20/05/2026

EU – Armenia

ՆՈԱ-ն բոյկոտում է Արմեն Մելիքբեկյանին

Վաղարշապատում տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղեկացանք, որ թեեւ մասշտաբային միջոցառում է տեղի ունեցել, ու բազմաթիվ հյուրեր են ներկա եղել, միջոցառմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ ներկայացուցիչ ներկա չի եղել։

Հրապարակ թերթը գրել է․ Մեզ հետ զրույցում ՀՖՖ մամուլի խոսնակ Սուրեն Սուքիասյանը հայտնեց, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկրում չէ․ «Մելիքբեկյանն այս պահին գտնվում է Ստամբուլում, որտեղ ՈՒԵՖԱ-ի ժողով կա, որին պետք է մասնակցի ու նաեւ Եվրոպայի լիգայի եզրափակչին պետք է մասնակցի: Բայց տեղյակ չեմ՝ հրավեր ստացե՞լ է, թե՝ ոչ, միայն գիտեմ, որ 2 օր է՝ երկրում չէ»։

«Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց․ «Միջոցառմանը հրավիրված էին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգոն, Կառավարությունը, Վաղարշապատի համայնքը, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ, մարզիչներ, սպորտային մեդիան, միջազգային գործընկերներ: ՀՖՖ-ն հրավիրվածների ցանկում չկար»։ Օհանյանը չպատասխանեց մեր հարցին, թե ինչու ՀՖՖ-ն այս միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել։

Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն ու քննարկումներն այն մասին, որ այս իշխանությունը որոշել է ազատվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից, որը, խնդիրներ ստեղծելուց բացի, ոչինչ չի տվել ՔՊ-ին, եթե, իհարկե, ֆինանսական մուտքերը չհաշվենք:

Հիշեցնենք նաեւ, որ զուտ ֆորմալ պետական իշխանությունները ՀՖՖ նախագահ փոխելու լծակ չունեն։ Համաձայն ֆուտբոլային կառույցների կանոնադրության՝ ֆեդերացիայի նախագահին կարող են հեռացնել միայն այն անձինք, ովքեր քվեարկել են նրա օգտին, այսինքն՝ գործադիր կոմիտեն, ակումբները։ Այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի որոշմամբ է արդեն 6 տարի Արմեն Մելիքբեկյանը ղեկավարում ՀՖՖ-ն: