24/06/2026

EU – Armenia

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

Հեղինակավոր Forbes պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Գագարինում հունիսի սկզբին բացված նոր ԱԲ տվյալային կենտրոնին, որը հագեցած է NVIDIA Blackwell առաջատար գրաֆիկական պրոցեսորներով։

Այս մասին հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Պարբերականը նշում է, որ Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի։

Նշվում է, որ Eleveight AI ընկերության «ԱԲ գործարանում» տեղադրված են 512 NVIDIA Blackwell B300 պրոցեսորներ, որոնք ներկայում հասանելի արհեստական բանականության (ԱԲ) ամենահզոր սարքավորումներն են:

«Մենք այս կետին հասել ենք քայլ առ քայլ, սխալների և շարունակական ջանքերի միջոցով. այս նախագիծը հանկարծակի բեկում չէ, այլ երկար տարիների հետևողական աշխատանքի արդյունք, իսկ այն փաստը, որ մենք չվախեցանք ձախողվելուց, այսօրվա հաջողության նախադրյալներից մեկն էր»,- նշել է ՀՀ ԲՏԱ նախարարը։

Նախարար Հայրապետյանն ընդգծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխգործակցությունը «NVIDIA»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ, որը սկիզբ է առել 2019 թվականին Սիլիկոնյան հովտում կայացած հանդիպմամբ և շարունակվել 2023 թվականին Հուանգի՝ Հայաստան կատարած այցով։ Այդ քննարկումները, նրա խոսքով, կենտրոնացած են եղել ոչ միայն ԱԲ, այլև դրա գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և կարողությունների ստեղծման վրա։