24/05/2026

EU – Armenia

Լավրովը, Ռուսաստանի ազդեցությունը և որպես գործընկեր երկրի գրավչությունը

Ռուսաստանի ազդեցության և որպես գործընկերոջ նրա գրավչության ամրապնդման գլխավոր խնդիրը «հատուկ ռազմական գործողության» բոլոր նպատակների նվաճումն է։

Այդ մասին Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդաժողովի ամենամյա նիստին ելույթում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Լավրովը պարզաբանել է, որ «հատուկ ռազմական գործողության» ընթացքին «ակնդետ հետևում են «ինչպես Ռուսաստանի հարևանները և բարեկամները, այնպես էլ հակառակորդները և թշնամիները»։

Լավրովը ձևակերպել է իր գլխավորած գերատեսչության գլխավոր անելիքը՝ «դիվանագիտական ճակատում ամենաբարենպաստ պայմաններն ստեղծել, որպեսզի Ռուսաստանի զինված ուժերը «հատուկ ռազմական գործողության» շրջանակներում հաղթական գործողություններ իրականացնելու հնարավորություն ունենան»։

ՌԴ արտգործնախարարն, այսպիսով, փաստացի բացառել է Ուկրաինայի հետ ռազմական հակամարտության խաղաղ-բանակցային կարգավորումը և սահմանել, որ արտաքին քաղաքականությունը այնքանով արդյունավետ կլինի, որքանով կկարողանա ոչ միայն արդարացնել պատերազմը, այլեւ այն «հաղթական ավարտի հասնելու» համար «բարենպաստ պայմաններ կստեղծի»։

Թե Ռուսաստանին որքանո՞վ կհաջողվի Ուկրաինայի դեմ պատերազմում ռազմական դաշնակիցներ «հավաքագրել», կանխատեսելի չէ։ Միակ երկիրը, որ նրան բացահայտ աջակցություն է ցուցաբերել, Հյուսիսային Կորեան է։

Ռուսաստանի ռազմական երկրորդ գործընկեր Իրանը չափազանց բարդ շրջան է ապրում։ Ռուսաստանին որոշակիորեն օգնում է նաև Չինաստանը, բայց դա հազիվ թե կանխորոշի ուկրաինական պատերազմի ելքը։

Բայց շատ ավելի կարեւոր է, որ Լավրովը Ռուսաստանի ազդեցությունը և որպես գործընկեր երկրի գրավչությունը պայմանավորել է Ուկրաինայի դեմ ռազմական հաղթանակով։ Այդ խոստովանությունը վկայում է, որ Ռուսաստանը, ինչպես հայտնի խորհրդային ֆիլմի հետորսն է ասում՝ «ետդարձի ճանապարհ չունի», Պուտինին չի բավարարում նույնիսկ «պատվավոր ոչ -ոքին»։

Այս իրավիճակը Ռուսաստանի դիրքորոշման ռադիկալացման է տանում։ Որքանով հասկացվում է, Մոսկվայի և Վաշինգտոնի «մոտեցումների ընդհանրությունը» միայն քարոզչություն էր, իսկ Պեկինում Վլադիմիր Պուտինը շոշափելի և սկզբունքային ռեսուրս «չի հավաքագրել»։

Պուտինի «ուկրաինական ֆրուստրացիան» համընկել է Հայաստանում խորհրդարանական քարոզարշավի փուլին։ Մոսկվայում Հայաստանի ընտրությունը գնահատվում է Ուկրաինայում «հաղթանա՞կ, թե՞ պարտություն» սակրալ հարցադրման տիրույթում։

Վերջին օրերի բացահայտ հարձակումները խիստ մտահոգիչ են։ Ցավոք, Հայաստանի ընդդիմությունը չի կատարում հիմնական առաքելությունը՝ հանդես չի գալիս որպես հայաստանյան քաղաքական սուբյեկտ։

Այս իրավիճակը գործող իշխանությունների վրա կրկնակի պատասխանատվություն է դնում՝ ոչ միայն պահել ինքնիշխան ընտրության իրավունքը, այլև ապահովել քվեարկության և հետընտրական փուլի կայունությունը, ներքին ցնցումներ թույլ չտալ։

Ուկրաինայում պատերազմողների համար «նպաստավոր պայմաններ ստեղծելու» համար Մոսկվան կարող է Երևանում «նավակ ճոճելու փորձ անել»։