Բաքվում «շատ են անհանգստացած» ռուս-ուկրաինական պատերազմում երկքաղաքացի ադրբեջանցիների բարեկեցությամբ: Դա են վկայում Ալիևի քարոզչամեքենայի նույնանման բովանդակությամբ հերթական հոդվածները:
Մասնավորապես, Բաքվում խիստ անհանգստացած են, որ ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններից հետո մոբիլիզացիայի երկրորդ ալիքն է հայտարարվելու և կարող են ռազմաճակատ կանչել նաև Ռուսաստանի անձնագիր ունեցող արդբեջանցիները:
Շատ լավ են մտածում, իհարկե, Բաքվում, ադրբեջանցիները կարող են գնալ Ռուսաստան, օգտվել այդ երկրի բարիքներից, աշխատել այն, գումար վաստակել, բիզնեսներ դնել, հանցավոր խմբավորումներ կազմել, կոռուպցիոն հսկայական համակարգեր ստեղծել, յուրացնել այդ երկրի միջոցները, բայց այ երբ պատերազմում իրենց քաղաքացիական պարտքը կատարելուն է հասնում, ապա ստոպ՝ ադրբեջանցիները արտոնյալ են, իրենց չպետք է տանեն պատերազմ:
Երկաթյա տրամաբանություն է, ինչ խոսք: Սակայն, այստեղ մենք գործ ունենք իրականությունից կտրված և իրեն երկաթյա բռունցք երևակայող կամ էլ իրեն Սարդ մարդ երևակայող Ալիևի էյֆորիկ հոգեվիճակների հե՞տ, թե՞ սա իրականում ադրբեջանա-ռուսական փոխհարաբերությունների հերթական սրումն է, որով Ալիևը փորձում է իր հրահանգիչներին ցույց տալ, տեսեք, մեզ մոտ հակառուսական տրամադրություններ են, մենք Ռուսաստանին ճնշում ենք:
Պետք է հիշել, որ Ալիևը չնայած շատ հեռու է երկաթյա բռունցք ունենալուց, մինչև այն պահը, երբ դրանք չեն շոշափում իր ու իր ընտանիքի միլիարդները, չափազանց պրագմատիկ քաղաքական գործիչ է ու քաղաքագիտական կրթությունն իր օգտին ծառայեցնում է խելամտորեն: Նա վաղուց է հասկացել, եթե իր ու իր ընտանիքի երկարամյա իշխանության երկարակեցությունն ու հաստատակամ դիրքն է ուզում, ապա սեփական ընտանեկան բյուջեն ադրբեջանցիների ու Ադրբեջանի հաշվին լցնելուց բացի, պիտի ամրացնի Ադրբեջանն ու այդպիսով ամրագրի նաև իր ու իր ընտանիքի դիրքերը, իշխանությունն ու բնականաբար փողերը: Եվ ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի հասցեին տեղի ունեցող փոքր-ինչ հիստերիկ քայլերը հենց դրա մասին են:
Մասնավորապես, ադրբեջանական https://minval.az/-ի հետ զրույցում միլի մեջլիսի պատգամավոր Ազեր Ալլահվերանովը հայտարարել է, որ այդ համընդհանուր մոբիլիզացիան շատ մտահոգիչ է, հատկապես ՌԴ անձնագիր նոր ստացածների մասով: Տեսնես ինչո՞ւ է վերջինս անհանգստանում, թե ՌԴ քաղաքացի հանդիսացող ո՞ր անձանց է Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունը սեփական երկիրը պաշտպանելու քաղաքացիական պարտքը կատարելու «հրավեր» ուղարկելու, թե սա ՌԴ–ի հետ հերթական անգամ հարաբերությունները լարելու և արևմտյան գործընկերներից դրա դիմաց մի յուղոտ կտոր պոկելու միջոց է:
Նույն կայքում տեղեկություն կա այն մասին, որ բռնազավթված Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքում «Մշակութային և էթնիկական բազմազանություն: Պատմության դասերը, ժամանակակից մարիտահրավերներ» միջազգային ֆորումի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ: Առանձին ուշադրության է արժանի, իհարկե, հայտարարության տեքստն ու դրանում առկա մեսիջները: Մասնավորապես, միջազգային այդ ֆորումի մասնակիցները պահանջում են Ռուսաստանից՝ պատերազմ չուղարկել ազգությամբ ոչ ռուսներին: Այս պահանջի ցինիզմի ու սանձարձակության աստիճանն ուղիղ համեմատական է Արցախը ադրբեջանական հող հայտարարելուն: Հերիք չի, որ միջազգային հորջորջվող այս ֆորումի մասնակիցները թույլ են տալիս իրենց քթները խոթել այլ պետության ներքին գործերի մեջ, հրահանգել այդ պետությանը պատերազմ չուղարկել իր քաղաքացի հանդիսացող այս կամ այն ազգի ներկայացուցիչներին, դեռ անամոթաբար, ցեղասպանության ենթարկված հայերի Շուշի քաղաքում խոսում են էթնիկական բազմազանությունից, տոլերանտությունից, ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունից ու մշակութային բազմազանությունը պաշտպանելու անհրաժեշտությունից: Ադրբեջանցիների ցինիզմն ու սանձարձակությունը նորություն չէ, սակայն այդ միջզգային ֆորումին մասնակիցների ցինիկ պահվածքը մեկ ալ ուսումնասիրության առարկա է:
Սակայն հակառուսականության դոզան սրանով չի սահմանափակվում: Այսօր Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը: Վերջինիս բողոքի նոտա են հղել Ուկրաինայի Նիկոլաևսկի շրջանում տեղակայնված ՍՈԿԱՐ-ի ավտոլցակայանի վրա ԱԹՍ-ի հարվածի հետ կապված ու պահանջել են հատուկ ուշադրություն ցուցաբերել արդբեջանական օբյեկտների նկատմամբ, փոխհատուցել ֆինանսական ծախսերը:
Ինչ խոսք, Ադրբեջանի իշխանությունները շատ արագ են սանձարձակ դառնում, երբ նրանց թույլ են տալիս կարծել, թե իրենք պատերազմ են հաղթել, որը երբեք չէին հաղթի, չլինեին Փաշինյանը, սիրիացի ահաբեկիչները, Պակիստանն ու Թուրքիան, իսրայելական զինտեխնիկան ու համապատասխան մասնագետներն ու Արևմուտքի կանաչ լույսը: Բայց ռուսական կողմի՝ Ալիևի նկատմամբ ունեցած շատ փափուկ մոտեցումն էլ կարող է բավականին ցավոտ սցենարների զարգացման պատճառ դառնալ նույն Հարավային Կովկասում: Ռուսներն անշուշտ մտածելու բան ունեն, չէ որ ՌԴ՝ ծագումով ադրբեջանցի քաղաքացիները մեկ անգամ չէ, որ ցույց են տվել՝ պատրաստ են ծառայել Ադրբեջանին ի վնաս Ռուսաստանի ու եղածը դեռ բողբոջներն են՝ «ծաղիկները» հետո են լինելու:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ են Փաշինյանի դեմ ընդդիմությանը ձայն տված ընտրողների դատական հայցերը ուշանում
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան. Լուսանկար