Մայիսի լույս 24-ի գիշերը ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին «վրեժխնդրության» հարվածներ են հասցրել։
Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, կիրառվել են «Օրեշնիկ», «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռներ, հարվածները հասցվել են ծովից, օդից և ցամաքից, «բոլոր թիրախները խոցվել» են։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, վկայակոչելով հետախուզության տվյալներ, այդ հարվածները «անոնսավորել» է ինչը վկայում է, որ Կիևը թե սեփական հնարավորությունների, թե գործընկեր պետությունների աջակցությամբ տիրապետում է Ռուսաստանի ռազմական գաղտնիքներին։
Կիևին հասցված հարվածներին անդրադառնալով՝ Գերմանիայի կանցլեր Մերցը սոցիալական X հարթակում «վճռականորեն դատապարտել» է ռուսական բանակի կողմից «Օրեշնիկ» հրթիռների կիրառումը և այդ հարձակումն անվանել «անբանական էսկալացիա»։
Նույն տեղում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը «Օրեշնիկի» կիրառումը գնահատել է որպես «հետագա էսկալացիայի և ագրեսիվ պատերազմում փակուղու վկայություն» և ընդգծել է, որ դրանից հետո «Ուկրաինային աջակցելու, արդարացի և ամուր խաղաղության, Եվրոպայի անվտանգությունը ամրապնդելու ջանքերը միայն ուժեղանում» են։
«Այդ անիմաստ ագրեսիվ պատերազմը անհրաժեշտ է կանգնեցնել։ Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի ռազմական մեքենայի վրա և մեծացնել Ուկրաինային մեր օգնությունը»,- գրել է Ֆինլանդիայի նախագահ Ստրուբը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնահատմամբ՝ «խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունը, որ այլևս ուժ չէ, այլ հուսահատություն»։ Նա ամփոփել է, որ «Օրեշնիկի» կիրառումը «վախ ներշնչելու մարտավարություն և միջուկային պատերազմի սահմանգծին խելահեղ խաղ» է։
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը էսկալացիայի է գնում մի իրավիճակում, երբ Միացյալ Նահանգները փաստացի դադարեցրել է հակամարտության կարգավորման միջնորդությունը։ Դատելով արձագանքներից, Մոսկվայում դժգոհ են, որ Թրամփը «կարող էր Զելենսկուն համոզել, բայց բավարար ճնշում չի գործադրել»։
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի ձևակերպումներից, մինչդեռ, տպավորություն է, թե Վաշինգտոնը միջնորդությունը դադարեցրել կամ առկախել է, քանի որ Պուտինը չի համաձայնել Խերսոնի և Զապորոժիեի մարզերում շփման գծով կրակի դադարեցմանը՝ միաժամանակ պահանջելով, որ ԱՄՆ-ը դե-յուրե ճանաչի օկուպացված ուկրաինական բոլոր տարածքների ռուսաստանապատկանությունը։
Ռուսաստանը, այդպիսով, գոնե ժամանակավորապես կորցնում է Դոնալդ Թրամփի քաղաքական աջակցությունը։ Որքանո՞վ իրական կլինի Ուկրաինային աջակցելու եվրոպական երկրների, Եվրահանձնաժողովի պատրաստակամությունը, այդքանով էլ Ռուսաստանը չի հասնի առաջադրված «բոլոր նպատակների նվաճմանը»։ Մերցի, Մակրոնի, Ստրուբի և Լայենի հայտարարությունները վկայում են, որ Ուկրաինայում ռուս-եվրոպական պատերազմ է։

Բաց մի թողեք
Ընդդիմությունը համարում է, որ այն «ուժեղ և արժանապատիվ» չէ և «պետք է ունենա երաշխավոր»
Գեղամ Մանուկյանի արձագանքը Սուրեն Պապիկյանին
Երբ երկրի ղեկավարը կամ իշխող ուժի ներկայացուցիչները հանրային խոսքը իջեցնում են փողոցային լեզվի, անձնական նվաստացման դա այլևս միայն «քաղաքական ոճ» չէ