17/04/2026

EU – Armenia

Մոջթաբա Խամենեին վիրավոր է. նա գտնվում է խիստ գաղտնի վայրում

Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածների ընթացքում, սակայն նրա վնասվածքների ամբողջական հանգամանքները դեռևս հստակ չեն։

The New York Times-ը գրել է, թե աղբյուրների փոխանցմամբ՝ վնասվել են նրա ոտքերը, սակայն վնասվածքի աստիճանը ճշգրտել հնարավոր չի եղել:

Նույն աղբյուրների համաձայն՝ նա վիրավորում է ստացել նույն հարվածների ընթացքում, որոնց հետևանքով սպանվել էին Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ու վերջինիս ընտանիքի մի շարք անդամներ։

Դեպքից հետո Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվել անգամ ընտրվելուց հետո, ինչը ևս մասամբ հաստատում է առողջական վիճակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։

Արևմտյան լրատվամիջոցների և անվտանգության աղբյուրների գնահատմամբ՝ նրա վիրավորվելու մասին տեղեկությունները նաև բացատրում են, թե ինչու նոր առաջնորդը մինչև հիմա որևէ հրապարակային ելույթ կամ ուղերձ չի ունեցել:

Նշվում է, որ Խամենեի կրտսերը պահվում է խիստ գաղտնի վայրում, շփումների շրջանակն էլ խիստ սահամնափակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Մարտի 9-ին հայտնի էր դարձել, որ Իրանի Փորձագետների խորհուրդը հաստատել էր՝ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Ալի Խամենեիի որդին, ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։

Իրանական բարձրաստիճան աղբյուրները հայտնում են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապաններն են առաջ բերել Մոջթաբա Խամենեիին՝ որպես նոր գերագույն առաջնորդ թեկնածուի՝ նրան համարելով իր հոր ավելի ճկուն տարբերակը, որը կաջակցեր իրենց կոշտ քաղաքականությանը, անտեսելով պրագմատիկների մտահոգությունները, գրել է Reuters-ը։

Աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ շատ հզոր լինելով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատերազմի սկսվելուց ի վեր ձեռք է բերել ավելի մեծ ազդեցություն և արագորեն հաղթահարել է բարձրաստիճան քաղաքական ու հոգևորական գործիչների կասկածները, որոնց ընտրության նկատմամբ դիմադրությունը ժամերով հետաձգել էր հայտարարությունը։

Խամենեիի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակմանը դեմ արտահայտվողների մտահոգություններին գումարվելով այն, որ նա մինչև երեքշաբթի երեկոյան՝ իր ընտրությունից գրեթե 48 ժամ անց, պատերազմի ընթացքում, որը խլել է ավելի քան հազար իրանցիների կյանք, դեռևս որևէ հայտարարություն չէր արել։

Խամենեիի ընտրությունը, որը կազմակերպվել է ԻՀՊԿ-ի կողմից, կարող է հանգեցնել ավելի ագրեսիվ դիրքորոշման արտասահմանում և ավելի խիստ ներքին ճնշումների, ասել են իրանական երեք բարձրաստիճան աղբյուրներ՝ բարեփոխիչ նախկին պաշտոնյա և մեկ այլ ներքին աղբյուր։

Նրանցից երկուսը նշել են, որ վախենում են, որ Պահապանների գերիշխանությունը համակարգի նկատմամբ Իսլամական Հանրապետությունը կվերածի ռազմական պետության՝ կրոնական լեգիտիմության միայն թույլ շերտով, խաթարելով արդեն իսկ նվազող աջակցության բազան և ավելի քիչ տեղ թողնելով բարդ սպառնալիքներին դիմակայելու համար։