23/06/2026

EU – Armenia

Իրանին «հաջողվել է «Հըզբալա»-ի կարգավիճակը բարձրացնել ՝ որպես մերձավորարևելյան կարգավորման կողմի

Շվեյցարական առողջարանային Բյուրգենշտոկ քաղաքում իրանա-ամերիկյան բանակցությունները ընդհանուր առմամբ տևել են տասնութ ժամ։

Ըստ արաբական աղբյուրների, որոնց հղում է արել իսրայելական ynet- ը, հունիսի 22-ին իրանական բարձրաստիճան բանագնացները «մեկնել են Թեհրան, մինչդեռ ԱՄՆ փոխնախագահ Ջի Դեյ Վենսը շարունակում է մնալ Շվեյցարիայում»։

Նախօրեին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական պատվիրակությունը «լքել է բանակցությունների սեղանը, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է, որ նրանք չեն կարող անգամ հայրենիք վերադառնալ, եթե շարունակեն համառել»։

Չնայած դրան, հունիսի 22-ին Պակիստանի և Կատարի արտգործնախարարների անունից տարածվել է հայտարարություն, ըստ որի՝ «առաջին օրը կայացած բանակցություններում առաջընթաց է արձանագրվել»։

Իսրայելական vesty-ն, վկայակոչելով այդ փաստաթուղթը, հայտնել է, որ ԱՄՆ-ը և Իրանը «համաձայնել են Հորմուզի նեղուցում նավագնացությունը և Լիբանանում կրակի դադարեցումը դիտարկելու նպատակով համակարգող մարմիններ ստեղծել»։

Որևէ որոշակիություն, թե ի՞նչ գործառույթներ են ունենալու «համակարգող մարմինները»․ հայտնի չէ։ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին, ըստ tasnim-ի, ասել է, որ Իրանի սառեցված դրամական միջոցների «մի մասը շարժման մեջ է դրվել»։ Արաղչին «ազատված» ֆինանսների թիվ չի հրապարակել։ Պարզ չէ, թե ո՞վ է «դիտարկելու» Հորմուզի նեղուցի նավագնացությունը։

Ավելի բարդ է Լիբանանում հրադադարի վերահսկման խնդիրը։ Ըստ vesty-ի, Իսրայելը և լիբանանյան «Հըզբալա»-ն «ձեռք բերված համաձայնության կողմ չեն»։ Փաստացի «Հըզբալա»-ն պետք է կատարի Թեհրանից ստացած հրահանգները, իսկ ԱՄՆ-ը երաշխավորել է, որ Իսրայելը մարտական գործողությունները «չի վերսկսի»։

Իսրայելական ynet-ի մեկնաբանի տեղեկացվածությամբ՝ իրանական կողմը ոչ միայն հրադադար, այլև Լիբանանի հարավից իսրայելական զորքերի «դուրսբերում է պահանջում»։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ «զորքերը զբաղեցրած դիրքերում կմնան այնքան, որքան կպահանջվի հրեական պետության հյուսիսի բնակչության անվտանգության ապահովումը»։

Որևէ տեղեկություն առայժմ չի ստացվել, թե արդյոք Բյուրգենշտոկի բանակցություններում «առաջընթացը» Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հետ քննարկվե՞լ է։ Turkiye իշխանամետ պարբերականի գնահատմամբ՝ Իրանին «հաջողվել է «Հըզբալա»-ի կարգավիճակը բարձրացնել ՝ որպես մերձավորարևելյան կարգավորման կողմի»։

Եթե նկատի ունենանք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը նախապես պնդել են, որ Իրանը պետք է պարտավորվի այսուհետեւ «դադարեցնել պրոքսի խմբավորումներին աջակցությունը», ապա Լիբանանում առանց «Հըզբալա»-ի զինաթափման պայմանի հրադադարի հաստատումը, իրոք, իրանական դիվանագիտության հաջողությունն է։

Տպավորություն է, որ կողմերը պայմանավորվել են, որ բանակցությունները կընթանան «տեխնիկական խմբերի» միջև, իսկ բարձրաստիճան բանագնացները Պակիստանի և Կատարի միջնորդությամբ կհանդիպեն «ըստ անհրաժեշտության»։

Բայց սա շատ լավատեսական ենթադրություն է։ Իրանա-ամերիկյան բանակցությունների «դաշտը ականապատված» է ոչ միայն Իսրայելի կամ «Հըզբալա»-ի առավելապաշտությամբ, այլև Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի շուրջ կողմերի իրարամերժ դիրքորոշումներով։