20/05/2026

EU – Armenia

Դոնալդ Թրամփը` Սի Ծինփին – Պուտին հանդիպման գերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հարձակումը։ Այդ մասին նա հայտնել է անձամբ և մեկնաբանել, որ որոշումը կայացրել է Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական միացյալ էմիրությունների առաջնորդների «խնդրանքով»։

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ եթե «ընդունելի համաձայնություն ձեռք չբերվի», ապա նախապես մշակած ծրագիրը գործի կդրվի։

Իսրայելական աղբյուրը «Եդիոտ ահրոնոտ» պարբերականին ասել է, որ «Թեհրանում մեծ ոգեւորություն է տիրում, այնտեղ իրենց համարում են հաղթող, քանի որ Թրամփը միայն սպառնում» է։

Իրանցի պաշտոնյա Մոհսեն Ռեզավին «ծաղրել» է ԱՄՆ նախագահին։ Ըստ նրա, Թրամփը «հարձակման ժամկետ է սահմանել, ապա ինքն էլ բեկանել որոշումը՝ կեղծ հույս ունենալով, թե իրանական ժողովուրդը և վարչակազմը կհանձնվեն»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ավելի հավասարակշռված գրառում է կատարել։ «Երկխոսությունը կապիտուլյացիա չէ։ Իսլամական հանրապետությունը երկխոսություն է սկսում արժանապատվորեն՝ ունենալով իրանական ժողովրդի իրավունքները պաշտպանելու ողջ լիազորությունը։ Մենք չենք նահանջի մեր օրինական իրավունքներից»,- սոցիալական X հարթակում գրել է նա։

Ըստ Թրամփի, Իրանի դեմ նոր հարձակումը պետք է սկսվեր մայիսի 19-ին։ Նույն օրը մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Պուտինի Պեկին պաշտոնական այցը։ Տպավորություն է, որ ԱՄՆ նախագահի «կարճաժամկետ դեդլայնը» պայմանավորված է Սի Ծինփին-Պուտին բանակցություններով։

Կրեմլը հրապարակել է Պուտինի այցի ժամանակացույցը։ Նախատեսված է, որ մայիսի 20-ի երեկոյան Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդները երկրորդ անգամ կհանդիպեն «թեյասեղանի շուրջ»։

Ըստ երևույթին, հիմնական բանակցությունները կկայանան այդ ձևաչափով։ Պուտինի օգնական Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ «կքննարկվեն միջազգային քաղաքականության զգայուն հարցեր»։

Պեկինից Վաշինգտոն վերադառնալիս Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանի «միջուկային փոշին» դուրս բերելու հնարավորություն միայն Միացյալ Նահանգներն ունի, «գուցե նաև Չինաստանը»։ Ավելի վաղ նա մերժել է իրանական հարստացված ուրանի պաշարները Ռուսաստանին «ի պահ տալու» տարբերակը։

Սի Ծինփինին կհաջողվի՞ Պուտինին համոզել, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները տեղափոխվեն Չինաստան։ Դոնալդ Թրամփը այդ համաձայնությա՞նն է սպասում։