11/05/2026

EU – Armenia

Պուտինը մերժել է ուկրաինական կարգավորմանը Եվրամիության ներգրավվածությունը

Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն Ուկրաինայի նախագահից Վլադիմիր Պուտինին «որևէ ուղերձ չի փոխանցել»։ «Ուղերձ չի եղել»,- երկրորդել է Ուշակովը։

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահը «դեմ առ դեմ կարճատև հանդիպում են ունեցել», որից հետո կայացել է պատվիրակությունների կազմով հանդիպում։

Այդ առթիվ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահը խոսել է բացառապես երկկողմ հարաբերությունների մասին։ Պուտինը նաև Ֆիցոյին երախտագիտություն է հայտնել Սլովակիայի ազատագրության համար զոհված խորհրդային զինվորների հիշատակը հարգելու համար։

Նախօրեին, հղում անելով Ֆիցոյի հայտարարությանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հավանական է համարել, որ Սլովակիայի վարչապետը «մտադիր է Ուկրաինայի նախագահից Ռուսաստանի առաջնորդին նամակ փոխանցել»։

Այլ աղբյուրներ տեղեկացրել են, որ այդ «նամակը համատեղ ստորագրել են Եվրահանձնաժողովի նախագահ Լայենը և Ուկրաինայի նախագահ Զելենսկին»։ Որոշ տեղեկություններով, Լայենը և Զելենսկին «առաջարկել են հաստատել հրադադար»։

Ուկրաինան «համաձայնել է զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզից, ինչի դիմաց Ռուսաստանը պետք է հեռանա Սումայի և Խարկովի մարզերից», իսկ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում «շփման ներկայիս գիծը կլինի բաժանարար»։

Ըստ երևույթին, Սլովակիայի վարչապետի հետ դեմ առ դեմ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը «հրաժարվել է ընդունել Լայենի և Զելենսկու ստորագրությամբ նամակը»։ Պատասխանելով ուկրաինական կարգավորման հեռանկարի մասին հարցին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը ասել է, որ «դա բարդ և ժամանակատար գործընթաց» է, իսկ Պուտինի օգնական Ուշակովը հույս է հայտնել, որ «Դոնալդ Թրամփը հրադադարի պահպանման հարցում ուկրաինական կողմին կարգապահության կկոչի»։

Հասկացվում է, որ Պուտինը մերժել է ուկրաինական կարգավորմանը Եվրամիության ներգրավվածությունը։ Մոսկվան շարունակում է հուսալ, որ Ուկրաինայի հարցում հնարավոր է Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածության հասնել։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնը «զուր ժամանակ չի ծախսի» և գործնական միջնորդություն կիրականացնի, երբ «արդյունքի հասնելու իրական հնարավորություն տեսնի»։

Սլովակիայի վարչապետի Մոսկվա այցը, ՌԴ նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպումը հնարավորություն էր, որպեսզի եռօրյա հրադադարը շարունակվի, և դիվանագիտական գործընթացն աշխուժանա։ Մոսկվան, երևում է, մնացել է պատերազմը շարունակելու դիրքորոշմանը։