25/03/2026

EU – Armenia

Ի՞նչ են ասել Պուտինին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է միջազգային երաշխավորների, Դոնալդ Թրամփի միջնորդության և Ռուսաստանի հետ շփումների վերաբերյալ հարցերին։

Սիմոնյանը նշել է, որ աշխարհում միանշանակ իրավիճակներ չեն լինում, և եթե ինչ-որ շրջանակներ թերագնահատում են Թրամփի քաղաքական միջնորդության հնարավորությունը, ապա ինքն այլ օրինակ կարող է հիշեցնել։

Նրա խոսքով՝ Հայաստանը նախկինում ունեցել է ավելի հստակ թվացող դաշնակցային հարաբերություն, սակայն վճռական պահին այդ դաշնակիցը հայտարարել է, թե դեռ հստակ չէ, թե որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը։

Լրագրողի հարցին, թե արդյոք երեկվա հեռախոսազրույցի ընթացքում այդ մասին ասվել է Վլադիմիր Պուտինին, ԱԺ նախագահը կտրուկ արձագանքել է՝ նշելով, որ ինքն անձամբ Պուտինին չի զանգել։ Նա նաև դժգոհություն է հայտնել հարցի ձևակերպումից։

Երբ լրագրողը նկատել է, որ զանգն իրականացրել է իշխանական թիմի ներկայացուցիչը, Սիմոնյանը պատասխանել է, որ այդ հարցին կանդրադառնա վարչապետը, եթե անհրաժեշտ համարի. «Ես եմ զանգե՞լ: Ես Պուտինին չեմ զանգում»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել երեկ: