Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան նստավայրում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին:
ԻՆչպես հայտնի է դարձել լրագրողներին, բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը մնացել է այն տեսակետին, որ «հարկ եղած դեպքում Հյուսիս-ատլանտյան դաշինքը կրկին օգնության ձեռք չի մեկնի»:
Ըստ տեղեկությունների, Թրամփը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն այնտեղ չէր, որտեղ պետք էր և դարձյալ չի լինի, եթե դրա անհրաժեշտություն ծագի»:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ նախագահ Թրամփը «ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու հարցը քննարկում է ամենայն լրջությամբ»:
Ռուսաստանյան ՌԻԱ Նովոստին, առանց կոնկրետ աղբյուրներ վկայակոչելու, հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ Դոնալդ Թրամփը «հիասթափված է եվրոպական դաշնակիցներից, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ին չեն աջակցել»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ամենայն հավանականությամբ, լարված բանակցությունների հաջորդ օրը Միացյալ Նահանգների նախագահը սոցիալական անձնական հարթակում գրառում է կատարել եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին «հորդորել», որ «պատրաստեն ռազմանավերը»:
Այդ մասին տեղեկությունը հայտնել է գերմանական Der Spiegel ամսագիրը, ըստ որի՝ Դոնալդ Թրամփը դաշնակիցներին հայտնել է, որ «քաղաքական ընդհանուր բնույթի հայտարարությունները այլևս բավարար չեն»:
Գերմանական ամսագիրը հայտնել է, որ Թրամփի հետ բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն «կապվել է եվրոպական մի քանի առաջնորդների հետ և տեղեկացրել, որ փակ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը պարզապես վերջնագիր է ներկայացրել»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վաշինգտոն է մեկնել նույն օրը, երբ ԱՄՆ-ը և Իրանը հայտարարել են եկշաբաթյա հրադադար հաստատելու և բանակցություններ սկսելու մասին:
Եթե այդ իրավիճակում ԱՄՆ նախագահը եվրոպացի դաշնակիցներից պահանջում է «անհապաղ ռազմանավեր պատրաստել», կարելի է ենթադրել, որ նա Իրանի հետ բանակցությունների արդյունավետությանը պարզապես հավատ չի ընծայում և համոզված է, որ Հորմուզի նեղուցը հնարավոր է բացել միայն ռազմական ճանապարհով:
Եվրոպական առաջատար երկրները՝ Մեծ Բրիտանին, Ֆրանսիան և Գերմանիան ավելի վաղ հայտարարել են, որ Իրանի դեմ պատերազմը «իրենցը» չէ:
Արևմտյան որոշ փորձագետներ հակված են այն տեսակետին, որ ԱՄՆ-ը «կհեռանա ՆԱՏՕ-ից և կստեղծի ռազմական նոր դաշինք՝ ներգրավելով Իսրայելին և Հնդկաստանին»: Եթե դա տեղի ունենա, ապա, ամենայն հավանականությամբ, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան կհայտարարեն «եռյակ դաշինք» կնքելու մասին:
Մեծ է հավանականությունը, որ ուժային այդ կենտրոնին կասոցացվի նաև Ադրբեջանը: Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը արդեն անոնսավորել է, որ «Եվրամիությունը վերածվում է ռազմա-քաղաքական դաշինքի»: Հայաստանի անվտանգային միջավայրի հարցն, այսպիսով, շարունակում է մնալ գերխնդիր:

Բաց մի թողեք
Վայրի կենդանիներ և ավելի վայրի ընկերներ. Վիկտոր Օրբանի բրյուսելյան ժառանգությունը
Գերմանիան վերսկսել է դիվանագիտական բանակցությունները Իրանի հետ. Ֆրիդրիխ Մերց
Կայանում է ուժեղ Ուկրաինա, որ Եվրոպայի թերեւս ամենամարտունակ երկիրն է