Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մերձենալուն, քանի որ դա մեր կարծիքով կնպաստեր մեզ համար ընդհանուր եվրասիական տարածքում արդեն ձեւավորված տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը։
Ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, այդ մասին Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի պանելային քննարկմանը ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա գնահատմամբ, այդպիսի մերձեցումը «Ադրբեջանի տնտեսության համար շատ լավ դրական ազդեցություն կունենար, որովհետև երկիրը ապրանքների ընդհանուր շուկային հասանելիություն կստանար և կկարողանար համագործակցել տրանսպորտի, ծառայությունների և ներդրումների ոլորտներում»։
Ռուսաստանը, ըստ Գալուզինի, կուզենար Ադրբեջանը «տեսնել Եվրասիական բանկի բաժնետերերի կազմում և կարծում է, որ այդ քայլը բանկի միջոցների հաշվին հանրապետությունում խոշոր ծրագրերի ֆինանսավորման ճանապարհ կհարթեր»։
Ադրբեջանը այսպես կոչված «Մեծ վերադարձ», ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային ոլորտների արդիականացման ծրագրերի ֆինանսավորման լուրջ խնդիրներ ունի։ Ռուսաստանը փաստացի առաջարկում է այդ կարիքների մի մասը հոգալ Եվրասիական բանկից արտոնյալ վարկերի միջոցով, ինչպես նաև խոստանում ԵԱՏՄ տարածքում ադրբեջանական ապրանքների համար արտոնյալ պայմաններ ստեղծել։
Որքանո՞վ դրանք Ադրբեջանի համար գրավիչ կլինեն զուտ տնտեսական առումով, խնդրահարույց է, բայց Գալուզինի կողմից հնչեցված վերջին առաջարկությունը, հավանաբար, Բաքվին «կգայթակղի»։ Մոսկվան Բաքվին առաջարկում է «պատմաբանների մասնագիտական երկխոսություն սկսել» և «վերականգնել մշակութային-հումանիտար համագործակցությունը»։
Ղազախստանի նախագահի կողմից ներկայացված «Մեծ տափաստանը՝ թուրքերի նախահայրենիք» հայեցակարգը սկզբունքորեն հակասում է «ադրբեջանական ինքնության» Բաքվի պաշտոնական նարատիվին։
Ռուսաստանում, հավանաբար, այդ հանգամանքը կարևորել են և Ադրբեջանին առաջարկում են «պատմական ընդհանրության միասնական տեսություն» ընդունել։ «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտում արձանագրված է, որ Ռուսաստանը 1828 թվականին «օկուպացրել է Ադրբեջանը»։
«Պատմաբանների մասնագիտական երկխոսության» առաջարկությունը, կարծես, արվում է, որպեսզի կողմերի միջև պատմա-քաղաքակրթական լարվածությունը հաղթահարվի։ Գրեթե բացառված է, որ Ադրբեջանը հրաժարվի «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտի սկզբունքային նշանակության ձևակերպումից։
Մնում է ենթադրել, որ Ռուսաստանը պատմա-քաղաքական զիջում է առաջարկում։ Բաքվի նարատիվը, որ «Հայաստանը կազմավորվել է ադրբեջանական հողերի վրա», ուղղակիորեն բխում է «Պետական անկախության վերականգնման մասին» հիշյալ ակտից։
Մոսկվան, այսպիսով, Բաքվին առաջարկում է «ընդհանուր հայեցակարգ ստեղծել»։ Դա կարող է արվել միայն Հայաստանի պատմության խեղաթյուրման հաշվին։ Իսկ պատմության խեղաթյուրումը չի կարող քաղաքական հետեւանքներ չունենալ։
Եթե Գալուզինի հայտարարությունը իրոք պետական մակարդակով մշակված է կամ գտնվում է մշակման փուլում, ապա պետք է արձանագրել, որ Ռուսաստանը Ադրբեջանին ԵԱՏՄ է հրավիրում՝ խոստանալով «Հայաստանի պետականությունը պատմականորեն լուծարել»։

Բաց մի թողեք
Աշնանը «1917 թվականը կկրկնվի»
ՀՀ ղեկավարությունը հիմա պետք է պատասխանի իր խոսքերի համար․ Լավրով
Ռուսաստանը Հայաստանին խնդրում է արագ որոշել, թե որ ուղղությամբ է ուզում գնալ. Պուտին