27/05/2026

EU – Armenia

Գարնան 17 ակնթարթը՝ նոր «Հայրենականի» չկողմնորոշվածների համար

Գարունը կավարտվի՝ արևի երես չտեսանք։ Սպասում ենք՝ հունիսը գա, ամառ անի, արև բացվի։ Թվում է՝ ամեն ինչ կախված է դրանից։ Գարնան այս վերջին ակնթարթները, քարոզարշավի վերջին 15 օրերը, գան ու անցնեն, և վերջապես ավարտվի այս սառը պատերազմը, որ սկսվել է հայ հասարակության մեջ՝ պառակտում, լուտանքներ, մեղադրանքներ, անցյալի ձեռքբերումների ուրացում, ապագայի նկատմամբ անհուսություն ու այդ վիճակից հոգնած ՝ բութ անտարբերություն։

Հրապարակ թերթը գրել է․ Եթե առաջ գաղջ էր միջավայրը, և մարդիկ ցանկացան ազատվել դրանից, հիմա միջավայրը հեղձուկ է, և, թվում է, կարելի է խեղդվել՝ չհաղթահարելով առաջիկա 15 օրերի սթրեսը։ Բայց դիմանալը կարևոր է։

Ի՞նչ է մեզ սպասվում, Երբ քարոզարշան ուղիղ կիսվել է։ Քարոզարշավի ուղիղ կեսը՝ լի շպիոնաժով ու դետեկտիվով, դեռ առջևում են։ Պետք է դիմանալ ու գիտակցել, որ այս օրերին ամեն ինչ հնարավոր է. իշխող ուժը ոչնչի առջև չի կանգնելու՝ մի վերջին ճիգով իր հաղթանակին անհրաժեշտ տոկոսներն ապահովելու համար։ Եվ ցավալին այն է, որ նա վերջին 15 օրերի դրությամբ դեռ մոտ է այդ անհրաժեշտ տոկոսների շեմին։

Չնայած, երբ ընտրարշավը կիսվեց, առաջին անգամ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս հավասարության նշան՝ իշխանության և միասին վերցրած 3 ընդդիմադիրների հաղթանակի հավանականության միջև։

«Ով կասի, թե այս պահին կարող է կանխատեսել, թե ում է հասնելու վարչապետի պաշտոնը՝ իշխանությանը, թե ընդդիմությանը, ուղղակի գլուխգովան է»,- այսօր ինձ ասաց քաղաքական գործընթացներին շատ քաջատեղյակ մի փորձառու գործիչ, նախկին դաշնակցական(եթե այդպիսին լինում են), որն այսօր որևէ ցուցակում ընդգրկված չէ։ Նա բնորոշմամբ, ահա, այսօր լիովին անկանխատեսելի և բացառիկորեն աննախադեպ քաղաքական իրադրություն է ձևավորվել, որը առաջիկա օրերին պիտի անխուսափելիորեն փոխվի։ Ընդդիմություն-իշխանություն՝ հավասարված նժարներից մեկը պետք է անպայման ծանրանա։

Եվ այսպես, կասկածից վեր է, որ ՔՊ-ն ունի ստվար ընտրազանգված։ Այդ մարդկանց կարելի է տեսնել ամենուր։ Մարդիկ, որոնց համար անկարևորը կարևոր է, արժեքավորը՝ անպետք, ցածրարժեքը՝ գլխավոր։ Օրինակ՝ նրանք կասեն, որ երջանիկ են իրենց գյուղի ճանապարհի ասֆալտի ու վերանորոգված մանկապարտեզի համար։ Կասեն՝ «մնչև հըմի ճամփա չունեինք՝ Նիգոլս եկավ՝ արեց»։ Այդ մարդկանց համար դա է կարևորը։ Այն, որ «մնչև հըմի» Արցախ ունեինք, ու հիմա չունենք, ու դա Նիկոլն եկավ՝ արեց, նրանց համար կարևոր չէ։ Նրանք խորապես թքած կունենան այդ փաստարկի վրա, կայլայլվեն ու կպայթեն՝ փրփուրը բերանին, թքելով կկրկնեն, թե մեզ Արցախը պետք չէր, ու չեն ամաչի իրենց տարիքից, իրենց ճերմակած մազերից ու հիմնականում թափված ատամներից։ Չեն ամաչի ասել, որ ասֆալտն է կարևորը։ Վստահեցնում եմ, որ դուք կհանդիպեք մարդկանց, ովքեր կասեն, որ թուրքից բերած էժան բենզինը շատ կարևոր է իրենց կյանքում, ավելի կարևոր, քան 44-օրյա պատերազմում մեր 18-20 տարեկան տղաների հեղած արյունը։ Կասեն՝ «էդ պատերազմը վաղուց էր պլանավորված, Ղարաբաղը նախկինները վաղուց էին ծախել»։ Կասեն ու չեն ամաչի իրենց տարիքից, ճերմակ մազերից… չկրկնեմ։

Հատկապես մարզում դուք, վստահաբար, կհանդիպեք մարդկանց, որոնք չեն դատապարտի եկեղեցու դեմ հարձակումները, Մայր տաճարի դռները ջարդելը, կաթողիկոսին անպատվելը։ Կասեն՝ «դրանք սաղ մեռելի ու հարսանիքի համար փող գռփող պիղծ տերտերներ են»։ Կասեն այն, ինչ չի ասի երևի անգամ թուրքի մոլլան, ու չեն ամաչի… Եթե նրանց պատմեք տնավեր, վտարանդի, մահից մազապուրծ մեր արցախցի քույրերի ու եղբայրների մասին, որ իրենց ունեցվածքից ոչինչ չեն ափսոսում, բայց մղկտում են հարազատների գերեզմանների ու թողած սրբությունների, եկեղեցիների համար, կասեն՝ ղարաբաղցին չկռվեց, փախածներ են, մեր զինվորին մի բաժակ ջուր չեն տվել, չեն թողել խնձոր պոկեն ծառից․․․ Զզվելի բաներ կասեն, կխոսեն ու չեն ամաչի իրենց ճերմակած մազերից, հնամաշ շորերից ու հիմնականում բացակայող ատամներից։ Չեն ամաչի։ Այդ մարդիկ կան, այս օրերին էլ լավ երևում են։

Ու այդ մարդիկ են, որ հունիսի 7-ի առավոտյան առաջին գործով՝ վազելու են ընտրության, որովհետև գիտեն, որ իրենց ցածր խավային դասում, իրենց անամոթ կարգավիճակում, կարող են շարունակել հոխորտալ, եթե ընտրվի իրենց ընտրյալը։ Ուշադրություն. նրանք անշուշտ գնալու են ընտրության, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր սրտակոտոր բղավոցներով, իր շանտաժով ու թատերականացված ռեալիթի շոուներով ամեն վայրկյան նրանց պահում է լարված նյարդի վրա՝ թույլ չտալով, որ նրանց բորբոքված երևակայությունը շեղվի իր հաստատած կարգավորումներից։

Այդ մարդկանց միջոցով ընտրվելն ամենևին տխուր չի թվում իշխող ուժին, որը 10000-նոց երախտագիտության վրա է դրել իր հույսը։ Ավելին՝ իր հույսը դրել է նախկինների թալանի էժանագին սկավառակը նորից պտտելու, 1000-ավոր զոհերի մեղքը թողած՝ մարտի 1-ի 10 զոհի հանգամանքը շահարկելու, երիտասարդ հղի կնոջ ողբերգական վրաերթն ու մահը թողած՝ Պողոս Պողոսյանի սպանությունը դրոշ սարքած հաղթանակի վրա։

Ու, քանի որ նրանք ավելի բարձր են գոռում, ավելի ագրեսիվ են, քանի որ իրենք չունեն բարոյականության կարմիր գծեր ու ստելիս չեն կարմրում, նրանք կարող են այս ջրից չոր դուրս գալ հերթական անգամ, ու ամենևին չի բացառվում նրանց հաղթանակն այս պայմաններում, քանի որ «մնչև հըմի» մեր մեջ կան չկողմնորոշված մարդիկ։

Գարնան այս վերջին ակնթարթներն, ուրեմն, նվիրում ենք նրանց՝ այդ չկողմնորոշված մարդկանց, այն մարդկանց, ովքեր դեռ որոշում չունեն, որ ամառվա առաջին կիրակին՝ այդ արևոտ, պայծառ օրը, պիտի արթնանան և ունենան մեկ կարևոր գործ՝ գնալ ընտրության։ Չգնալ ընտրության նշանակում է մեր նահատակների զոհողությունից ավելի կարևորել ասֆալտը և ադրբեջանական բենզինը, հավատալ մոլորեցնող ստերին, դուրեկան լինել և բավարարել Ալիևին․․․ Այսօր արդեն լինել չկողմնորոշված ու չլինել վճռական՝ ընտրության գնալու հարցում, դառնում է անպատվաբեր, քանի որ ուրիշ էլ ինչ էր անհրաժեշտ որոշում ընդունելու համար. մի՞թե եղած ակնառու որոշիչները քիչ են՝ վերջապես և վերջնականապես կողմնորոշվելու համար։

Ու բարդն այն է, որ մարդիկ, որոնց համար անցած 8 տարիները բավարար չէին հստակ կողմնորոշված լինելու համար, պարտավոր են հիմա՝ այս վերջին 15 օրում կողմնորոշվել։

Այո՛, մենք ապրում ենք կարևոր 15 օր, ու հաստատ է, որ այս օրերին բավարար ինֆորմացիա կա չկողմնորոշման թմբիրից դուրս գալու և ցույց տալու, որ մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ մեզ հետ պատահել է։ Անգամ, եթե անդառնալի են վնասները, պետք է ցույց տալ, որ մենք ցավում ենք դրանց համար, ուստի արտահայտում ենք մեր միասնական անհամաձայնությունն ու անհամերաշխությունը մեզ պատահած դժբախտությունների հետ։
Դասականը այսօր կասեր․ «Ընդդիմադիր դու կարող ես չլինել, բայց կողմնորոշված լինել դու արդեն պարտավոր ես», ուստի իրեն հարգող ամեն մարդ հիմա պետք է լինի կամ իշխանամետ, կամ ընդդիմադիր, այլ տարբերակ չկա։ Այսօր դա է կարևորը, որպեսզի ոչ թե միայն ջանասեր ու ագրեսիվ մի հատվածի ցանկությունը հաղթի, այլ ամբողջ հանրության իղձերի իրական պատկերը հստակ արտացոլվի ընտրական արդյունքներում։

Ի վերջո, սովորական ընտրություն չէ սա։ Սրանով պիտի հասկանալի դառնա՝ արժանի՞ էին հայերը 1000 տարի անց պետություն ունենալու, և հստակ լինի՝ որքա՞ն են, արդյոք, թաթար-մոնղոլները հասցրել խառնվել մեզ հետ, չէ՞ որ այս հարցերը բարձրացվել են՝ թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի կողմից , ու, կարծես, չունեն ճիշտ պատասխաններ։ Այդ պատասխանները սպասում ենք հատկապես չկողմնորոշվածներից՝ ակնթարթի պես արագ անցնող 15 օր անց, մեկընդմիշտ։