Միացյալ Նահանգները չեն բացառում Իրանից միջուկային նյութերի դուրսբերման հնարավորությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
«Նախագահի համար սա դիտարկվող տարբերակներից մեկն է։ Սակայն ես չեմ մեկնաբանի կամ բացառի գործողությունների այս տարբերակը։ Չեմ պատրաստվում կանխատեսումներ անել ապագա քայլերի վերաբերյալ կամ բացառել դրանք», — ասել է ամերիկյան առաջնորդի ներկայացուցիչը։
Հատկանշական է, որ Լիվիթի խոսքերը որոշակիորեն տարբերվում են նախագահի նախկինում հնչեցրած դիրքորոշումից.
Ընդամենը օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Վաշինգտոնը մտադիր չէ իրականացնել ռազմական գործողություններ, որոնք կառնչվեն Իրանի միջուկային նյութերին։ Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ն դրա վրա բնավ չի կենտրոնանում։
Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովումը Միացյալ Նահանգներից կպահանջի լայնամասշտաբ եւ երկարատեւ հակամարտության մեջ ներքաշում։ Ընդ որում, նույնիսկ ցամաքային ռազմական գործողություններն ամբողջապես չեն վերացնի նավագնացության սպառնալիքները։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։
Համաձայն հոդվածի, նախագահ Թրամփը խոստացել էր վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որն արգելափակվել էր Իրանի կողմից, Իրանի տարածքին հարվածելուց հետո։ Նա նաեւ ասել էր, որ ամերիկյան ռազմական նավերը շուտով կուղեկցեն նավթատար լցանավերը։
Սակայն ամերիկյան ռազմական նավատորմի նավերը չգնացին այնտեղ, եւ մոտ 33 կմ-անոց նեղուցը շարունակում է վերահսկվել իրանական զինուժի կողմից ու փակ մնալ։ Իսկ մինչ այդ, փորձագետները հայտարարում են, որ մեկ նավթատար լցանավի ուղեկցման համար անհրաժեշտ կլինի երկու ռազմական նավ կամ մեկ դյուժին ուղեկցող ռազմանավ՝ 50-10 լցանավի համար։
Նաեւ՝ հավելյալ անհրաժեշտ կլինի ոչ պակաս 12 MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Այդ ամենը կպահանջի, որպեսզի ամերիկյան զինուժը հազարավոր զինվորականների ներգրավի ու միլիարդավոր դոլարների ծախսեր կատարի։
Ընդ որում, ըստ հոդվածի, նույնիսկ այս ամենի առկայությամբ՝ երաշխավորված չէ, որ նեղուցով նավագնացությունը կդառնա լիովին անվտանգ։ Ռազմանավերի ուղեկցությամբ նավերի անցումը նավագնացության տեմպը կդանդաղեցնի 10 տոկոսով։
Ու նման տեմպով՝ նեղուցում ակամա արգելափակման մեջ հայտնված 600 առեւտրական նավերի «մաքրման» պրոցեսը կարող է տեւել մի քանի ամիս։
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի 20 եւ սեղմված գազի 30 տոկոսը, եւ այն համարվում է մեր մոլորակի կարեւորագույն էներգետիկ երակներից մեկը։
Անվտանգության ապահովման մյուս տարբերակը, որը կնշանակեր զավթել Իրանի հարավային մերձափնյա հատվածի մի մասը, որպեսզի նավերին հարվածելը թույլ չտրվեր, արդեն կարող է դառնալ տարիների լայնամասշտաբ պատերազմ։
Այն եւս մեծ ռիսկեր է պարունակում։ Հոդվածում նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմը բաղկացած է առնվազն 190 հազար անձից։ Ու դա էլ նավերին չի ապահովագրի հեռահար դրոնների եւ հրթիռների հարվածներից։
Իսկ նեղուցով բնականոն նավագնացության թողունակությունը կազմում է օրական 100 նավ՝ կարդում ենք վերլուծականում։

Բաց մի թողեք
Վատիկանը Թրամփի քննադատությունը Հռոմի պապի հասցեին դիտարկել է անզորության նշան
Ինչո՞ւ են ամերիկյան նավերը Պարսից ծոցում, պետք է լքեն տարածաշրջանը
Բրիտանիան չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը. Սթարմեր