26/04/2026

EU – Armenia

Ադրբեջանի կառավարության որոշմամբ դրանց տրվել է «ներպետական մշակութային հուշարձանի կարգավիճակ»

Ադրբեջանի իշխանությունները հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները: Ի պատասխան Հայաստանից հնչող մեղադրանքների, Բաքվի իշխանական մամուլում մի քանի հրապարակումներ են արվել:

Դրանցում զարգացվում է տեսակետ, որ այդ եկեղեցիները «կառուցվել են առանց Ադրբեջանի իշխանությունների համաձայնության և քաղաքաշինական առումով ապօրինի շինություններ» են: Երկրորդ «հիմնավորումը» արդեն պատմա-քաղաքակրթական է:

Մամուլը հրապարակել է Ծիծեռնավանքի և Ամարասի վանքից լուսանկարներ: Ադրբեջանի կառավարության որոշմամբ դրանց տրվել է «ներպետական մշակութային հուշարձանի կարգավիճակ», տեղադրված են «պահպանվում է պետության կողմից» ցուցանակներ:

Հետևում է, որ «աղվանական վանքերը և եկեղեցիները» պետական պահպանության ենթակա են, իսկ այն, ինչ կառուցվել է «օկուպացիայի տարիներին, ոչնչացման ենթակա» է: Բաքվի լրատվամիջոցներից մեկը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու համար «բացառություն է արել»՝ ընդունելով, որ այն, «այնուամենայնիվ, պատմական հուշարձան» է:

Այս «հիմնավորումները» նոր չեն: Ադրբեջանը դեռևս խորհրդային շրջանում է ստեղծել «աղվանագիտական դպրոց» և իր տարածքի քրիստոնեական բոլոր հուշարձանները հայտարարել «աղվանական»:

Այդ առթիվ հայ-ադրբեջանական պատմագիտական բանավեճը, ցավոք, հայկական կողմին հաջողություն չի բերել: Այդ հարցում «հաշտարար դատավոր» կարող էր լինել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիան, որտեղ, սակայն, իշխել է տեսակետ, որ Կովկասյան Աղվանքն, իրոք, քրիստոնեական պետություն էր, որի «մաս կազմած Արցախը Հայ եկեղեցու ազդեցությամբ հայկականացել» է:

2021թ. մարտի 16-ին Regnum-ը հանդես է եկել «Հայ առաքելական եկեղեցին կանգնած է Արցախի թեմը կորցնելու առաջ» վերտառությամբ հոդվածով, որի հեղինակը հետևյալ ընդհանրացումն է արել, «Եթե Լեռնային Ղարաբաղում Արցախի թեմի փոխարեն վերականգվեր Աղվանից կաթողիկոսությունը, ապա Բաքուն Ալբանական եկեղեցի ստեղծելու հարցում դժվարություններ կունենար:

Բայց ոչ Ստեփանակերտը, ոչ Էջմիածինը դրան չգնացին, և նախաձեռնությունը հիմա Բաքվի ձեռքում» է: Ադրբեջանական վարկածով Աղվանից եկեղեցին «ուղղափառ» էր: Ուղղափառ է նաև Ռուսաց եկեղեցին, որ, ամենայն հավանականությամբ, կցանկանար Լեռնային Ղարաբաղում հոգևոր ազդեցության հենարան ունենալ:

Խնդիր է, թե արդյոք այդ հեռանկարը Մայր աթոռի և ԼՂ իշխանությունների հետ քառասունչորսօրյա պատերազմից հետո քննարկվե՞լ է, թե՞ ռուսաստանցի հեղինակը հինգ տարի առաջ պաշտոնական Ստեփանակերտին և Էջմիածնին «անհիմն վերագրում է արել»: