Ինչպես հայտնի է, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում էր:
Նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եղել են ընդլայնված կազմով պատվիրակությունների բանակցություններ, Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված երկու կարևոր քայլի մասին։
Բացի 18 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցությունից՝ ԵՄ-ն պատրաստվում է վերացնել մաքսատուրքերը հայկական արտահանման հիմնական մասի համար՝ թույլ տալով հայ արտադրողներին մուտք գործել 450-միլիոնանոց եվրոպական շուկա։
«Մենք ևս մեկ քայլ առաջ ենք գնում։ Մենք առաջարկում ենք, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներ (ATM)։ Սա նշանակում է, որ այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը դեպի Եվրոպական Միություն։ Սա նշանակում է, որ ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ կլինի առանց սակագների։
Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքը, որն այժմ մեծապես ապավինում է ռուսական շուկային, և դրանք ուղարկել Եվրոպական Միության միասնական շուկա 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99 տոկոս Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգերի և օրգանական ծագման արտադրանքի համար՝ դուռը բացելով ավելի քան 90 տոկոս ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման համար ԵՄ միասնական շուկա։
Փաստորեն վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի ու ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ժամանմանը մեր շուկա, և սա գեղեցիկ խորհրդանիշ է մեր տնտեսական գործընկերության մեջ նոր գլուխ բացելու համար։
Սա միայն սկիզբն է։ Այս նոր միջոցների օգնությամբ մենք հնարավորություն կունենանք արագ դիվերսիֆիկացնելու ձեր առևտուրը։ Հուլիսի կեսերին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան՝ աշխատելու անմիջապես ձեր արտադրողների, ձեռնարկությունների և արտահանողների հետ՝ օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք արտոնյալ գործընկերությունը Եվրամիության հետ կարող է առաջարկել»,- ասել է նա։
Հարց է հնչել այն մասին, թե Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզաների ազատականացման գործընթացն անցել է արդեն տեխնիկական փուլ, ինչպիսին է գրանցված առաջընթացը, և ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի գործընթացը չսահմանափակվի միայն բարեփոխումների իրականացմամբ, այլ հանգեցնի Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքի և սկսի գործել առանց վիզային ռեժիմի։
«Նախ ուզում եմ ասել, որ Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է Եվրոպական Միության հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Մենք ապրիլին հրապարակեցինք գործողությունների ծրագրի առաջընթացի հաշվետվությունը։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին, շնորհակալություն ենք հայտնում դրա համար։ Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը, և գիտեմ, թե հայ ժողովրդի համար որքան կարևոր է դա։
Գնահատման նոր առաքելություններ կգան, այս աշնանը առաքելություն կգա առաջընթացը և մնացած հենանիշների ուղղությամբ պրոցեսը գնահատելու համար։ Թարգմանելով պարզ լեզվի՝ սա պրոցես է, որն առաջնորդվում է որոշ տարրերի նվաճմամբ։ Դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, ես դա գիտեմ։ Բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել մեր առաջարկին՝ վիզաներից ազատ ռեժիմի անցման։ Պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, և եթե դա ավարտվի, դուք կհատեք վերջնագիծը»,- ասել է ԵՀ հանձնակատարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շարունակել է, որ նախընտրական շրջանում հայտարարել է՝ կա խնդիր 2 տարվա ընթացքում՝ 2029 թվականի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն:
«Իհարկե, ես համաձայն եմ տիկին նախագահի հետ, շատ բան մեզնից է կախված, և հարցերը շատ դեպքերում ոչ թե Եվրոպական Միությանը պետք է տանք, այլ ինքներս մեզ տանք, թե ինչքանով ենք պատրաստ և ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը և այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում։ Իհարկե, մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել, հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ և էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար։


ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում, այնուհետև վարչապետը ճանապարհել է ԵՄ պաշտոնյային՝ ուղեկցելով նրան մինչև օդանավ:




Բաց մի թողեք
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից