04/06/2026

EU – Armenia

«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս»

«Վերջին շաբաթներին հանրության ուշադրությունը գրավել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջայցերի ընթացքում արված բազմաթիվ կադրերը, որտեղ նա տարբեր համայնքներում մեծ ախորժակով օգտվում է տեղացիների կողմից պատրաստված հյուրասիրություններից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը պարզապես մոտենում է պատահական սեղանին և ճաշակում այն, ինչ այդ պահին առաջարկում են քաղաքացիները։ Սակայն իրականությունն այլ է։

«Ժողովուրդ» օրաթերթին իշխանական շրջանակներից տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, որ վարչապետի համար նախատեսված յուրաքանչյուր սեղան անցնում է մի ամբողջ «գաստրոնոմիական անվտանգության օպերացիա»։

Նախքան վարչապետի մոտենալը, սեղանը մանրակրկիտ ուսումնասիրվում է, ուտեստները զննվում են, գնահատվում է ոչ միայն անվտանգությունը, այլև դրանց տեղաբաշխումը, լուսանկարչական տեսանելիությունը և նույնիսկ այն, թե որ կողմից է առավել շահավետ կադրը։

Աղբյուրների հավաստմամբ՝ միայն բոլոր փուլերն անցնելուց հետո է տրվում պայմանական «բարի ախորժակ» թույլտվությունը, և վարչապետը կարողանում է մոտենալ ժողովրդական սեղանին։

Այսպիսով, հենց Փաշինյանի ներկայացմամբ՝ «պերաշկի ուտող վարչապետի» կերպարը վաղուց արդեն վերածվել է յուրատեսակ քաղաքական բրենդի, որտեղ նույնիսկ ամենահասարակ պատառը նախապես անցնում է անվտանգության և հանրային կապերի ֆիլտրերով։ Այսինքն՝ բեմադրվում է նաև ճաշացանկը»։