով ու անհանգստությամբ: Ըստ մեծ գրողի՝ «էպոխա է փոխվել», և անկախության ու պետականացման ճանապարհին ոտք դրած ժողովուրդը անհաղթահարելի բազում դժվարությունները պետք է հաղթահարի իմաստնությամբ և ճիշտ տարվող պետական քաղաքականությամբ:
Իսկ երբ ռուս գրողը հիացմունքով խոսում է հայ ժողովրդի «ազգային ոգու գաղտնիքի, նրա զարմանալի դիմացկունության և ճկունության» մասին և իրեն այնքան հետաքրքրող հարցին, թե, ի վերջո, որտե՞ղ է Հայաստանը, լսում է Մաթևոսյանի պատասխանը՝ նույնքան սարսռեցնող և դաժան (նրա հոգուն ծանրացած մյուս «բեռը»). «Չգիտեմ,-մտախոհ ասում է նա:- Ես հիմա էլ չգիտեմ՝ որտեղ է Հայաստանը: Այո՛, առաջ գյուղում էր, ավելի շատ այնտեղ է եղել: Բայց գյուղը նույնպես այլասերվել, ամեն ինչ կորցրել է: Դարձել է ճիշտ նույնպիսի դատարկ քաղքենի, ինչպիսին քաղաքն է: Հայաստան չկա, Յո՛ւրա, որտեղ էլ փնտրես, միայն մեր կարո՜տն է առ Հայաստան»:
Հենց իր մուտքից գրականություն Հրանտ Մաթևոսյան գրողին հուզում և անհանգստացնում էր «իր սեփական ոտքի տակի հողի համար» պատասխանատվություն չզգացող անտարբեր, իր հողից օտարացող ու հեռացող, հողի նկատմամբ թշնամանքով լցված, իրեն իր երկրի տեր չզգացող հայ (ոչ միայն) մարդու վարքը (ևս մեկ «բեռ»): Այդ խնդրի առաջին ակորդները տեսնում ենք դեռևս ուսանող Մաթևոսյանի «Տափաստանում», ապա «Ահնիձոր»-ում («Խոպան են գնում, նրանց փոխարեն գալիս է մի երկու նամակ, հետո այդ էլ չի գալիս, բանակ են գնում՝ մնում, քոչում են Կիրովական, Երևան, քաղա՛ք, որն ուզում է լինի»…»), ինչպես նաև, «Մենք ենք մեր սարեր»-ում («Մի օր հաշիվները փակեց ոչխարի հետ, ընտանիքն առավ, գնաց քաղաք»: «Իհա՜րկե, Իշխա՛ն, քաղաքն առանց քեզ դժվար է ապրում, քնում է, արթնանում՝ Իշխանն ինչո՞ւ չեկավ: Գնա՛, Իշխան, քաղաքի փողոցում կանգնիր ու շվշվացրու: Գիշերներն արթնացիր ու պատուհանից հովվականչ սուլելով ուղեկցիր սպանդանոց քշվող հոտը»: Այս մտահոգությունները մի քանի տարի անց գեղարվեստորեն ավելի գերխիտ և շատ ավելի սրությամբ տեսնելու ենք «Տերը», «Տաշքենդ», «Տախը» ստեղծագործություններում: Կորչող նախնական արժեքներ և մարդկային ավանդական հարաբերություններ, հեռուներում հաց փնտրող անբան հայ մարդ: Ձեռքն ամեն ինչի վրա թափ տվող «անսիրտ, անհոգի, անտարբեր» և դիմազրկվող ղեկավարների ոչ ճիշտ քաղաքականության պատճառով գյուղերից քաղաք լցվող բնակչություն, ամայացող գյուղեր («Արդեն հատնող ժողովուրդ էին, մոմի նման՝ որ արդեն հատնելու վրա է…») և աստիճանաբար դեմքը կորցնող «քաղքենի» մայրաքաղաք…
Դեռևս 1970 թվականին այդ մտահոգություն-անհանգստությունից ծնված «Ստիլիզացիայի մասին» հոդվածում գրողը քննում է, թե որտեղ են այդ թշնամանքի արմատները, ի վերջո, ինչո՞ւ է հայ մարդն օտարացել հողից, և հանգում է հետևյալին. «Հողի և հողագործի այս գժտությունն սկսվել է ամենայն հավանականությամբ երեսնական թվականներին, բայց շատ ավելի խորացել հիսունական թվականներին և տագնապալի է դարձել անցած տասնամյակում: Երկրի քաղաքակրթմամբ՝ հողի հին կախյալ սերը պետք է վերաճեր, որպես սովետական քաղաքակրթության անկապտելի մաս, բնության պաշտամունքի, այնինչ դարձավ նախ հոխորտանք բնության նկատմամբ, ապա կերպափոխվեց ակնհայտ թշնամանքի՝ որպես հետամնաց երկրի բռնի քաղաքակրթեցման պարտադիր հավելուկ: Դա նաև հետևանք էր գյուղի նկատմամբ մեր անճկուն քաղաքականության… Այսօր մենք կանգնած ենք հողի նկատմամբ գյուղացու թշնամանքի փաստի առջև:
Իսկ եթե թերթելու լինենք սովետահայ գրականության տարեգրությունը, մեր առջև կկանգնի լկտիորեն գեղեցիկ մի սուտ՝ թե հողի հետ գյուղացիությունը բարեկամություն էր անում առանձին-առանձին անհատներով, իսկ հիմա բարեկամություն է անում կոլեկտիվորեն»… Այս դեպքում Հրանտ Մաթևոսյանը շատ է կարևորում գրողի առաքելությունը. նա պետք է լինի զգոն աչք ու ականջ և ազնիվ տարեգիր, որովհետև «Գրականությունը ժողովրդական հույսերի և տագնապների տարեգրությունն է, երեսնական թվականների մեր գրականությունը իսպանական ֆաշիզմի և իսպանական դեմոկրատիայի տագնապներից ու հույսերից ինչ-ինչ բաներ այսօրվա մեր սերնդին հասցնում է, բայց մեզ հասցնո՞ւմ է գոնե մի երկու ակորդ այն տագնապներից, որոնք այսօր ավելի քան լսելի են և որոնց ծնունդը վերաբերում է երեսնական թվականներին: Եվ մենք ինչպե՞ս կարող ենք հարգել այդ խուլ ու կույր գրականությունը, և վաղվա սերունդը ինչո՞ւ է հարգելու մեր այսօրվա խուլ ու կույր գրականությունը, որը երդվել է ականջների բամբակը չհանել և աչքերը չբացել»:
Վիպակում կարևորվում է խոսակցությունը գրականության՝ հատկապես այդ ժամանակներում Ռուսաստանում այնքան ակտուալ դարձած գյուղագրության թեմայի շուրջ, որին, ըստ Կարաբչիևսկու՝ «մեր մանուկ քննադատությունը, բնականաբար, դասում է և Հրանտին»: Այդ խոսակցությունն առանձնանում է Հրանտ Մաթևոսյանի մասին օտարալեզու գրողի շատ կարևոր դիտարկում-գնահատականով. Յուրի Կարաբչիևսկին ժամանակակից գյուղագրության նկատմամբ ունեցած իր նախկին վերաբերմունքը վերանայել է միայն Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններին ծանոթանալուց հետո: Նա, իհարկե, իր սերնդի ռուս լավագույն գյուղագիրներից մի քանիսի գործերը բարձր գնահատելով իսկ («…նրանք տաղանդավոր ու ազնիվ են իրենց մի քանի ստեղծագործություններում»), նրանցից արժանիորեն առանձնացնում է Հրանտ Մաթևոսյանին, որովհետև այդ գյուղագիրների ստեղծագործություններում, ըստ նրա, կյանքի ճշմարտությունը, որ «…վարքուբարքի և խոսքերի ճշմարտություն էր», այն սահմանն էր, որին նրանք հասել էին, բայց նրանց գործերում չկար այն անիմանալի ճանապարհը, «…որ տանում էր մարդկային հոգու անսահման խորքերը: Այդ անչափելի խորքն ու բարդությունը, «հողի մարդու» հոգու ելևէջումների այդ սահուն նրբությունը, նրա հոգևոր լիարժեքությունն առանց այլևայլի…. առաջինն արտահայտեց Հրանտ Մաթևոսյանը»: Ըստ Կարաբչիևսկու՝ Հրանտ Մաթևոսյանի ընթերցողը վստահ է, որ գրողը «…տվյալ առարկայի մասին գիտի անհամեմատ ավելին», քան ասում է, որ «…Մաթևոսյանը հենց այդպիսի գրող է. զգում է ամեն ինչ՝ բոլոր նրբերանգները, բոլոր ուղղությունները, գործողության ողջ բազմիմաստությունը և հերոսի իրական ու հնարավոր բոլոր զգացողությունների անսահման պատկերը… Հորդուն, ճկուն տարողությամբ նրա արձակն ունի ոչ միայն խիստ առարկայական էություն՝ զերծ ամեն տեսակի իդեալականացումներից, շոշափելի՝ դողի, հողի խորդուբորդ լինելու, մարմնի ջերմության ու ձայնի տեմբր զգալու չափ, այլև անսահման մեծ բան՝ մարդու հոգին, նրա աստվածային էությունը: Այդ ոլորտներում ոչինչ չի կարելի հաստատել, իսկ առավել ևս՝ պարտադրել, ու թեև հոգևոր կյանքի մասին Մաթևոսյանի արձակը հայտարարություններ չի անում, սակայն ուզում ես նրան բնորոշել միայն այսպիսի անսովոր բառերով՝ Աստծո մարդ, Աստծո աշխարհ»:
Ռուս գրողին հավանաբար ծանոթ չէր Հրանտ Մաթևոսյանի «Այսպես կոչված գյուղագրության մասին» հոդվածը (1968 թվական), որն ավարտվում է հայ գրողի՝ գրականությանը տված հստակ ձևակերպումով. «Չկա գյուղագրություն կամ քաղաքագրություն. կա միայն մարդկային հայացք բնությանն ու աշխարհին»:
Ոչ միայն Մաթևոսյանի այս հայացքն է նրա գրականությունն առանձնացնում ռուս գյուղագիրների գրականությունից, այլև, ըստ Կարաբչիևսկու, ևս շատ կարևոր մի բան, ինչի մասին նա գրում է իրենց հանդիպումից միայն տասը տարի անց՝ 1986 թվականին: Նորից անդրադառնալով իր վիպակի հերոսին և պատասխանելով իր բազում ընթերցողների հարցերին Հրանտ Մաթևոսյանի մասին՝ որպես մարդու, կերպարի, գրողի, և նորից հիշատակելով նաև ռուս գյուղագիրներին, Կարաբչիևսկին գրում է. «Այսօր ես հաստատապես այսպես կասեի. Հրանտ Մաթևոսյանն իսկական գրող է: Նա գրել է ոչ միայն երեք իսկական վիպակ, այլև գրականության մեջ ինչ-որ բան է արել, և դա, համաձայնեք, ամեն լավ գրողի չէ, որ հաջողվում է: Մեր այդ ռուս գյուղագիրները նույնպես ինչ-որ բան են արել, դժվար է վիճել, սակայն արել են միասին, բոլորը միասին, կարևոր չէ՝ ով՝ շուտ, ով՝ ուշ: Նրանք շատ են, իսկ Հրանտ Մաթևոսյանը մենակ է, և նրա թե՛ մեթոդը, թե՛ դիրքորոշումը ինձ անձնապես շատ ավելի հարազատ են. Հրանտ Մաթևոսյանը գյուղից ծնված մտավորական է, ոչ թե գյուղական մտավորական: Ինչ և ինչպես էլ նա գրի հետագայում, արդեն իր ստեղծագործությամբ իրականության նկատմամբ արձանագրել է որոշակի հատուկ վերաբերմունք, և ի տարբերություն ռուս և ոչ ռուս ժամանակակից գրողների մեծամասնության՝ Հրանտ Մաթևոսյանն իր սեփական ոճն ունեցող գրող է: Հրանտն առաջին հայ արձակագիրն է, որը մեր կայսերական շուկայում հասել է մրցունակ մակարդակի: Քի՜չ չէ, հե՜շտ չէ»:
Այդ խոսքում Կարաբչիևսկին նաև շատ բարձր է գնահատել իր զրուցակցի քաղաքացիական կեցվածքը: Զրույցում արծարծված որոշ հարցերի հայ գրողը տվել է շատ ավելի «զորեղ, սուր և խիստ» պատասխաններ, որոնք եթե խորհրդային տարիներին ռուս գրողն իր վիպակում նույնությամբ ներկայացներ, դրանք կվտանգեին Հրանտ Մաթևոսյանի կյանքը: Եվ ահա տասը տարի անց նա խոստովանում է, որ ինքը նրա «…հզոր պատասխանների սրությունը» թուլացրել է. «…շատ հզոր մտքեր, որոնք, ինչպես թվում էր ինձ այն ժամանակ, հրապարակելուց հետո կվնասեին նրան, փոքր-ինչ թուլացրել եմ: Նա իր որոշ կարծիքներում շատ ավելի կտրուկ էր, քան ես էի սպասում…»:
Զրույցի թեմաներից մեկն էլ դառնում է հայ գրողի ստեղծագործությունների թարգմանության խնդիրը: Հենց թարգմանչուհի Անահիտ Բայանդուրի «ըստ արժանվույն», բարձրարվեստ թարգմանության շնորհիվ է ռուս գրողը հյուրընկալվել Հրանտ Մաթևոսյանի հարկի տակ. «Շատ լավ ռուսերեն, շարժուն, ճկուն արձակ՝ փոքր-ինչ բնական ոճավորումով, սակայն առանց շարադասական և շեշտադրական ոճավորումների»: Ընթերցողի աչքից չի կարող վրիպել, որ Կարաբչիևսկուն հաճելի է Մաթևոսյանի՝ իր գործերի թարգմանության նկատմամբ ունեցած ծայրահեղ բծախնդրությունը (ևս մեկ «բեռ» (Կ.Մ.)). «…դրանք Անահիտի գրքերն են…. Բայց ես դժվար եմ գրում, իմ լեզուն բարդ է ու դժվար, իսկ նա խայտում ու թռչկոտում է: Ո՛չ, դա ես չեմ»: Համաձայն լինելով հայ գրողի մտքին, որ իսկական գրողն իրեն այլալեզու տեքստի հեղինակ համարել չի կարող, ռուս գրողը, միաժամանակ հղում անելով Ջ.Դ.Սելինջերի հերոս Հոլդենին, ընդգծում է, որ թարգմանաբար որևէ գործ կարդալիս հազվադեպ է պատահում, երբ ընթերցողին շատ կարևոր բան է փոխանցվում: Նրա կարծիքով մեծ գրողների «…իրականացրած անհնարինության համար, այդ բոլոր ներքին պաշարները ծախսելու համար» ընթերցողը պետք է երախտագետ լինի, և քիչ է նրա ցանկացած տուրքը գրողին. «Քիչ է ցանկացածը, սակայն չգովաբանելը, չաջակցելը, եթե դրանք փոքր-ինչ հիմք ունեն, մեղք է: Մեղք է թաքցնելը, լույսի և ջերմության թեկուզ մի պատառը չվերադարձնելը: Եվ այդ դեպքում, ի դեպ, ինչպես միշտ կյանքում, ավելի լավ է վերադարձնել ավելին, քան կիսատ-պռատ…»:
Հրանտ Մաթևոսյանի համար «գրականությունը դավանանք է». այդպես է նա ասում անցյալ դարավերջին իր հարցազրույցներից մեկում: Մեծ գրողն իր ողջ կյանքում ապրեց հենց այդպես՝ Գրականությամբ: Պատահական չէ, որ 1976 թվականին ռուս գրողի հետ հանդիպման ժամանակ, բաժակ բարձրացնելով Գրականության պատվին, նա ասում է. «Խմե՜նք, Յո՛ւրա, խմենք Գրականությա՜ն կենացը: Այս սարսափելի աշխարհում միայն նա է մեր միակ ապաստանն ու մխիթարությունը»: Իսկ 1982 թվականին (Անդրեյ Բիտովի՝ Հրանտ Մաթևոսյանին նվիրված «Չգործող հրաբխի ստորոտին» խոհագրության մեջ), նորից բաժակ բարձրացնելով Գրականության պատվին, ասելու է. «Ես ուզում եմ խմել Գրականության կենացը, որը ոչ պակաս ճշգրիտ է, քան գիտությունը, իսկ գուցե ավելի ճշգրիտ է, և որը ոչ պակաս մեծ իրականություն է, քան կյանքը, իսկ գուցե հենց ինքը կյանքն է… Դա երջանկությունն է»:
Հրանտ Մաթևոսյանը ռուս գրողի հետ զրուցելիս նաև շեշտում ու կարևորում է մարդու կատարած աշխատանքը. «Պետք է աշխատել, շատ աշխատել, ուրիշ ելք չունենք…. անվերջ աշխատել…
Այդ անվերջ աշխատանքի արդյունքում ստեղծվել, սակայն, ցավոք, հետմահու՝ 2004 թվականին է մեր սեղանին դրվել մաթևոսյանական գրական ահռելի ժառանգությունը՝ գրականության, արվեստի և հասարակական քաղաքական գործիչների դիմանկարների «Սպիտակ թղթի առջև» ժողովածուն, գեղագիտական բարձր ճաշակ սահմանող, ընտիր, բացառիկ արժեք ունեցող «Ես ես եմ» հարցազրույցների գիրքը, որը «հայ և արտասահմանյան մամուլում սփռված հսկայածավալ ամբողջի կեսն էլ չէ»: 1970-2000-ականներին արված այդ հարցազրույցները, որոնցից յուրաքանչյուրը կարելի է դիտարկել որպես մեկ ամբողջական հարցազրուցային խոհագրություն, լեցուն են ոչ միայն գրականության (հայ, ռուս և համաշխարհային), այլև մեր ժողովրդի ազգային-հասարակական կյանքի ու ազգային ճակատագրի զարմանալի կանխատեսումների, գնահատականների գերխիտ (նորից իր սիրած բառով (Կ.Մ.)) ասելիքով, հայ ժողովրդի պատմության, հայ կյանքի խոր, բազմակողմանի, փայլուն իմացությամբ և փիլիսոփայությամբ: Ի վերջո, 2017-ին տպագրվեցին «Անտիպներ»-ի երկու ստվար հատորները, հատկապես այնքա՜ն սպասված «Տախը» վեպը: Ի՜նչ արժեն միայն Հրանտ Մաթևոսյանի կազմած Եղիշե Չարենցի «Ընտիր երկեր»-ը (1997), իր նախաձեռնությամբ Վենետիկում պատճենված-տպագրված «Գիրք ճանապարհի»-ն (1997), Վիլյամ Սարոյանի «Պատմվածքներ, հարցազրույցներ, էսսեներ, հուշեր» ժողովածուն (1999) և Հովհաննես Թումանյանի «Ընտրանի»-ն (2001)՝ նրա՝ մեկը մյուսից բարձրարվեստ հանճարեղ առաջաբաններով՝ ժամանակի խոր ու ճշգրիտ գնահատականով: «Եվ նրա սահմանած մտքին, թե՝ «Չորսն են, որ մեզ համար հայրենիք ստեղծեցին» (նկատի ունենալով՝ Խորենացուն, Աբովյանին, Թումանյանին և Չարենցին), թերևս մեզ թույլ տանք հավելելու, որ հինգերորդը… Հրանտ Մաթևոսյանն է…Նրա գրականությունը մեզ համար հայրենիք է…(ընդգծումը մերն է):
Հրանտ Մաթևոսյանի և Յուրի Կարաբչիևսկու հանդիպումն ավարտվում է նոր գրվող պատմվածքի մասին ընթերցողին հաճելի լուրով, և հետաքրքիր էր իմանալ՝ արդյոք այն տե՞ղ է գտել գրողի տպագրության պատրաստվող ժողովածուում.
«Ասա՛ մեր ընկերոջը,–բաժանվելիս ասում Հրանտը,–այն պատմվածքը, որ գրում եմ, կոչվում է՝ «Աստծո լույսը իմ Խղճի լույսն է»:
– Նա հիմա կարծես մեր Լև Տոլստոյն է,–ծիծաղում է Վերժինեն:–Գրում է բարոյականության թեմաներով և վերնագրում ամբողջական նախադասությամբ:
– Անպայման հաղորդի՛ր,–լրջորեն կրկնում է Հրանտը:–Որովհետև երբ կարդաք, այն միանգամայն այլ վերնագիր է ունենալու: Մինչդեռ իրականում այդպես է. «Աստծո լույսը իմ Խղճի լույսն է»:
Հրանտ Մաթևոսյանի գրի մեջ Աստծո լույսն ամենուր է…
Ռուս գրողը կտրել է հսկայական կիլոմետրեր՝ վերադարձնելու Հրանտ Մաթևոսյանին լույսի և ջերմության իր պատառը: Յուրի Կարաբչիևսկին իր վիպակով տալիս է իր տուրքը նրան: Ամփոփելով նրանց զրույցը՝ նշենք, որ «Կարոտ առ Հայաստան» վիպակից ընթերցողը մեծ գրողի կյանքի այդ հատվածի՝ անցյալ դարի 70-ականների մասին բավականաչափ տեղեկություններ է ստանում:
Գործուղման ավարտից երկու տարի անց ռուս գրողը, ի մի բերելով հայաստանյան տպավորությունները, գրելու է. «Այն ժամանակ Երևանում ես երջանիկ էի՝ համոզված, որ Հրանտ Մաթևոսյանը նույնքան գեղեցիկ է, որքան իր գիրքը, և հիմա էլ Մոսկվայում կրկին երջանիկ եմ, քանի որ իր գիրքը նույնքան գեղեցիկ է, որքան ինքը»:
Բազմաթիվ երկրներում տպագրված Հրանտ Մաթևոսյանի գրականությունն «…աշխարհին ցոյց է տալիս Հայաստանի տեղը», և օտարալեզու ընթերցողի (գուցե նաև հայ ընթերցողի) համար, ըստ Յուրի Կարաբչիևսկու, բացահայտում Հայաստանի առաքելությունն այս արևի տակ. «Հայերը մերան են, և դրա մեջ է նրանց պատմական դերը»:
Այսօր մեզ համար Անդրեյ Բիտովի կերտած «իր բարեկամի»` Հրանտի կերպարի կողքին է նաև Յուրի Կարաբչիևսկու կերտած կերպարը` Հրանտ Մաթևսյանի, որի գրականությունն ու մարդկային տեսակը առիթ եղան խորհրդածելու և գրելու մեր երկրի մասին:
ԿԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Թարգմանչուհի,
Հայաստանի գրողների միության մշակութային բաժնի պատասխանատու

Բաց մի թողեք
Հրանտը
Էստեղ են ասել …
Այսօր, վաղը ինքն է մեր գրականության թագավորը