20/05/2026

EU – Armenia

Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել․ Լուսանկար

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են ագրեսիվ ձեւով թիրախավորել բռնի տեղահանված, տնից ու հայրենիքից զրկված արցախցիներին, նրանց նկատմամբ ատելության խոսք կիրառել եւ նրանց մեղադրել իրենց հայրենիքի կորստի համար:

Հրապարակ թերթը գրել է․ Համացանցում ինչ-որ անհայտ տեսանյութ է հրապարակվել, որում դիմակավորված անձինք իբրեւ թե Արցախի բարբառով Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում։

Այդ տեսանյութը ոչ մի լրատվամիջոց չի տարածել, բացի ՔՊ-ին առնչվող լրատվամիջոցներից ու ՔՊ անդամներից: Թե որքանով է այդ տեսանյութն իրական, ով է այն նկարահանել, ինչ նպատակով, արցախցինե՞րն են խոսում, թե՞ հատուկ արցախցիների բարբառով են խոսում, անհայտ է: ՔՊ-ն ինֆորմացիոն առիթ է ստացել` ողջ թիմով արցախցիների դեմ նորից գրոհ սկսելու համար: Քանի օր է՝ ՔՊ-ական բետեեռները ֆեյսբուքյան լայվերի ու գրառումների միջոցով արցախցիներին են թիրախավորում:

Սա էլ, կարծես, քիչ էր, Նիկոլ Փաշինյանը Երեւանի փողոցներում արցախցիների հետ է ընդհարվում: Իսկ արցախցի Արտուր Օսիպյանը, որը նախկինում ջերմեռանդ նիկոլական էր եւ ակցիաներ էր կազմակերպում Արցախի նախագահ Շահրամանյանի դեմ, վերջին հայհոյանքներն էր տեղում Ռուբեն Վարդանյանի հասցեին, հայտնվեց անհավասարակշիռ վարչապետի թիրախում, ապա ձերբակալվեց: Նիկոլ Փաշինյանն այնքան հունից դուրս եկավ, որ սկսեց ափսոսանք հայտնել, թե ինչու Օսիպյանը չի զոհվել։ «Ինչո՞ւ չես զոհվել, բա գնայիր զոհվեիր, խի՞ ես կենդանի»,- բղավում էր նա՝ մոռանալով, որ իր թիմում հիմա «չզոհված» արցախցիներ են աշխատում, օրինակ` ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ ԳՇ պետը եւ այլք: Ինչո՞ւ է ռեժիմը կրկին թիրախավորել արցախցիներին:

Զրուցել ենք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ:

– Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ասում են, որ արցախցիներն ահաբեկիչներ են` փորձել են ահաբեկչություն իրականացնել Փաշինյանի դեմ: Հավատո՞ւմ եք այդ մեղադրանքներին:

– Ազգի պառակտման նոր ձեւ է սա: Պետք է պարզել, թե ով կամ ովքեր են այդ ամենի կազմակերպման ետեւում կանգնած, թեպետ ես մոտավորապես գլխի եմ ընկնում, թե ում ձեռագիրն է: Մեր հայ ազգն այնքան էլ մեծ ազգ չէ, եւ չի կարելի նման ձեւով ազգը հերթական անգամ պառակտել: Ընտրություններից հետո էլ կյանք կա, չի կարելի: Լավ կլինի, որ իրար երես նայելու տեղ թողնեն: Մանավանդ որ արցախցիների վիճակը վատ է, տուն-տեղ ենք կորցրել, ամեն ինչ թողել ենք այնտեղ, հիմա հերթական լարվածությունն են փորձում առաջացնել: Ինձ երբեմն թվում է, թե այս ամենն Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում եւ իրականացվում:

– Հատկապես իշխանությունն է այդ ձայնագրությունները տարածում եւ արցախցիների դեմ ատելություն սերմանում:

– Դե, իրենց ձեռնտու է լարվածություն ստեղծելը: Սրանք կեղտոտ խաղեր են, որոնց չի կարելի տուրք տալ: Այն մեր ազգին վնասում է: Վաղը կվերանա այս մթությունը, նորից լույս կբացվի, եւ ես դեմ եմ, որ այսպես ազգին պառակտում են:

– Նիկոլ Փաշինյանը 5 հազար զոհ տալուց հետո ափսոսում է, որ բոլոր արցախցի տղամարդիկ չեն զոհվել` դեռ ապրողներ կան: Նա Արտուր Օսիպյանին ասում էր` ինչո՞ւ չես զոհվել:

– Ես այդ տղային ճանաչում եմ, նա միշտ ընդդիմություն է եղել: Ես նրա խոսքում ոչ մի ավելորդ բան չտեսա: Ուղղակի պատմում էր, թե ինչեր են տեղի ունեցել Արցախում, բայց վերջում ինչ ասես՝ ասաց այդ տղային, անեծքներ տվեց, չի կարելի…. չի կարելի նման խոսքեր ասել, կռվի ժամանակ պետք է հաշտության տեղ թողնել, չի կարելի կամուրջներն այրել անվերադարձ: Ճակատագիր է, մահացողները մահացան, ապրողներն էլ ապրում են: Ո՞վ էր ուզում, որ իր հարազատը զոհվի: Օրինակ` իմ եղբայրը զոհվեց, ո՞վ կուզենար, որ նա զոհվեր: Կռիվ էր, մի մասը զոհվեց, մի մասը` բախտի բերմամբ, թե պատահմամբ, ողջ մնաց, ես էլ ողջ եմ մնացել, ու ի՞նչ: Ո՛չ փախել ենք, ո՛չ վախեցել ենք, միշտ էլ թուրքի առաջ կանգնել ենք ու պատրաստ ենք եղել կռվելու: Հիմա ի՞նչ անենք: Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել: Մի քանի անգամ վիրավորվել եմ, բայց չեմ մահացել: Դե հիմա էդպես է ստացվել, ես ի՞նչ անեմ, իմ ճակատագիրն էլ այդպես էր: Տղայիս մոտ էլ լիքը սնարյադներ են պայթել, կողքի տղաները զոհվել են, ինքը` չէ: Ամեն մեկի ճակատին մի բան է գրված եղել: Քոռ գյուլլեն որ գալիս է, ոչ մեկի անեծքին ուշադրություն չի դարձնում: Անեծքը սատանայական բան է, մարդու մահը ցանկանալը` եւս:

«Հրապարակ»․ Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել