11/05/2026

EU – Armenia

Պուտինը և Ալիևը, գուցե, տարբեր մոտիվացիա ունեն

Մոսկվայից հայրենիք վերադարձի ճանապարհին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն տեսաուղերձ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Եվրոպական համայնքի գագաթաժողովին և ընդծել․ «Երևանում ես ինքնիշխան արտաքին քաղաքականության վկա եղա, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից, որի նախագահը կոշտ քննադատեց Եվրախորհրդարանին՝ իր երկրի դեմ զանազան հռչակագրեր և բանաձևեր ընդունելու համար»։

Ի նշան երախտագիտության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սոցիալական X հարթակում այս գրառումն է կատարել․ «Թանկագին Ռոբերտ, շնորհակալ եմ Ձեզ Ադրբեջանի մասին ճշմարիտ և թանկ մտքերի համար։ Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը։ Եվս մեկ անգամ երախտագիտություն եմ հայտնում Սլովակիա այցի ընթացքում ինձ ցուցաբերած հյուրընկալության համար և անհամբեր սպասում եմ Բաքվում Ձեզ հետ շուտափույթ հանդիպմանը»։

Տրամաբանությունը հուշում է, որ եթե Մոսկվա այցից հետո Սլովակիայի վարչապետը կարևորել է Եվրախորհրդարանի դեմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, ուրեմն Պուտին-Ֆիցո բանակցություններում Իլհամ Ալիևի «ինքնիշխան կեցվածքը» քննարկվել և ըստ էության գնահատվել է։ Ընդ որում, Ալիևի գրառումից հասկացվում է, որ ամենամոտ ապագայում Ֆիցոն կայցելի Ադրբեջան։

Եվրամիությունում Ադրբեջանի լոբբիստ Վիկտոր Օրբանը մայիսի 9-ին թողել է պաշտոնը։ Օրբանը նաև Բրյուսելում Վլադիմիր Պուտինի «լիազոր ներկայացուցիչն» էր։ Այդ դերը, երևի, վերապահվում է Ռոբերտ Ֆիցոյին։ Մոսկվայում և Բաքվում չեն թաքցնում, որ լուրջ հույսեր են կապում նաև Բուլղարիայի նորընտիր վարչապետ Ռուդևի հետ։

Եվրախորհրդարանի վերջին բանաձևը, ինչի դեմ Իլհամ Ալիևը «ինքնիշխան քննադատություն» է հնչեցրել, Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնատեղահանելու և նրա նախկին ղեկավարներին կալանավորելու համար։

Սլովակիայի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո այդ հարցում Ալիևի հետ համերաշխություն է հայտնել և պատրաստվում է այցելել Բաքու։

Եվրախորհրդարանը ԵՄ օրենսդիր մարմին է։ Ադրբեջանի «դեմ» նրա բանաձևը, իհարկե, Եվրահանձնաժողովի համար պարտադիր ուժ չունի, բայց արտահայտում է եվրոպական հանրության քաղաքական դիրքորոշումը, որի նկատմամբ Բաքվի և Մոսկվայի անհանդուրժողականությունը գրեթե նույնական է։

Հայաստան- Եվրամիություն քաղաքական, քաղաքակրթական մերձեցման դեմ Պուտինը և Ալիևը, գուցե, տարբեր մոտիվացիա ունեն, բայց շահերի համընկնումը ակնհայտ է։