«Էստոնիայի իշխանությունները հանդես են գալիս որպես կիևյան վարչախմբի կողմից Սանկտ Պետերբուրգը ԱԹՍ-երով գրոհելու ահաբեկչության հանցակիցներ»,- ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանցի դիվանագետը, ընդսմին, հիշեցրել է, որ «Էստոնիայի քաղաքական վերնախավի համար ահաբեկիչներին աջակցությունը նորություն չէ, 90-ական թվականներին Էստոնիան համերաշխվել է ահաբեկիչ Դուդաևի և Հյուսիսային Կովկասում նրա մարդասպանների հետ»։
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, որոնց տեղեկությունը հիմք է ընդունել Մարիա Զախարովան, պրանկերները կապ են հաստատել ազգային անվտանգության հարցերով Էստոնիայի նախագահի խորհրդական Մադիսա Ռոլայի հետ, և վերջինս հեռախոսազրույցի ընթացքում «հաստատել է, որ Սանկտ Պետերբուրգի դրոնային հարձակում իրականացնելիս ուկրաինական ուժերը Էստոնիայից աջակցություն են ստացել»։ Որքանո՞վ է իրականությանը մոտ այս տեղեկությունը, դեռևս պարզ չէ։
Փոխարենը հայտնի է դարձել, որ հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է «Կալինինգրադի մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը»։
ՌԻԱ-Նովոստիի փոխանցմամբ, նիստի մեկնարկին Պուտինը ասել է, որ օրակարգում «կա չորս հարց, կլսվի չորս զեկուցում» և առաջին զեկուցման համար խոսքը տրամադրել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային։ Նա, իրոք, ՌԴ կառավարությունում համակարգում է սոցիալական ոլորտը։
Պաշտոնական հաղորդագրությունը Անվտանգության խորհրդի օրակարգի մյուս երեք հարցերը, ինչպես նաև նիստի մասնակիցներին չի հանրայնացրել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ քննարկվել են շատ ավելի կարևոր և հրատապ հարցեր, քան Կալինինգրադի մարզում սոցիալ-տնտեսական իրավիճակն է կամ, թերևս, այն դիտարկվել է հնարավոր զարգացումների համատեքստում։
Նախօրեին Ռուսաստանը մերձբալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը «ժամանակավորապես» փակել է։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Ֆինլանդիային սպառնացել է «համարժեք պատասխանով», եթե Հելսինկին երկրի տարածքում միջուկային զենք տեղաբաշխի։
Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին փուլում ՌԴ նախկին փոխվարչապետ Ռագոզինը կարծիք է հայտնել, որ «առանց Սուվալյան միջանցքի հարցի լուծման արևմտյան ուղղությամբ անվտանգության միջոցառումները համալիչ չեն լինի»։
Խոսքը ցամաքային հաղորդակցության մասին է, որ Լատվիայի տարածքով Ռուսաստանը կապում է Կալինինգրադի մարզին։ Այդ երթուղին, սակայն, նախապես անցնում է Բելառուսի տարածքով։
Էստոնիային «նշանակելով կիևյան վարչախմբի ահաբեկչության հանցակից», ՌԴ ԱԳՆ-ն փաստացի մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի» հող է նախապատրաստում։ Ըստ երևույթին, ՌԴ Անվտանգության խորհուրդը քննարկել է «հավանական սցենարները»։

Բաց մի թողեք
Ձերբակալություններ Թուրքիայում
Իսրայելի վարչապետի կինը հրապարակայնորեն վիճաբանել է ամուսնու հետ. Լուսանկար
Ինչ մեթոդ է կիրառվում Իրանի հետ բանակցություններում