Աթենքի պատմական Դուրղութի թաղամասում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Դուրղութին հիշում է Բլոկը» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված 1944 թվականի օգոստոսի 9-ի Դուրղութիի շրջափակման զոհերի հիշատակին և նացիստական օկուպացիայի տարիներին հետապնդումների ու բռնությունների ենթարկված մարդկանց։
Միջոցառումը համակազմակերպել էին Հունաստանի հայերի միությունը և հունական «Պիղասոս» մարզամշակութային միությունը՝ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ և հովանու ներքո։

Դուրղութին, որն այսօր Աթենքի Նեոս Կոսմոս թաղամասի մաս է կազմում, կարևոր տեղ ունի նաև Հունաստանի հայ համայնքի պատմության մեջ։ Տասնամյակներ շարունակ այստեղ հայերն ու հույներն ապրել են կողք կողքի՝ ձևավորելով ամուր մարդկային և համայնքային կապեր, իսկ նացիստական օկուպացիայի տարիներին միասին մասնակցել են ազատագրական պայքարին։
Հուշարձանի մոտ, Աթենքի քաղաքապետարանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական կատարմամբ, տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։ Միջոցառմանը ներկա էին պետական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման, դիվանագիտական, եկեղեցական, քաղաքական և հասարակական կառույցների շուրջ 40 բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Ծաղկեպսակներ զետեղեցին Հունաստանի պետական կառույցների, Աթենքի քաղաքապետարանի, հունական քաղաքական և հասարակական կազմակերպությունների ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ, Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հունաստանի հայերի միության վարչության անդամ Տիգրան Ղալումյանը և Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հունաստանի վարիչ մարմնի ատենապետ Հովհաննես Շահինյանը։
Միջոցառման կապակցությամբ գրավոր ողջույններ էին հղել նաև Հունաստանի նախարարներ Տակիս Թեոդորիկակոսը և Դոմնա Միխայիլիդուն, փոխնախարար Աննա Էֆթիմիուն և իշխող խմբակցության պատգամավոր Դիմիտրիս Կուվելասը, որոնց կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին պատվաբեր արձագանքի համար։

Այնուհետև միջոցառումը շարունակվեց հուշակոթողին կից Դուրղութիի հրապարակում՝ Աթենքի քաղաքապետարանի Հունական երաժշտության արվեստանոցի համերգային ծրագրով։
Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, «Պիղասոս» մարզամշակութային միության նախագահ Միխալիս Այդոնիդիսը, Հունաստանի հայերի միության համանախագահ Հայկ Կասարջյանը և Աթենքի քաղաքապետի ներկայացուցիչը։
Միջոցառումը ևս մեկ կարևոր առիթ դարձավ Դուրղութիի պատմական հիշողությունը պահպանելու, զոհերի հիշատակը հարգելու և անցյալի ողբերգական էջերը նոր սերունդներին փոխանցելու համար։
Հարգանքով, Հունաստանի Հայերի Միություն Մամուլի Կենտրոն, Տիգրան Ղալումյան


Բաց մի թողեք
Խոնարհում ու երախտագիտություն բոլոր նրանց, ովքեր մարդ են կերտում և աշխարհ են ձևավորում
Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ. Տեսանյութ
Լիլիթ Հովհաննիսյանը լավ է արել․ 8-ը տարի է հասկացող, չհասկացող քննադատ էդ խելքով իշխանություն են ուզում փոխել