Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ով 1996-2021թթ․ զբաղեցնում էր Տորֆավան համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ 2022 թվականին ընտրվել է Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար, այս ընտրություններին անձնուրաց ծառայում է ՔՊ-ին:
Հրապարակ թերթը գրել է․ Այժմ նա արձակուրդ է վերցրել և լծվել ՔՊ-ի օգտին ձայն հավաքելու գործին: ՔՊ-ի քարոզարշավին մասնակցում է ոչ միայն քաղաքապետը, այլ նրա հրահանգով համայնքապետարանի աշխատակիցները, այն էլ՝ աշխատանքի ժամին:
Մենք մի քանի հարց ուղղեցինք Ահարոն Խաչատրյանին: «Արձակուրդ եք վերցրել, ակտիվ մասնակցում ենք ՔՊ-ի քարոզարշավին, իսկ համայնքապետարանի աշխատակիցներին ինչո՞ւ եք թույլ տալիս աշխատանքի ժամին, Ձեզ հետ միասին քարոզարշավին մասնակցել»: «Էդպես բան չի եղել, իմ աշխատողներից ընդհանրապես մարդ չի եղել, եթե ինչ որ մեկն էլ եղել է, ուրեմն արձակման թերթիկ են ունեցել»:
«Քարոզարշավին ՔՊ-ի բուկլետներն եք բաժանում, գոնե կարդացե՞լ եք` ինչ է գրված դրա մեջ»: «Իհարկե, կարդացել եմ»: «Ինչո՞ւ որոշեցիք սատարել ՔՊ-ին` ճնշումնե՞ր են եղել Ձեր նկատմամբ, թե՞ ինչ որ քրեական գործով եք անցնում»: «Կա՞ ինչ որ մեկը, ով իմ վրա ճնշում գործադրի, իմ վրա ոչ մի քրեական գործ չկա և չի էլ եղել»:
«Չասացիք, թե ինչու եք սատարում ՔՊ-ին»: «Ես իրենց ծրագիրը կարդացել եմ, և ինքս ինչ ծրագիր ներկայացրել եմ` իրենք ֆինանսավորել են: Իմ ընտրվելու առաջին օրվանից իշխանության հետ ես համագործակցել եմ, ու մեր համագործակցությունը շատ լավ ա ստացվել, ու մինչեւ հիմա էլ շատ լավ ստացվում ա: Ես շենացնում եմ մեր Վարդենիս քաղաքը, իշխանությունը և մարզպետը իմ կողքին կանգնած են: Իշխանության հետ ոչ մի խնդիր չունեմ` աշխատել եմ, աշխատում եմ, իմ դուրը գալիս են իրենց ծրագրերը, որովհետև իրենք ինչ ասում են` այն էլ անում են: Իմ միակ նպատակը Վարդենիսը շենացնելն է»,- ասաց համայնքապետը:
«Եթե Վարդենիսի տարածաշրջանում կա սահմանային անվտանգության հարց, արդրբեջանցիներն այս պահին Վարդենիսի ուղղությամբ գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում, ո՞ւմ համար եք շենացնում Վարդենիսը»: «Բերեք այդ հարցին չպատասխանեմ, դա իմ համար կարմիր գիծ է: Այդ անվտանգային խնդիրներով իրավասու չեմ խոսել, ես այդ լիազորությունը չունեմ»: «Ալիևը պահանջում է, որ 300 հազար ադրբեջանցիներ վերադառնան և բնակվեն Հայասատանում, դուք ինձանից լավ գիտեք, թե Խորհրդային տարիներին որ համայնքներում են ապրել ադրբեջանցիները, և ինչ անուններով են կոչել համայնքները, առաջին հերթին Վարդենիսը: Այդ ադրբեջանցիների համար եք շենացնո՞ւմ Վարդենիսը»:
«Էդպիսի բան գոյություն չունի, դա սուտ է, ինչ 300 հազար ադրբեջանցի: Ասում են՝ միջանք են տալիս, Սյունիքն են տալիս` տվեցի՞ն: Ես գիտեմ, որ հիմա խաղաղ է, խաղաղություն ա եկել, և ես էլ շենացնում, ծաղկեցնում եմ իմ Վարդենիսը». «Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, կա՞ կնքված փաստաթուղթ` խաղաղության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև»: «Բեր ես դրա մեջ չմտնեմ, կարող եմ միայն ասել, որ հաստատված խաղաղություն կա»:


Բաց մի թողեք
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը
Ոչ մեկն այն ժամանակ չէր ասում` «գլուխդ պատին կտաս», բայց վարչապետ չես դառնա
Հռոմի ստատուտի վավերացման միակ արդյունքը ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումն էր