27/04/2026

EU – Armenia

Պետության եւ իշխող կուսակցության նույնացման ցուցադրումը՝ նույնիսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ներկայությամբ

Ապրիլի 23-ից իր գործունեությունն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը։

Այն, սակայն, առ այսօր չի անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից անտեսված իր երկու հայտնի դրույթներին, ինչի հետևանքով մեր ընտրական գործընթացներում քաոս է ստեղծվել ։ Դրանք են՝

CDL-AD (2016)004 Ուղեցույցում արտահայտված մտահոգությունը պետության և իշխող կուսակցության նույնացման վերաբերյալ, ինչը համարվում է ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման գագաթնակետը։

ՀՀ ԱԺ 2021թ. ընտրությունների վերջնական զեկույցի առաջարկ-հանձնարարականը ՀՀ իշխանություններին՝ վարչական ռեսուրսի չարաշահման դեմ առավել մանրամասն օրենսդրական կանոնակարգեր մշակելու, արժանահավատ հաղորդումների պատշաճ հետաքննություն իրականացնելու և զսպող պատժամիջոցներ սահմանելու մասին ։

Պարզաբանեք նաև, որ ս.թ. փետրվարի 7-ից սկսված ընտրական գործընթացներում, առնվազն, մեր կողմից արձանագրված շուրջ 200 ենթադրյալ ընտրախախտումներին, այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործմանը, ԿԸՀ-ն որևէ կերպ չի անդրադարձել։

Վերջինս համարում է, որ ընտրական գործընթացների լիարժեք հսկողությունն իր կողմից սկսվում է միայն թեկնածուների գրանցումից հետո։ Ի դեպ, անգամ Վարչապետն իր բազմաթիվ հայտարարություններով կամ որոշ դիտորդներ համամիտ չեն այդ մոտեցմանը, ինչն էլ հանգեցրել է նման խառնաշփոթի։

Արդյունքում, վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահումը վեր է ածվել պետության և իշխող կուսակցության հաստատված նույնացման, որը շարունակվում է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայությամբ՝ արդեն իսկ անդառնալի հետևանքներ թողնելով ընտրությունների արդյունքների վրա։ Իշխող կուսակցության տարբերանշանով Վարչապետի գլխարկը և դրա հայտնվելը Կառավարության պաշտոնական կայքէջում ասվածի վառ ապացույցն է։

ՕՐԻՆ-2026