Համացանցում բուռն քննարկումների առարկա են դարձել երեխաների «յոգայով» զբաղվող և մերսումներ իրականացնող կանանց տեսանյութերը։
Տեսանյութերում ցուցադրվող շարժումները նույնիսկ անզեն աչքով կարող են վտանգավոր թվալ երեխայի առողջության համար։ Նման ահազանգեր հնչեցնում են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև բժիշկները։
Մասնավորապես, Ռ․ Շ․-ի տեսանյութերը մեծ դիտումներ են հավաքում, իսկ դրանց վերաբերյալ մտահոգությունները՝ գնալով ավելանում։ Ահազանգողներն ընդգծում են, որ Ռ․ Շ․-ն «օգնում է» նոր ծննդաբերած կանանց հաղթահարել կրծքով կերակրման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև զբաղվում է մանկահասակ երեխաների «մերսումներով»՝ դրանք ներկայացնելով որպես մանկական յոգա։
Բժիշկները կոչ են արել Առողջապահության նախարարությանը ուսումնասիրել այս դեպքերը և, եթե երեխաների կյանքի կամ առողջության համար վտանգներ հայտնաբերվեն, ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Բացի այդ, համացանցում տարածված են նաև մեկ այլ անձի կողմից իրականացվող «մերսումների» տեսանյութեր, որտեղ կիրառվող շարժումները բավականին կոշտ են թվում, իսկ երեխայի լացն ու ճիչերը տպավորություն են ստեղծում, որ նրան ցավ են պատճառում։
Պարզելու համար, թե արդյոք նախարարությունը տեղյակ է այս խնդիրների մասին և ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել, MediaHub-ը դիմել է Առողջապահության նախարարություն։ «Շրջանառվող տեսանյութերը տեսել ենք։ Ներկայում մասնագետների հետ քննարկումների փուլում ենք։ Մեզ դիմել են նաև բժիշկներ, որոնց դիմումների հիման վրա տեսչական մարմինը համապատասխան ստուգումներ կիրականացնի»,- ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Բաց մի թողեք
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ Լուսանկարներ
Ողբերգական վթար Գեղարքունիքում, 6 ամսական տղա է կյանքից հեռացել, պայքարում են մյուսների կյանքի համար. Լուսանկար
Ողբերգական վթար Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել. Լուսանկար