24/06/2026

EU – Armenia

Ձերբակալել են Ավետիք Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Չալաբյանը, ավելի ուշ կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Մենք տեղեկացանք, որ Չալաբյանին տարել են Մազմանյան 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի բաժանմունք։

Ավետիք Չալաբյանի կինը լայվով ներկայացրեց, թե ինչպես են մտել իրենց տուն և ձերբակալել են ամուսնուն, սակայն չգիտեն, թե ինչ մեղադրանք է առաջադրվել։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ձերբակալության հիմքում մի ձայնագրություն է դրված, սակայն խոսքը ընտրակաշառքի մասին չէ։ Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է հունիսի 6-ին համացանցում հրապարակված ձայնագրությանը, որտեղ Ավետիք Չալաբյանը ՌԴ դեսապանության ինչ որ աշխատակցի հետ զրուցում է ընտրությունների թեմայով։ Դրանից անմիջապես հետո Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը գրությամբ դիմել է Քննչական կոմիտե, որպեսզի «ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մեղադրանքով» հարուցված գործին կցվի այն և դրան տրվի քրեաիրավական գնահատական։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձայն քրեական վարույթ է նախաձեռնվում ընդդիմադիրների դեմ։