«Արցախի էջը ցավոք փակված է: Բայց պատասխանատվության էջը մնում է բաց»,- ֆեյսբուքում գրել է Թաթուլ Հակոբյանը:
Եվ ես հիշում եմ 2022թ. գարնանը Արցախի ԱԳՆ գրադարանում նրան տված հարցազրույցը, որտեղ, թերևս առաջին անգամ, խոսել եմ այն մասին, որ ՌԴ զորախմբի երաշխիքների վրա հույս դնել չարժե: Նույնիսկ բերել եմ Վանի օրինակը, որ բռնատեղահանության է ենթարկվել, երբ ռուսական զորքերը նահանջել են:
Նույն տեղում ասել եմ, որ Արցախի համար այլևս կարմիր գիծը ոչ թե կարգավիճակը, այլ իր հայրենիքում հայ բնակչության ապրելու և նրա որոշ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների համաձայնեցումը Ստեփանակերտ-Բաքու առանց որևէ միջնորդության բանակցությունների միջոցով:
Թե հոգեբանական ինչ գրոհի եմ ենթարկվել այդ «սատանայական-թրքահաճո» մտքերի համար, կարելի է պարզել՝ թերթելով ստեփանակերտյան քաղաքական «խուժանի» մի քանի ներկայացուցչի այդ օրերի ֆեյսբուքյան գրառումները:
Ոմանք նույնիսկ զայրացած էին, թե ինչո՞ւ եմ ասել, որ Արցախը Հայաստանին տվել է ամենաթանկը՝ իր զավակների կյանքը: Քննադատել եմ պոռոտախոսներին, որ ասում էին, թե Արցախը Հայաստանի «զրահաբաճկոնն» է և ասել, որ եթե նույնիսկ այդպես է, ապա այդ «զրահաբաճկոնը կարված է Հայաստանից ՊԲ զորակոչված հազարավոր զինվորների մարմնական հյուսվածքներից»:
Դա այն փուլն էր, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը «Փառուխ առ Փառուխ հանձնելու» են և առաջարկել կարգավիճակի հարցում նշաձող իջեցնել, որպեսզի հնարավոր լինի բնակչության անվտանգության և իրավունքների շուրջ միջազգային որոշակի կոնսենսուսի հասնել:
Արցախին սպառնացող արհավիրքի մասին այդ գրեթե բաց տեքստով արված զգուշացումից ուղիղ մեկ շաբաթ հետո՝ 2022թ. ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովի հինգ խմբակցությունների անունից տարածվել է պաշտոնական հայտարարություն:
Ըստ այդմ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լիազորված» չէ միջազգային կամ Ադրբեջանի հետ երկկողմ քննարկումներում Արցախի ժողովրդի անունից խոսել նրա կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին:
Արցախի խորհրդարանական հինգ կուսակցություններն ի վերջո ամփոփել են, որ «Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»: Մեկ ամիս հետո ռուսաստանցի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել Ստեփանակերտ:
Այդ օրերի և ամիսների ստեփանակերտյան ամենատարածված քաղաքական խոսույթը սա էր. «Արայիկ Հարությունյանը և Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հետ Արցախը ինտերգրում են Ադրբեջանին, Ռուբեն Վարդանյանը եկել է, որպեսզի հանձնումը կանխի»:
Այո, Արցախի կորուստի համար պատասխանատվության էջը բաց է: Բայց դրա համար ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը պետք է հայրենադարձված լինեն:
Մինչ այդ ամեն ինչ «ենթադրությունների ժանրից» է:

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը