Հայաստանում նախընտրական մթնոլորտը հիշեցնում է ոչ թե ժողովրդավարական սովորական գործընթաց եւ քաղաքական ուժերի առողջ մրցակցություն, այլ՝ իշխանության կողմից վերահսկվող քաղաքական պրոցես, որն աչքի է ընկնում ճնշումներով, քաղաքական հետապնդումներով, իրար վրա ցեխ շպրտելով, սպառնալիքներով ու հայհոյախոսությամբ։
Հրապարակ թերթը գրել է․ Վերջին ամիսներին ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները, խուզարկությունները եւ քրեական վարույթներն այնպիսի ծավալների են հասել, որ արդեն դժվար է դրանք դիտարկել որպես պարզապես «օրինականությանն ուղղված գործընթաց»։
Ընդդիմադիր դաշտում համոզված են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընտրություններից առաջ փորձում է ուժային մեթոդներով թուլացնել իր հիմնական քաղաքական մրցակիցներին։ Հատկապես թիրախավորվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որի լիդերը տնային կալանքի տակ է, եւ որի շուրջ ձեւավորվող քաղաքական ակտիվությունը վերջին ամիսներին զգալիորեն աճել է։
Պարզ է, որ ՔՊ-ին ծառայող եւ Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարող իրավապահները հենց այնպես չեն իրականացնում ամենօրյա խուզարկությունները, ցուցադրական ձերբակալությունները եւ հրապարակային մեղադրանքները։
Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ձերբակալվեց 17 մարդ։ Իշխանությունը հայտարարեց, թե տեղի են ունեցել հասարակական կարգի խախտումներ, սակայն, ընդդիմադիրների խոսքով, դա պարզապես ընդդիմադիր հավաքը ճնշելու քայլ էր։ Հաջորդիվ՝ ընտրակաշառքի եւ «նյութական շահագրգռման» գործերով ձերբակալվեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք անդամներ եւ ակտիվիստներ՝ Վերժինե Ստեփանյանը, Գոհար Ղումաշյանը, Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։
Տարբեր օրերի բերման ենթարկվեցին նաեւ այլ անձինք՝ Արսեն Մանուկյանը, Կարեն Հովհաննիսյանը, Նարեկ Սահակյանը, մի շարք մարզային համակարգողներ եւ կամավորներ։ Իրավապահները նրանց մեղադրում էին ընտրողների վրա ապօրինի ազդեցության եւ նյութական խոստումներ տալու համար, մինչդեռ ընդդիմադիրները պնդում են, որ խոսքը քաղաքական աշխատանքի քրեականացման մասին է։
Անհատական ձերբակալություններից զատ, իրականացվում են նաեւ խմբային բերման ենթարկելու տեսարաններ, հատկապես՝ մարզային կառույցների ակտիվացման ժամանակահատվածում։
Տարբեր օրերի միաժամանակ բերման են ենթարկվել նաեւ կուսակցության տարածքային գրասենյակների մի քանի աշխատակիցներ եւ աջակիցներ։ Ապրիլի վերջին իրավապահները խուզարկություններ արեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի Ավանի գրասենյակում, որտեղից բերման ենթարկվեց մի քանի ակտիվիստ։ Ընդդիմադիրները սա գնահատեցին որպես նախընտրական շտաբների աշխատանքը կաթվածահար անելու փորձ՝ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Ձերբակալությունների ֆոնին գրեթե բոլոր դեպքերում իշխանամետ մեդիայում հայտնվում էին արագ «արտահոսքեր»՝ ձայնագրություններ, կադրեր կամ մեղադրական տեղեկություններ, որոնք հրապարակվում էին մինչեւ դատական որոշումներ ունենալը։ Սակայն դրանց մեծ մասում չի նշմարվում կաշառքի կամ որեւէ այլ ապօրինի գործողության ապացույց։ Սա ընդդիմությունը որակում է որպես հանրային դատավարություն՝ առանց դատարանի։
Վերջին օրերին ճնշումներ են սկսվել նաեւ այլ ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Մայիսի 14-ին խուզարկություններ կատարվեցին «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում։ Բերման ենթարկվեց գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը, սակայն դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը, եւ նա ազատ արձակվեց նիստերի դահլիճից։
Վերջին ամիսներին բերման ենթարկելու նմանատիպ դեպքեր եւ հարցաքննություններ իրականացնելու դեպքեր արձանագրվել են նաեւ այլ ընդդիմադիր կառույցների անդամների նկատմամբ՝ Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում գործող տեղի ակտիվիստների շրջանում։ Մայիսի 15-ին էլ մեկ ամսով կալանավորվեց ընդդիմադիր բլոգեր Արտակ Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» ասելու համար։

Բաց մի թողեք
Ավինյան, քանի՞ բնակարան են քեզ խոստացել այս շենքից․ Լուսանկար
Ինչ է արել «Պատիվ ունեմ»-ը իր ընտրական հանձնաժողովների տեղերը
Հնդիկները համախմբված համայնք են դարձել, անգամ բողոքի ակցիաներ են անում