Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում, որի գեղարվեստական ղեկավարն է աշխարհահռչակ սոպրանո, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, մարտի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին կկայանա բեմադրություն՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Թերենս Մըքնելիի «Վարպետության դաս» պիեսի մոտիվների։ Ներկայացման մեջ լեգենդար Մարիա Կալլասի կերպարը մարմնավորում է հենց Հասմիկ Պապյանը։
Մենք հեռավար զրույց ունեցանք երգչուհու հետ։ Խոսակցությունը սկսեցի իմ առաջին տպավորությունից․ հանդիպելով «Վարպետության դաս» վերնագրին՝ կարծեցի, թե մեր անվանի հայրենակցուհին է պատրաստվում իրական վարպետության դաս անցկացնել։ Այդ պատճառով էլ հետաքրքրվեցի՝ արդյոք բեմում հանդես է գալու և՛ որպես երգչուհի, և՛ որպես դերասանուհի։

«Առաջին հերթին՝ որպես դրամատիկ դերասանուհի»,- պատասխանեց Հասմիկ Պապյանը։ «Իհարկե, կա նաև մի փոքրիկ երաժշտական հատված, որտեղ ես երգում եմ։ Այդպես է նաև պիեսում․ Մարիա Կալլասը լիարժեք չի երգում, այլ միայն կարճ դրվագներում ցույց է տալիս, թե ինչպես պետք է երգել։ Ռեժիսոր ու դրամատուրգ Թերենս Մըքնելիին բախտ է վիճակվել ներկա գտնվել Կալլասի իրական վարպետության դասերին։ Նա այդ հանդիպումների ընթացքում գրառումներ է կատարել, որոնք էլ հետագայում հիմք են դարձել պիեսի ստեղծման համար։ Ի դեպ, մենք ամբողջական պիեսը չենք բեմադրել․ այն բավական մեծածավալ է, և ներկայացնում ենք միայն ընտրանի հատվածներ»։
Հարցին, թե ով է բեմադրության հեղինակը Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում, Հասմիկ Պապյանը նշեց, որ ներկայացման ռեժիսորը Գառնիկ Սեյրանյանն է։ Բացի Կալլասի դերը մարմնավորող Պապյանից, մյուս դերերում հանդես են գալիս օպերային ստուդիայի ուսանողները՝ բոլորը մինչև 23 տարեկան երիտասարդներ։
Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց այս պիեսի վրա։ «Նախ ցանկացանք այն նվիրել Մարիա Կալլասի 100-ամյակին, թեև, պետք է խոստովանեմ, մի փոքր ուշացանք։ Բացի այդ, ես ցանկացա փոքր-ինչ փոխել ձևաչափը, որպեսզի ներկայացումը հետաքրքիր լինի նաև այն մարդկանց համար, ովքեր սովորաբար օպերա չեն լսում։ Գաղտնիք չէ՝ մենք ունենք օպերային արվեստի հանրայնացման խնդիր, և սա նաև այդ ուղղությամբ արված քայլ է»,- նշեց Հասմիկ Պապյանը։

«Սևիլյան սափրիչ» ներկայացումից հետո արդյո՞ք սա երկրորդ բեմադրությունն է՝ հարցրի։
«Ոչ, իհարկե»,- ժպիտով պատասխանեց Հասմիկ Պապյանը։ «Բացի այդ, մենք իրականացրել ենք նաև «Օրփեոսը», «Դոն Ժուանը», «Մագելոնեն», ինչպես նաև բազմաթիվ համերգային հանդիպումներ։ Մեծ շուքով նշել ենք Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակը, Պոլինա Վիարդոյի 200-ամյակը, ինչպես նաև հայ անվանի մեցցո-սոպրանո Լիլի Չուքասզյանի 100-ամյակը։ Այդ առիթներով կազմել ենք ամբողջական համերգային ծրագրեր՝ նրանց խաղացանկերից ընտրված ստեղծագործություններով, որոնք ներկայացվել են նաև բանախոսություններով»։
Ի դեպ, «Վարպետության դաս» բեմադրությունն ունի նաև մի կարևոր նպատակ՝ երիտասարդներին փոխանցել արվեստի այն չգրված ճշմարտությունները, որոնք հաճախ ծնվում են միայն բեմի փորձառությունից։ Ներկայացումը հուշում է, թե ինչպիսի սխալներից պետք է փորձեն հեռու մնալ մեծ արվեստագետները այն պահին, երբ աշխարհը կարծես խոնարհվում է նրանց ոտքերի առջև։
Լեգենդար օպերային դիվա Մարիա Կալլասի դրամատիկ կերպարը կրկին բեմ է բարձրանում։ Սա պարզապես հանդիպում է օպերայի գաղտնիքների, բեմի չգրված օրենքների և մեծ արվեստագետի՝ փառքի ու ցավի միջև ապրած ճակատագրի հետ։ Մի վարպետության դաս, որտեղ Կալլասը կարծես կրկին խոսում է բեմից։

Բեմադրությունը հանդիսատեսին հնարավորություն է տալիս բացահայտել օպերայի գաղտնիքներն ու լեգենդար երգչուհի Մարիա Կալլասի դրամատիկ ճակատագիրը՝ մեկ ներկայացման շրջանակում։
– Տիկի՛ն Պապյան, Դուք ղեկավարում եք Կոնսերվատորիայի օպերային ստուդիան։ Ձեր կարծիքով՝ արդյոք հայկական օպերային արվեստը սերնդափոխության խնդիր ունի՞՝ հարցրի։
Պատասխանը հնչեց վճռական․ «Ո՛չ, նման խնդիր մենք չունենք։ Մենք ունենք անթիվ, անհամար տաղանդավոր երիտասարդներ, և նրանց հոսքը չի դադարում։ Ավելին՝ գաղտնիք չէ, որ այսօր շուրջ 25 հայ երգիչ և երգչուհի հանդես են գալիս արտերկրում՝ զարդարելով աշխարհի լավագույն բեմերը։ Իսկ մեր Օպերային ստուդիայում փորձում ենք իրականացնել նաև մոդեռն բեմադրություններ, որպեսզի երիտասարդները կարողանան ոչ միայն երգել, այլև շարժվել, պարել, բեմականորեն ազատ լինել։ Այս ամենը նրանց ավելի պատրաստ է դարձնում այսօրվա եվրոպական բեմադրություններին, որոնք նման մոտեցում են պահանջում»։
Սիմոն Սարգսյան


Բաց մի թողեք
Մեկ հարց․ Երաժշտական նախընտրություններս կարող են թվալ խայտաբղետ, իրականում ․․․ Տիգրան Խզմալյան
Տիգրան Պետրոսյանի մատների տակ դաշնամուրը խոսում էր երբեմն խոհուն, երբեմն կրքոտ, իսկ երբեմն էլ՝ խաղային ու ազատ․ Տեսանյութ
«Տաղարան»-ը նշում է 45-ամյակը․ Լուսանկարներ