21/04/2026

EU – Armenia

ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղպաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր. Լուսանկարներ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO) ներկայացուցիչների հետ։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և կազմակերպության գլխավոր տնօրեն Մաչեյ Պոպովսկին ստորագրել են Ներքին գործերի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի DG ECHO-ի միջև քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող վարչական համաձայնագիր։

Համաձայնագիրը քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ է՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները և տեղեկատվության փոխանակումը։

«Վարչական պայմանավորվածության ստորագրմամբ՝ հիմք ենք դնում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- ընդգծել է Արմեն Ղազարյանը։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից, պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։

676906038_933707296294762_6681300673043773971_n.jpg (32 KB)

«Առավել դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում Հայաստանին աջակցելու մեր հանձնառությունը շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլև ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը»,- նշել է Մաչեյ Պոպովսկին։

Քննարկվել են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ աղետների ռիսկերի նվազեցման` այդ ոլորտում թվային գործիքակազմերի կիրառման, պատրաստվածության, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման ուղղություններով:

674212536_933707272961431_2333566549424472525_n.jpg (1.18 MB)

Կողմերն անդրադարձել են նաև ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) շրջանակում համագործակցության հնարավորություններին, փորձի փոխանակման և համատեղ գործողությունների արդյունավետ կազմակերպմանը։

Քննարկվել են վարչական և տեխնիկական համագործակցության խորացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև աղետների ժամանակ համակարգման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված հարցեր։